Սպիտակ հիվանդություն չեխ․՝ Bílá nemoc | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Կարել Չապեկ |
Բնագիր լեզու | չեխերեն |
Առաջին ներկայացում | հունվարի 29, 1937[1] |
The White Disease |
«Սպիտակ հիվանդություն» (չեխ․՝ Bílá nemoc), Կարել Չապեկի ֆանտաստիկ պիեսը, որը նա գրել է 1937 թվականին։ Սյուժեն կառուցվել է եվրոպական պատերազմի ժամանակ բռնկված ինչ-որ անհայտ հիվանդության համաճարակի և դրա դեմ դեղամիջոցի որոնման շուրջ։
Աշխարհում մոլեգնում է նախկինում անհայտ մահացու հիվանդության համաճարակ, որը կոչվում է «սպիտակ հիվանդություն» կամ «Չենգի հիվանդություն» (հիվանդությունը հայտնաբերած չինացի բժշկի անունով), որը ազդում է 45 տարեկանից բարձր մարդկանց վրա։ Ամենուր խուճապ է։ Այնուամենայնիվ, եվրոպական երկրներից մեկի կառավարությունը՝ մարշալ-բռնապետի գլխավորությամբ (ակնարկում է Նացիստական Գերմանիան), չնայած համաճարակին, զբաղված է նվաճողական պատերազմի նախապատրաստմամբ։
Պիեսի հերոսը՝ դոկտոր Գալենը (ակնարկում է հռոմեացի հայտնի բժիշկ Գալենին), այս հիվանդության դեմ դեղամիջոց է հորինում, բայց մտադիր է բուժել ոչ թե անխտիր բոլորին, այլ միայն աղքատներին, ինչի համար հիվանդներից պահանջում է եկամտի մասին հաշվետվություն։ Նա խոստանում է բուժել բոլորին, հենց որ կառավարությունը դադարեցնի պատերազմի նախապատրաստումը։ Կառավարությունը, ձգտելով պահպանել հասարակական կարգը, հովանավորում է Գալենի նախկին գործընկերոջը, որը հարուստներին վաճառում է իբր «սպիտակ հիվանդության» դեմ դեղամիջոց, սակայն դա իրականում վերացնում է միայն հիվանդության ախտանիշները։
Միևնույն ժամանակ, երկրի կառավարությունը պատերազմ է սկսում՝ ներխուժելով հարևան փոքրիկ երկիր (ակնարկում է Չեխոսլովակիան)։ Դրան ի պատասխան՝ եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, պատերազմ են հայտարարում ագրեսորին։ Ռազմական արշավի ամենաթեժ պահին «սպիտակ հիվանդությամբ» վարակվում է բռնապետ մարշալը։ Նա կանչում է Գալենին և պահանջում է բուժել իրեն։ Գալենը նրանից պահանջում է դադարեցնել պատերազմը։ Բռնապետը նախ փորձում է համոզել բժշկին, հետո համաձայնում է։ Բժիշկը շտապում է բռնապետի նստավայր իր դեղորայքով, բայց զոհվում է ամբոխի ձեռքից, որը պատրաստ է շարունակել պատերազմը մինչև հաղթական ավարտ։
Կարել Չապեկը պիեսի վրա աշխատել է 1936 թվականի մարտից դեկտեմբեր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրան նախորդած Չեխոսլովակիայի համար դրամատիկ իրադարձությունների՝ 1938 թվականի Մյունխենի դավադրության և Չեխոսլովակիայի հետագա օկուպացիայի նախօրեին։ Պրեմիերան կայացել է 1937 թվականի հունվարի 29-ին Պրահայի Դասային թատրոնում։ Նույն թվականին պիեսը լույս է տեսել առանձին հրատարակությամբ Ֆրանտիշեկ Բորովոյի հրատարակչությունում[2], ինչպես նաև էկրանավորվել է Չեխոսլովակիայի կինոռեժիսոր Հուգո Հաասի կողմից, ով ինքն էլ կատարել է դոկտոր Գալենի գլխավոր դերը (ֆիլմի սյուժեն փոքր-ինչ տարբերվում է բնօրինակ պիեսից)։
Պիեսի առաջին ներկայացումը բարձր են գնահատել չեխ այնպիսի քննադատներ, ինչպիսիք են Յինդրժիխ Վոդակը, Յոզեֆ Տրեգերը և Վացլավ Չերնին, մյուս կողմից՝ աջ քաղաքական գործիչ Իրժի Ստրժիբրնին, ինչպես նաև ֆաշիստական Գլինկովա սլովակյան ժողովրդական կուսակցությունը խիստ քննադատության են ենթարկել պիեսը՝ այն անվանելով «վնասակար»[3]։ Մաքս Բրոդը կանխատեսել է, որ պիեսը հաջողություն կունենա արտերկրում, իսկ Թոմաս Մանը նամակ է ուղարկել Չապեկին, որտեղ բարձր է գնահատել «Սպիտակ հիվանդությունը»[3]։ Չապեկը հետագայում պիեսի համար արժանացել է պետական մրցանակի[3]։ 1937 թվականին պիեսը բեմադրվել է Լոնդոնում, բեմադրությունը լուսաբանել է «Peace News» պացիֆիստական ամսագիրը[4]։ Պիեսի եբրայերեն պրեմիերան կայացել Է Թել Ավիվի Հաբիմա թատրոնում 1938 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Մյունխենյան դավադրությունից մեկ օր առաջ[5]։