Ցեղասպանության որբերը անգլ.՝ Orphans of the Genocide | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | վավերագրական |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Թվական | 2014 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Պարետ Մարոնյան |
Սցենարի հեղինակ | Պարետ Մարոնյան Ջեքի Աբրամյան |
Կինոընկերություն | The Armenoid Team |
Տևողություն | 90[1] րոպե |
Ցեղասպանության որբերը (անգլ.՝ Orphans of the Genocide), ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի նկարահանած ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ֆիլմի հերոսները ոճիրը վերապրածներն ու նրանց ժառանգներն են, որոնք պատմում են իրենց պատմությունները։
Ֆիլմը պատմում է Լիբանանում գտնվող Անթուրայի որբանոցի մասին, որտեղ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ապաստան էին գտել հազարավոր հայ երեխաներ։ Ֆիլմում ներառված են Մորիս Միսակ-Կելեկչյանի, Ալմաստ Պողոսյանի, Ջեք Գևորգյանի, բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկի, Քլարքի համալսարանի պրոֆեսոր Դեբորա Դուորքի հարցազրույցները։
105-ամյա Ալմաստ Պողոսյանը պատմում է ինչպես է որբացել, ինչպես է ոտքով հասել Դեր Զոր, այնուհետև հայտնվել արաբ մի ընտանիքում, որից հետո՝ Հալեպի որբանոցներից մեկում և, ի վերջո, հանգրվանել ԱՄՆ-ում։ Ալմաստի պատմությունը շարունակում է թոռը՝ Բրյուս Պողոսյանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, 2010-2014)թվականներին[2]։ Ֆիլմում օգտագործվել են նաև Ռոքֆելեր արխիվային կենտրոնի, Գերմանիայի և Դանիայի ազգային արխիվների և ԱՄՆ կոնգրեսի գրադարանի, ԱՄՆ ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և այլ կառույցների արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր։
Ֆիլմը Հեռուստատեսային արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի կողմից նոմինացվել է 2014 թվականի Սանքոսթ տարածաշրջանի «Էմմի» մրցանակաբաշխության վավերագրական-պատմական ֆիլմերի անվանակարգում[3]։
Պարետ Մարոնյանը ոգեշնչվել է ստեղծելու «Ցեղասպանության որբերը» ֆիլմը 2010 թվականին՝ The Independent-ում Ռոբերտ Ֆիսկի «Հայոց ցեղասպանության կենդանի ապացույցը» հոդվածը կարդալուց հետո։ Ֆիլմը ստեղծվել է 3,5 տարում և երկու անգամ առաջադրվել «Էմմիի»[4]։
«Ցեղասպանության որբեր» ֆիլմը ցուցադրվել է «PBS» հեռուստաալիքի կողմից, և հեռուստադիտողների թիվը գերազանցել է 12 միլիոնը[5]։
|