Ֆրանսիական ինստիտուտ (ֆր՝. Institut français), ֆրանսիական արդյունաբերական և առևտրային հասարակական կազմակերպություն (ֆր՝. Établissements publics à caractère industriel et commercial|public industrial and commercial organization - EPIC): Հիմնադրվել է 1907 թվականին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից՝ աշխարհով մեկ ֆրանսերենի, ֆրանկոֆոնիայի, ֆրանսիական մշակույթի տարածմանը նպաստելու նպատակով։ 2011 թվականից փոխարինել է CulturesFrance նախագծին՝ իր հովանու տակ առնելով Ֆրանսիայի սահմաններից դուրս բոլոր ֆրանսիական նախագծերի իրականացմանն ուղղված աշխատանքները[2]՝ ձեռք բերելով աշխատանքի ընդլայնված ճակատ և աճած ռեսուրսներ՝ համաձայն 2010 թվականի դեկտեմբերի 30-ի No. 2010-1695 որոշման[3] և 2010 թ. հուլիսի 12-ին հավանության արժանացած օրենքի[3]։
Ղեկավարվելով Բրունո Ֆուշեի և նրան օգնող՝ գլխավոր կառավարչի տեղակալ Անն Տալինյոյի, գլխավոր քարտուղար Կլեման Բոդո-Կրեմյոյի կողմից[4]՝ Ֆրանսիական ինստիտուտը սերտորեն համագործակցում է ֆրանսիական արտասահմանյան մշակութային կազմակերպությունների լայն ցանցի հետ՝ կազմված 150 մասնաճյուղերից, դրանց գումարած Alliance françaiseի մոտավորապես հազար մասնաճյուղերը, որոնք սփռված են աշխարհով մեկ։ 2011-2014 թվականներին իրականացվել է տասնյակ դիվանագիտական առաքելությունների մշակութային ցանցերի հետ համագործակցելու փորձարարական հատուկ ծրագիր, մասնավորապես՝ Կամբոջայում,Չիլիում, Դանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում, Գանայում, Հնդկաստանում, Քուվեյթում, Մեծ Բրիտանիայում, Սենեգալում, Սերբիայում, Սինգապուրում, Սիրիայում (Սիրիայում իրականացվող ծրագիրը այդ երկրում բռնկված պատերազմական գործողությունների պատճառով առկախվել է)։
Ֆրանսիայի կառավարությունը Ֆրանսիական ինստիտուտի առջև խնդիր է դրել ամեն կերպ աջակցել ֆրանսիական մշակույթի տարածմանն ու զարգացմանը արտասահմանյան երկրներում՝ կիրառելով մշակույթի, արվեստի գործիչների փոխայցելություններ, հյուրախաղեր, աշխարհով մեկ սփռելով ֆրանսերեն գրքեր, տարածելով ֆրանսիական կինոնկարներ, տեխնոլոգիաներ, գաղափարներ, կազմակերպելով համերգներ, ցուցահանդեսներ... Ի պատասխան կառավարության հանձնարարականի՝ ինստիտուտը ֆրանսիական մշակույթի տարածման գիտական ծրագիր է մշակել և հետևողականորեն իրագործում է այն։
Ֆրանսիական ինստիտուտը խրախուսում է մշակութային միամսյակների, տասնօրյակների, շաբաթների, փառատոների կազմակերպումը՝ առանձնակի ուշադրություն նվիրելով հարավային երկրների հետ մշակութային կապերի սերտացմանը և այդ նպատակին ծառայեցնելով "Fonds Sud Cinema"-ի միջոցները, ինչպես նաև համագործակցելով կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի հետ։
Այս ամենի հետ մեկտեղ՝ Ֆրանսիական ինստիտուտը իրականացնում է նոր ձևավորված առաքելությունների աշխատակիցների ուսուցման ու վարժանքի կազմակերպմանը, ֆրանսիական միջազգային մշակութային ցանցի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքներ։
Արտասահմանյան երկրներում գործող Ֆրանսիական ինստիտուտներ