Վոլֆգանգ Պրիկլոպիլ գերմ.՝ Wolfgang Přiklopil | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1962 |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա |
Մահացել է | օգոստոսի 23, 2006 (44 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | հանցագործ և էլեկտրատեխնիկ |
Աշխատավայր | Siemens? |
Wolfgang Priklopil Վիքիպահեստում |
Վոլֆգանգ Պրիկլոպիլ (գերմ.՝ Wolfgang Přiklopil, մայիսի 14, 1962, Վիեննա, Ավստրիա - օգոստոսի 23, 2006, Վիեննա, Ավստրիա), ավստրիացի հանցագործ, 1998 թվականին առևանգել է 10-ամյա Նատաշա Կամպուշին։ 8 տարի անց Կամպուշը փախել է նրա մոտից, ինչից հետո Պրիկլոպիլն ինքնասպան է եղել[1]։
Վոլֆգանգ Պրիկլոպիլը ծնվել է 1962 թվականի մայիսի 14-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[2][3]։ Նա գերմանական «Շառլահբերգ» ընկերության ներկայացուցիչ, բրենդիի արտադրությամբ զբաղվող Կառլ Պրիկլոպիլի միակ որդին էր։ Վոլֆգանգի մայրը տնային տնտեսուհի Վալտրաուդն էր[4]։
1972 թվականին Պրիկլոպիլի ընտանիքը քաղաքային բնակարանից տեղափոխվել է Շտրասհոֆ ան դըր Նորդբանում գտնվող սեփական տուն, որը ժառանգել էր Կառլը իր հորից՝ Օսկարից[5]։ 10-14 տարեկան հասակում Վոլֆգանգը սովորել է «Հաուփտշուլե Աֆրիտշգասսե» դպրոցում՝ նախատեսված զարգացման միջին մակարդակի երեխաների համար[6]։ Նա սովորել է միջակ, բայց վարքից ստացել է բարձր գնահատականներ[6]։
Մանկության տարիներին Պրիկլոպիլի մոտ ի հայտ են եկել հոգեկան շեղումներ։ Դպրոցում նա ընկերներ չուներ, քանի որ գերադասում էր մենակյաց զբաղմունքներ, օրինակ՝ ընթերցանությունը կամ փազլի հավաքումը[6]։ 13 տարեկանում ինքնուրույն ստեղծել էր պնևմատիկ զենք, որով կրակում էր ճնճղուկներին, աղավնիներին և վայրի շներին[7]։ Մինչև չափահասությունը տառապել է գիշերամիզությամբ[7]։
14 տարեկանում՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Պրիկլոպիլն ընդունվեց միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Մեկ տարի անց Վոլֆգանգը կիսատ թողեց ուսումը և սկսեց շաբաթական 25 ֆունտ աշխատավարձով աշխատել գերմանական «Siemens» էլեկտրոնային ընկերությունում[8]։ Ըստ նրա նախկին գործընկեր Էռնեստ Վինտերի՝ գործընկերները Պրիկլոպիլի վարքագծում երբեք տարօրինակություններ չեն նկատել[8][9]։
Սովորելու ընթացքում՝ 1981 թվականին, Պրիկլոպիլը Վիեննայի Մարիա Թերեզա թագուհու զորանոցում մեկնել է պարտադիր ութամսյա զինվորական ծառայության։ Նա զորանոցում ապրել է միայն վեց շաբաթ, իսկ մնացած վեցուկես ամսվա ընթացքոըն հաճախ գնացել է տուն[10]։
Պրիկլոպիլը ուսումն ավարտեց լավ գնահատականներով և ընդունվեց աշխատանքի[8]։ Սակայն ավելի ուշ նրան հեռացրին «Siemens»-ում աշխատանքից հաստիքների կրճատման պատճառով։ Նա ծառայության անցավ Վիեննայի «Kapsch» էլեկտրոնային ընկերությունում, որը սպասարկում էր ավստրիական հեռախոսակապը։ Այնտեղ աշխատել է 1983 թվականից մինչև 1991 թվականը[11]։ 1991 թվականին նա փոխեց իր բնակավայրը, որտեղ ապրում էր մոր հետ, և վերադարձավ Շտրասհոֆ ան դըր Նորդբան[12]։
Քրեական հոգեբան Մանֆրեդ Կրամպլը հայտարարել է, որ իր կարծիքով 1990-ական թվականների սկզբին Պրիկլոպիլն արդեն որոշել էր երեխա առևանգել[12]։ Կրամպլն ասել է[13]․
1998 թվականի մարտի 2-ին Պրիկլոպիլն առևանգեց տասնամյա Նատաշա Կամպուշին, որը գնում էր դպրոց[14]։ Ականատեսների խոսքերով՝ նա իր սպիտակ ֆուրգոնը կայանել էր Մելանգասսե փողոցում՝ դպրոցի դարպասներ մոտ[15]։ Համաձայն Կամպուշի խոսքերի՝ առևանգողը գտնվում էր ֆուրգոնում, իսկ երբ ինքը մոտեցավ, Պրիկլոպիլը դուրս եկավ մեքենայից, բռնեց Նատաշայի ձեռքերից և նրան նետեց ֆուրգոնը[16][17]։ Դրանից հետո Պրիկլոպիլը Կամպուշին տարավ իր տուն և փակեց 5 մ² տարածքով նկուղային տարածքում։ Այն կառուցել էր Պրիկլոպիլի պապը՝ Օսկարը, որպես ռմբապաստարան՝ միջուկային պատերազմից պաշտպանելու նպատակով[18]։
Հանցագործության ժամանակ Պրիկլոպիլին նկատել է 12-ամյա մի աղջիկ։ Նա տեսել է՝ ինչպես է տղամարդը աղջկան գցում սպիտակ ֆուրգոնի մեջ[19]։ Ոստիկանության որոշմամբ հարցաքննվել են Ավստրիայի՝ սպիտակ ֆուրգոն ունեցող բոլոր 700 վարորդները, այդ թվում՝ Պրիկլոպիլը[20]։ Վերջինս հայտարարել է, որ մարտի 2-ին տանը միայնակ է եղել, իսկ մեքենան օգտագործում է շինարարական նյութեր տեղափոխելու նպատակով[21]։
Հետաքննության ընթացքում վերանայվել են բազմաթիվ այլ վկայություններ, բայց դրանցից ոչ մեկն իսկական հանցագործին գտնելու համար արդյունք չի տվել[22]։
Առ այսօր Պրիկլոպիլի արարքի դրդապատճառը հստակ հաստատված չէ։ Կամպուշն իր հարցազրույցներում չի տալիս հստակ մեկնաբանություններ այն հարցի հետ կապված, թե արդյոք առևանգողը բռնաբարել է իրեն՝ նշելով, որ իրենց սեռական հարաբերությունները իր անձնական կյանքն են։ Սակայն Նատաշայի փախուստից հետո նրա հետ զրուցած առաջին ոստիկանը խոսել է «սեռական բռնության» մասին[23]։
Պրիկլոպիլը Կամպուշին գերության մեջ պահել է ավելի քան 8 տարի։ 2006 թվականի օգոստոսի 23-ին Կամպուշին հաջողվեց փախչել, երբ ժամը 12։53-ին՝ ըստ կենտրոնաեվրոպական ժամային գոտու։ Պրիկլոպիլին զանգահարեց իր մեքենայի հավանական գնորդը, և նա մի քանի վայրկյանով հեռացավ Կամպուշի մոտից[24]։ Նատաշան, որը մինչ այդ փոշեկուլով մաքրում էր առևանգողի «BMW 850i» մակնիշի մեքենան, միացրած թողեց փոշեկուլը և փախավ։ Նա օգնության համար դիմեց Պրիկլոպիլի հարևաններին, որից հետո նրան տարան ոստիկանություն, որտեղ էլ ճանաչեցին մարմնի սպիով և ԴՆԹ-ի թեստով[1]։
Պրիկլոպիլը, հասկանալով, որ ոստիկանությունը հետապնդում է իրեն, նետվեց վիեննական «S-Bahn» գնացքի տակ։ Նա մահացավ օգոստոսի 23-ին՝ ժամը 20։59-ին[25]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Պրիկլոպիլ» հոդվածին։ |
|