Վիկտորյա Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | 1987 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց և Հայ-Ռուսական համալսարան |
Մասնագիտացում | կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
Վիկտորյա Ալեքսանյան (1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կարճամետրաժ ֆիլմերի սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր։ Հայաստանի անկախ կինոգործիչների միության համահիմնադիր[1]։
Վիկտորյա Ալեքսանյանը սովորել է Հայ-ռուսական համալսարանի լրագրության բաժնում, այնուհետև՝ Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոցի կինոարտադրության բաժնում։ Կրթությունն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան։ Բադեն-Վյուտեմբերգյան կինոակադեմիայի կողմից ստացել է կրթաթոշակ։
Որպես լրագրող՝ աշխատել է հայաստանյան մի շարք մշակութային ամսագրերում։ Լրագրության բնագավառում մագիստրոսի կոչում ստանալուց հետո զբաղվել է գեղարվեստական բեմադրություններով[2], որպես բլոգեր և կատարող՝ Նորվեգիայում միացել է բացօթյա թատերական նախագծի, ավելի ուշ տեղափոխվել է Նյու Յորք և կինոարտադրություն ուսումնասիրել Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոցում։
2018 թվականի նոյեմբերին Գյումրիի Թումո կենտրոնում կազմակերպել է կինոարտադրության ուսուցման լաբորատորիա, որտեղ անցկացրել է մեկամսյա ինտենսիվ կրթական կինոարտադրության աշխատարան, որի արդյունքում Թումո-ի ուսանողները համատեղ ստեղծել են «Գյումրի, իմ սեր» կարճամետրաժ ֆիլմը։
Ազգային կինոկենտրոնի անկախ ֆիլմերի հանձնաժողովի կազմում 2018 թվականին պետական ֆինանսավորման մրցույթի շրջանակներում ուսումնասիրել և վերանայել է կինոնախագծերը[3]։
Ալքսանյանը Հայաստանի անկախ կինոգործիչների միության համահիմնադիրն է ու ՀԱԿՄ խորհրդի անդամ[4]։