Վլադիսլավ Լիսովեց | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | Վարսահարդար, ոճաբան, հաղորդավար և հեռուստահաղորդավար |
Կայք | lisovets.ru |
Vlad Lisovets Վիքիպահեստում |
Վլադիսլավ Վասիլևիչ Լիսովեց (ռուս.՝ Владисла́в Васи́льевич Лисове́ц, օգոստոսի 9, 1972, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի ոճաբան, նորաձևության գիտակ, ռադիո և հեռուստահաղորդավար, ձեռնարկատեր, «CONTORA lisovets» գեղեցկության սրահների սեփականատեր, «LISOschool» նորաձևության դպրոցի, LISObon սրճարանի հիմնադիր։
Ծնվել և մեծացել է Բաքվում (Ադրբեջանական ԽՍՀ)։ Վլադի ծնողները երկաթուղայինններ են եղել։ Հայրը՝ Վասիլի Լիսովեցը լոկոմոտիվի մեքենավար է եղել, իսկ մայրը՝ Տատյանա Լիսովեցը երկաթուղուն կից գործող լաբորատորիայի քիմիկոս։ Ունի ավագ եղբայր[1]։ Սովորել է բալետային արվեստ և երաժշտություն։ Ստացել է «լայն պրոֆիլի վարսավիրի» կրթություն, ինչպես նաև հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն։
1994 թվականին Լիսովեցը Բաքվից տեղափոխվել է Մոսկվա։ Աշխատել է «Օստանկինո» հեռուստակենտրոնում, եղել այնպիսի խմբերի ոճաբան, ինչպիսիք են Ագաթա Քրիստին, Բլեստյաշիեն։ Աշխատել է Անիտա Ցոյի, Ժաննա Ֆրիսկեի, Վալերի Լեոնտևի, Իրինա Պոնարովսկայայի, Աբրահամ Ռուսսոյի և ուրիշների հետ՝ բազմիցս աշխատելով նաև նորաձևության ցուցադրությունների ուղղությամբ։
Ներկայումս Վլադիսլավ Լիսովեցը զբաղվում է գործարարությամբ՝ ղեկավարելով «CONTORA lisovets» գեղեցկությունների սրահների ցանցը։ 2017 թվականի սեպտեմբերին բացել է «LISObon» անունը կրող արվեստի սեփական տարածքը («LISO»-ն վերցվել է Լիսովեց ազգանունից, իսկ «bon»-ը ֆրանսերեն «լավ» բառից), որտեղ ներկայացված են ժամանակակից երիտասարդ նկարիչների ցուցադրությունները, ինչպես նաև պարբերաբար տեղի են ունենում հեռուստանախագծերի ներկայացումներ և նկարահանումներ[2]։ Բացի ներկայացումներից և վարձակալությունից, «LISObon»-ը նաև ժամանակակից սրճարան է։
Նորաձևության սեփական դպրոցի՝ «LISOschool»-ի հիմնադիրն է[3]։
2018 թվականի փետրվարից «Օքեյ, Լիսովեց» հաղորդման վարողն է, որը հեռարձակվում է «Серебряный дождь» ռադիոկայանով[4]։
2017 թվականի նոյեմբերից ռուսական «Пятница!» հեռուստաընկերության եթերում, Ռեգինա Տոդորենկոյի հետ միասին, վարել է «Մեյքափերները» հաղորդումը։ Առաջին հաղորդումը ցուցադրվել է 2018 թվականի փետրվարի 28-ին։
Նախկինում Домашний» հեռուստաընկերությամբ վարել է այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Կանացի կառուցվածք»-ը, «Նորաձևության շաբաթ»-ը և «Գեղեցկությունը պահանջում է»։ «Муз-ТВ»-ով հեռարձակվող «Ռուսական թոփ մոդել» հեռուստանախագծի ժյուրիի անդամ է։ 2012 թվականին մասնակցել է Ֆորտ Բոյար հեռուստախաղի ռուսական տարբերակին։ «Муз-ТВ» հեռուստաընկերության «Fashion Академия» ծրագրում հրավիրվել է որպես հատուկ հյուր[1]։ «Муз-ТВ»-ում եղել է նաև «Մաֆիա» հեռուստախաղի մասնակից, որտեղ Լադա Դենսի հետ միասին դարձել է առաջին եթերաշրջանի հաղթող։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Լիսովեց» հոդվածին։ |
|