Ֆրեդերիկ Արթուր Բրիջման | |
---|---|
Կեղծանուն | Bridgman, Frederick Arthur[1] |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1847[2][3][4][…] |
Ծննդավայր | Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ |
Վախճանվել է | հունվարի 13, 1928[2][3] (80 տարեկան) |
Մահվան վայր | Ռուան[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Դիզայնի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Պոնտ-Ավենի դպրոց և օրիենտալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Robbing the Pigeon Roost (Chasing Doves)? |
Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ |
Պարգևներ | |
Frederick Arthur Bridgman Վիքիպահեստում |
Ֆրեդերիկ Արթուր Բրիջման (անգլ.՝ Frederick Arthur Bridgman, նոյեմբերի 10, 1847[2][3][4][…], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ - հունվարի 13, 1928[2][3], Ռուան[5]), ամերիկացի նկարիչ-օրիենտալիստ։
Ֆրեդերիկի հայրը ծնունդով Մասաչուսեթս նահանգից էր, եղել է թափառական բժիշկ։ Նա մահացել է, երբ Ֆրեդերիկը երեք տարեկան էր, որից հետո մայրը նրան եղբոր հետ տարել է Բոստոն, քանի որ վախեցել է հյուսիսի և հարավի միջև հակամարտության սաստկացումից (տես Ամերիկայի քաղաքացիական պատերազմ)։ Ամիսներ անց նրանք տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ «American Banknote Company»-ում Ֆրեդերիկը դարձել է փորագրիչի աշակերտ։ Չնայած հաջող գործունեությանը` նա սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել գեղանկարչությանը, Բրուքլինի արվեստի ասոցիացիայում հաճախել է երեկոյան դասերի, այնուհետև ուսանել է Դիզայնի ազգային ակադեմիայում։ 1865 և 1866 թվականներին այս ասոցիացիայում ներկայացրել է իր աշխատանքները։
1866 թվականին բրուքլինցի գործարարների ֆինանսական աջակցությամբ մեկնել է Ֆրանսիա։ Աշնանը հաճախել է Ժան Լեոն Ժերոմի ստուդիա։ Շուտով նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզի ցուցահանդեսներում։ Նրա «A Provincial Circus» նկարը 1870 թվականին Սալոնում (Ֆրանսիայի ցուցահանդես) ունեցել է մեծ հաջողություն։
1872 թվականի ձմռանից մինչև 1873 թվականն անցկացրել է Իսպանիայում և Ալժիրում։ Այս շրջանում արված աշխատանքները 1873 թվականին մեծ հաջողություն են ունեցել Սալոնում, արդյունքում նկարիչը հաջորդ ձմռանը դարձյալ Չարլզ Սփարք Փիրսի հետ այցելել է Հյուսիսային Աֆրիկա, այս անգամ` Եգիպտոս։ Այստեղ նա նկարել է հատվածներ Կահիրեի փողոցային կյանքից, իսլամական մշակույթի հուշարձանները, ինչպես նաև Նեղոսի հոսանքին հակառակ երեքուկեսամսյա ճանապարհորդության մոտիվներով սյուժեները։ 1877 թվականին Սալոնում առանձնահատուկ հայտնիություն է ունեցել «The Mummy's Funeral» նկարը։ Հայտնի դառնալով` ամուսնացել է երիտասարդ և ունևոր աղջկա` բոստոնցի Ֆլորենս Մոթ Բեյքերի հետ։
Նրա գործունեության պիկը 1881 թվականին էր, երբ անցկացվել է նրա անհատական ցուցահանդեսն «American Art Gallery»-ում, որտեղ ներկայացվել են նրա` 300-ից ավելի աշխատանքները։ Դրանից հետո Բրիջմանն ընտրվել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։
1885 թվականի ձմռանից մինչև 1886 թվականը կնոջ հետ վերադարձել է Ալժիր` ոչ միայն աշխատելու, այլև կնոջ առողջությունը վերականգնելու համար, որը տառապում էր ժառանգական նյարդաբանական հիվանդությամբ։ 1901 թվականին կինը` Ֆլորենսը, մահացել է, 3 տարի անց նա կրկին ամուսնացել է, այս անգամ` Մարթա Եգերի հետ։ 1907 թվականին նրան շնորհել են Պատվավոր Լեգեոնի շքանշանը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նրա հայտնիությունը նվազել է, և նա տեղափոխվել է Նորմանդիա, որտեղ շարունակել է գեղանկարչությամբ զբաղվել ընդհուպ մինչև իր մահը` 1928 թվականը[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Արթուր Բրիջման» հոդվածին։ |
|