Տարբեր հրապարակումներ և մեկնաբաններ առաջ են քաշել Վիքիպեդիայի վերջի վերաբերյալ մի շարք կանխագուշակումներ։ Մոտ 2005 թվականին, երբ Վիքիպեդիան արդեն հայտնի է դարձել, մեկը մյուսի հետևից սկսել են ի հայտ գալ դրա դատապարտվածության սցենարներ՝ հիմնված տարբեր ենթադրությունների և վարկածների վրա։ Օրինակ, ոմանք հայտարարել են Վիքիպեդիայի հոդվածների որակի անկման մասին, մինչդեռ մյուսները խոսում էին այն մասին, որ պոտենցիալ խմբագիրները հեռանում են նախագծից։ Վիքիպեդիայի վերջի կանխատեսողները ենթադրում են, որ հայտնվելու է մրցակցող կայք, որն, ի վերջո, փլուզելու է այն, կամ Վիքիպեդիայի համայնքի ներսում տարաձայնությունները հանգեցնելու են Վիքիպեդիայի՝ որպես նախագծի կործանմանը։
Որոշ կանխագուշակումներ ներկայացնում են Վիքիպեդիայի քննադատությունը ճակատագրական թերությամբ, իսկ ոմանք շարունակում են կանխատեսել, որ մեկ այլ կայքն անելու է այն, ինչ անում է Վիքիպեդիան, բայց առանց այդ ճակատագրական թերության։ Այդպիսով, այդ կայքը դառնալու է Վիքիպեդիայի կործանիչ, որը գրավելու է այն ուշադրությունը և աղբյուրները, որոնք այժմ ստանում է Վիքիպեդիան։ Գոյություն ունեն բազմաթիվ ցանցային հանրագիտարաններ, և Վիքիպեդիայի ենթադրյալ փոխարինումների թվում են եղել արդեն փակված Google Knol-ը[1][2], Wolfram|Alpha-ն[3] և AOL Owl-ը[4]։
Ավտոմատացված խմբագրումը զարգացել է տարիների ընթացքում, և որոշ լեզուներով շատ հոդվածներ այդ միջոցով են ստեղծվել։ Որոշ գիտնականներ կանխատեսում են, որ արհեստական բանականությունը և համակարգիչները կարող են աշխատել հոդվածների հետազոտման և ստեղծման ուղղությամբ[5]։
Որոշ քննադատներ մատնանշում են որոշակի խաբեությունների, սխալների, քարոզչության և այլ վատ բովանդակության վրա և պնդում են, որ լավ բովանդակության պակասը հանգեցնելու է այլ վայրերում ավելի լավ բովանդակություն գտնելուն[6][7]։
Վիքիպեդիան ներգրավում է մի քանի միլիոն կամավոր խմբագիրների ռեսուրսներ։ Տասնյակ հազարավոր մարդիկ ներդնում են բովանդակության մեծ մասը և իրականացնում են որակի վերահսկողություն և տեխնիկական սպասարկում։ 2010 թվականին նրանց թիվն անշեղորեն աճել է, սակայն երբեմն էլ կրճատվել է։ Տարբեր աղբյուրներ կանխագուշակում են, որ, ի վերջո, Վիքիպեդիայի աշխատանքին աջակցելու համար շատ քիչ խմբագիրներ են մնալու, և այն վերանալու է մասնակիցների պակասի պատճառով[6][8][9][10][11][12][13]։
Վիքիպեդիայում կան մի քանի հազար կամավոր ադմինիստրատորներ, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ, այդ թվում՝ այնպիսի ֆունկցիաներ, որոնք կատարում են ֆորումների մոդերատորները։ Քննադատները նկարագրում են նրանց գործողությունները որպես խիստ, բյուրոկրատական, կողմնակալ, անարդար կամ քմահաճ, և կանխագուշակում են, որ նման գործողությունների վերաբերյալ առաջացած վրդովմունքը հանգեցնելու է կայքի փակմանը[6][14][15]։ Նման քննադատներից ոմանք տեղյակ են ադմինիստրատորների պարտականությունների մասին, իսկ մյուսները պարզապես ենթադրում են, որ նրանք կառավարում են կայքը։
2012 թվականի տարբեր հոդվածներում հաղորդվել է, որ Անգլերեն Վիքիպեդիայում նոր ադմինիստրատորների թվի կրճատումը կարող է վերջ դնել Վիքիպեդիային[16][17]։
Մյուսները ենթադրում են, որ Վիքիպեդիայից օգտակար հոդվածների անհիմն ջնջումը կարող է կանխագուշակել դրա վերջը։ Դա հանգեցրել է Deletionpedia-յի ստեղծմանը, որն իր ցանկությամբ դադարել է գոյություն ունենալ՝ վեբ արխիվում տեղադրված իր բովանդակությամբ[18]։
The Economist ամսագրում հրապարակված 2014 թվականի միտումների վերլուծությունը ցույց է տվել, որ «Անգլերեն տարբերակի խմբագիրների թիվը վերջին յոթ տարվա ընթացքում կրճատվել է մեկ երրորդով»[19]։ Անգլերեն Վիքիպեդիայում ակտիվ խմբագիրների հեռացման գործակիցը նկարագրվել է The Economist-ի կողմից որպես զգալիորեն ավելի բարձր, քան այլ լեզուներում (ոչ անգլերեն Վիքիպեդիաներում)։ Այն հաղորդել է, որ 2008 թվականից ի վեր այլ լեզուներում «ակտիվ խմբագիրների» թիվը (նրանք, ովքեր ունեն առնվազն հինգ խմբագրումներ մեկ ամսվա ընթացքում) եղել է համեմատաբար մշտական՝ մոտ 42,000 խմբագիր, սեզոնային շեղումներով պայմանավորված թվի կրճատումներով կամ ավելացումներով։
Անգլերեն Վիքիպեդիայում ակտիվ խմբագիրների թիվը հասել է իր գագաթնակետին 2007 թվականին և կազմել է շուրջ 50,000 խմբագիր, իսկ 2014 թվականին այն նվազել է մինչև 30,000 խմբագիր[19]։ Նման արագությամբ գծային անկման դեպքում անգլերեն Վիքիպեդիայում տասնմեկ տարի հետո ակտիվ խմբագիր չի մնալու։
The Economist ամսագրում հրապարակված միտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ այլ լեզուներով (ոչ անգլերեն Վիքիպեդիաներում) ակտիվ խմբագիրների թիվը մնում է համեմատաբար մշտական՝ պահպանելով դրանց թիվը մոտավորապես 42,000 ակտիվ խմբագիրների մակարդակում։ Եվ նման հակադրությունը ցույց է տալիս այդ լեզուներով Վիքիպեդիայի արդյունավետությունը՝ վերականգնվող և կայուն հիմքի վրա ակտիվ խմբագիրների պահպանման համար[19][20]։
Ինչպես Էնդրյու Լիհը, այդպես էլ Էնդրյու Բրաունը պնդում են, որ սմարթֆոնների օգնությամբ Վիքիպեդիայի խմբագրումը դժվար է և հուսալքում է նոր պոտենցիալ մասնակիցներին[21][22]։ 2013 թվականին հրապարակված հոդվածում Թոմ Սիմոնիտը MIT Technology Review-ից ասել է, որ մի քանի տարի շարունակ Վիքիպեդիայի խմբագիրների թիվը նվազել է, և պնդել է, որ բյուրոկրատական կառուցվածքը և կանոնները դրա գործոններից են։ Սիմոնիտը պնդել է, որ որոշ վիքիպեդիստներ օգտագործում են շփոթված կանոնները և ուղեցույցներն ուրիշների նկատմամբ գերակշռելու համար և շահադիտական շահագրգռվածություն ունեն ստատուս-քվոյի պահպանման հարցում[23]։ Լիհն ասում է, որ ներկայումս գրանցված մասնակիցների միջև լուրջ տարաձայնություններ կան, թե ինչպես լուծել այդ խնդիրը։ Նա վախենում է, որ Վիքիպեդիան երկարաժամկետ ապագա կունենա, մինչդեռ Բրաունը մտավախություն ունի, որ Վիքիպեդիայի հետ կապված խնդիրները կմնան և մրցակից հանրագիտարանները չեն փոխարինի դրան[21][22]։
2015 թվականի դրությամբ նկատվել է Վիքիպեդիան համակարգիչներից դիտող մարդկանց թվի նկատելի նվազում։ Հեռախոսների ավելի լայն օգտագործումը դիտվել է որպես սպառնալիք, առնվազն դրամահավաքի համար։ Այդ ժամանակ Վիքիմեդիա Հիմնադրամը հաղորդել է տարեկան բյուջետային ծախսերին համարժեք պահուստների մասին։ Մյուս կողմից, վարձատրվող աշխատակիցների թիվը կտրուկ աճել է, ինչը նշանակում է, որ ծախսերը նույնպես աճել են[24]։