Տրիբուլե ֆր.՝ Triboulet | |
---|---|
Ծնվել է | 1479 |
Ծննդավայր | Բլուա |
Մահացել է | 1536 |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Մասնագիտություն | ծաղրածու |
Triboulet (1479–1536) Վիքիպահեստում |
Տրիբուլե (ֆր.՝ Triboulet, 1479, Բլուա - 1536, անհայտ), Ֆրանսիայի Լյուդովիկոս XII և Ֆրանցիսկ I թագավորների պալատական ծաղրածու։
Պատմությանը հայտնի են Տրիբուլե մականունով առնվազն երկու ծաղրածուներ, որոնցից մեկի մասին հայտնի է, որ ապրել է 15-րդ դարում, և որ ծառայել է Նեապոլի և Երուսաղեմի տիտղոսակիր թագավոր Ռենե Անժերսին[1]։
Համանուն մյուս ծաղրածուն ծառայել է Ֆրանսիայի թագավորներ Լյուդովիկոս XII-ին և Ֆրանցիսկ I-ին և մեծապես հայտնի է եղել։ Նրա իրական անունը Նիկոլյա Ֆերիալ է (կամ Ֆևրիալ), ծնվել է մոտավոր 1479 թվականին Բլուայում, որտեղ հաճախ էր իջևանում թագավորական արքունիքը։ Նա փոքր հասակ ուներ, գրեթե թզուկ էր, այնպես որ նրա ծաղրածու դառնալը կարծես ի սկզբանե կանխորոշված էր։ Միևնույն ժամանակ, նա չէր պատկանում այն ծաղրածուների թվին, ովքեր հիմարությամբ էին զվարճացնում մարդկանց։ Նա խելացի էր, շատ հաճախ զայրացած ու հեգնական, չնայած անհրաժեշտության դեպքում կարող էր նաև հիմար ձևանալ։
Պահպանվել է նաև նրա կերպարը՝ Ժան Կլուեի նկարում։
Ի սկզբանե Տրիբուլեն եղել է Լյուդովիկոս XII-ի ծաղրածուն, բայց նրա այդ շրջանի գործունեության մասին ոչինչ հայտնի չէ։ Նրա արարքների մասին պատմությունները վերաբերում են Ֆրանցիսկ Առաջինի շրջանին։
Այդ ժամանակաշրջանում ծաղրածուների հումորները շատ կոպիտ էին․ պալատական տղամարդկանց և կանանց քացի տալը, կամ հագուկապի մասին հումորները համարվում էին նորմալ։ Ծաղրածուներն ամբոխից առանձնանում էին իրենց արտաքին տեսքով՝ վառ գունավոր հագուստ, տարօրինակ գլխարկ, գավազան հիշեցնող չխչխկան խաղալիք։
Տրիբուլեի մասին մեր օրեր հասած բոլոր պատմությունները չեն, որ կարող ենք վստահաբար նրան վերագրել։ Ինչպես օրինակ հետևյալ պատմությունը։ Տրիբուլեին արգելված էր ծաղրել թագուհուն և պալատական կանանց, սակայն նա մշտապես խախտում էր այդ արգելքը։ Թագավորը հերթական ծաղրը լսելուց հետո որոշում է մահապատժի ենթարկել Տրիբուլեին և առաջարկում է, որ ինքն ընտրի իր համար ամենահարմար մահի տարբերակը։ Տրիբուլեն ընտրում է մահ ծերությունից։ Թագավորին ոչինչ չի մնում, քան ներել նրան[2]։
Տրիբուլեի կերպարը շատ տարածված էր արևմտաեվրոպական արվեստում։ Արդեն 16-րդ դարում Տրիբուլեն դառնում է գրական կերպար։ Առաջինը նրա մասին գրել է Բոնավանտյուր Դեպերիեն իր «Նոր զվարճանքներ և ուրախ զրույցներ» գրքում։ Ծառայելով Ֆրանցիսկ Առաջինի քրոջը, Դեպերիեն կարող էր անձամբ հանդիպած լինել ծաղրածուին, կամ շատ պատմություններ լսել նրա մասին։ Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրուել»-ի երրորդ գրքում հերոսները Տրիբուլեին են դիմում, որ ճշտեն Պանգուրը ամուսնանա, թե ոչ։ Ընդ որում Պանտագրյուելն ու Պանգուրը իրար հերթ չտալով գովաբանում էին ծաղրածուին, բայց ի վերջո երկուսն էլ հանգում են այն մտքին, որ Տրիբուլեն «խելագար է անկասկած...անփոփոխ և հոյակապ»[3]։
Տրիբուլեն Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» դրամայում գլխավոր կերպարներից մեկն է։ Վ. Հյուգոյի այդ ստեղծագործության հիման վրա Ջուզեպե Վերդին ստեղծել է իր հայտնի «Ռիգոլետո» օպերան (պրեմիերան 1851 թվականի մարտի 11-ին), որտեղ, գրաքննության պահանջով, գործողությունը տեղափոխվել է Մանտույ, իսկ Ֆրանցիսկ Առաջինը դարձել Մանտույի դուքս, իսկ Տրիբուլեն՝ Ռիգոլետո։
Տրիբուլեն Միշել Զևակոյի (1910) համանուն վեպի գլխավոր հերոսն է։
Ալեքսանդր Դյուման իր «Ասկանիո» և «Կոմսուհի դը Մոնսորո» վեպերում մի քանի դրվագներում օգտագործել է Տրիբուլեի կերպարը։ Մեր օրերում Տրիբուլեն կարմիր հագած ծաղրածու է, որը հանդիսանում է շվեյցարական Մոնթե քաղաքի դիմակահանդեսը ավանդական կերպար[4][5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիբուլե» հոդվածին։ |
|