Ֆլորա Լիոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1878[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 15, 1958[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և St John's Wood Art School? |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Flora Lion Վիքիպահեստում |
Ֆլորա Մարգարիտ Լիոն (անգլ.՝ Flora Marguerite Lion, դեկտեմբերի 3, 1878[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 15, 1958[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ։ Լիոնը երկար ու հաջողակ կարիերա է ունեցել և հայտնի է եղել հասարակական գործիչների դիմանկարներ, բնանկարներ և որմնանկարներ ստեղծելով[2]։
Ֆլորա Լիոնը ծնվել է Լիոնդոնում՝ հրեական անգլո-ֆրանկո ընտանիքում։ Նրա ընտանիքը կապ է ունեցել Սոլոմոնների հարուստ և հրեական մշակույթով ընտանիքի հետ, այդ ընտանիքից են սերել նկարիչներ Սողոմոն Ջոզեֆ Սոլոմոնը և Լիլի Դելիսա Ջոզեֆը[3][4]: Նա 1894 թվականին սովորել է Սենթ Ջոնս Վուդի արվեստի դպրոցում, հետագա կրթությունը ստացել է 1895-1899 թվականներին Թագավորական ակադեմիայի դպրոցում, որտեղ նրա դաստիարակների թվում է եղել Ջոն Սինգեր Սարջենթը[4][5]։ Այնուհետև Լիոնը 1899-1900 թվականներին ուսումը շարունակել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում: 1900 թվականից սկսած նա մասնակցել է Թագավորական ակադեմիայի[6] ցուցահանդեսներին։ 1915 թվականին նա ամուսնացել է լրագրող և նկարիչ Ռալֆ Ամատոյի հետ, որը ընդունել է նրա ազգանունը։ Լիոնն ավելի հաջողակ նկարչուհի էր, քան Ամատոն և իր ժամանակների մի աղբյուրում նրան անվանել էին «Ֆլորա Լիոնի ամուսին»։ Սա հազվադեպ երևույթ էր այդ ժամանակներում, երբ սովորաբար կանայք ճանաչում էին ստանում իրենց ամուսինների մասնագիտությամբ: Ամատոն նաև աշխատել է որպես նրա քարտուղար և մամուլի պատասխանատու[7]։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Տեղեկատվության նախարարությունը Լիոնին հանձնարարել էր թիկունքում նկարել գործարանային տեսարաններ․ Լիոնին թույլատրվել էր նկարել Լիդսի և Բրեդֆորդի գործարաններում: Լիդսում նա նկարել է մի գործարանում, որտեղ ավանդական, աշխատատար մեթոդներով փայտե թռչող նավակներ էին կառուցում[8][9]։
Բրեդֆորդում Լիոնը նկարել է զինամթերքի գործարանում աշխատող կանանց, սակայն անսովոր կերպով պատկերել է նրանց ճաշի ընդմիջման ժամանակ՝ գործարանի ճաշարանում, որը պատերազմի տարիներին արտասովոր էր Բրիտանիայի համար[10]։ Թեև նկարում պատկերված կանանցից մի քանիսը ակնհայտորեն հոգնած են, ընդհանուր տպավորությունն այն է, որ նրանք մեծ վստահություն ունեն իրենց աշխատանքի նկատմամբ[11]։ Սա հակադրվում է այն բանի հետ, թե ինչպես է Լիոնը պատկերում տղամարդ աշխատողներին[8]։
Երկու նկարներն էլ ավարտվել են 1918 թվականին, երբ Տեղեկատվության նախարարությունը դադարել է գոյություն ունենալ, և Կայսերական ռազմական թանգարանը ստանձնել է նախարարության արվեստագետների ծրագիրը: Սակայն թանգարանը գրեթե ֆինանսական միջոցներ չի ունեցել նոր արվեստի գործեր ձեռք բերելու համար և մերժել է Լիոնի առաջարկը՝ գնել նկարները ընդամենը 150 գինեայի դիմաց։ 1927 թվականին հովանավորը, որը Լիոնից գնել էր նկարներից մեկը, ֆինանսապես աջակցել է և երկու աշխատանքներն էլ ներկայացվել են թանգարանին[10]։
Լիոնը նաև երեք կին նկարիչներից մեկն էր՝ Աննա Էյրիի և Դորոթի Կոքի հետ միասին, որոնց անունները Բրիտանական պատերազմական հուշարձանների կոմիտեն (BWMC) քննարկել է։ Սակայն կոմիտեն նրանցից և ոչ մեկից նկար չի գնել[12]։
Ֆլորա Լիոնի ուշ շրջանի հանձնարարությունների թվում մի շարք խոշոր աշխատանքներ են եղել, ներառյալ երիտասարդ Էլիզաբեթ Բոուզ-Լիոնի՝ Յորքի դքսուհու խմբային դիմանկարը՝ իր երկու զարմիկների հետ։ Նա նաև պատկերել է Իսպանիայի դեսպանի կնոջը, որի համար 1921 թվականին արժանացել է Ֆրանսիական արվեստագետների ընկերության (Société des Artistes Français)[13] արծաթե մեդալին: Նրա մյուս հայտնի աշխատանքներից է 1937 և 1940 թվականներին արած դիրիժոր Սըր Հենրի Ջոզեֆ Վուդի դիմանկարը, երկրորդ անգամ, Էլիզաբեթ Բոուզ-Լիոնի դիմանկարը, որը այդ ժամանակ արդեն Մեծ Բրիտանիայի թագավոր Ջորջ VI-ի կինն էր։ Լիոնը ակտիվորեն ներգրավված է եղել կանանց ընտրական իրավունքի շարժման մեջ և 1936 թվականին ստեղծել է կանանց սոցիալական և քաղաքական միության առաջնորդներից մեկի՝ Ֆլորա Դրումընդի դիմանկարը[4][13]։ Իր կարիերայի ընթացքում Լիոնը ունեցել է առնվազն չորս անհատական ցուցահանդես՝ 1923 թվականին Alpine Club-ում, 1929 թվականին Barbizon House-ում, 1937 թվականին Fine art society-ում և 1940 թվականին[14] Knoedler's Gallery-ում։ Լիոնի տասը դիմանկարներ ընդգրկված են Լոնդոնի Ազգային դիմանկարների պատկերասրահի հավաքածուում[6]։ Լիոնը 1949 թվականին ստացել է ոսկե մեդալ ֆրանսիական արվեստագետների ընկերության կողմից[2]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆլորա Լիոն կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորա Լիոն» հոդվածին։ |
|