Ֆրենկ Գիլմոր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1867 |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 29, 1943 (75 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան և արհմիութենական գործիչ |
Երեխա(ներ) | Ռութ Ջիլմոր |
Ֆրենկ Փարքեր Գիլմոր (մայիսի 14, 1867, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 29, 1943), ամերիկացի դրամատուրգ ու դերասան[1], «Actor's Equity» ընկերության հիմնադիր ու նախկին նախագահ։
Ծնվել է Նյու Յորքում Ջոն Փարքեր Գիլմորի և նրա դերասանուհի կնոջ՝ Էմիլիի ընտանիքում։ Ծննդյան պահին նրա ծնողները շրջագայում էին Միացյալ Նահանգներում և իրենց որդու ծնվելուց երեք շաբաթ անց վերադարձել են Մեծ Բրիտանիա[2]։ Ֆրենկ Գիլմորը կրթություն է ստացել Լոնդոնի Չիսվիկի քոլեջում և իր առաջին բեմելը կատարել է Լոնդոնում 1879 թվականին, որից հետո երեք տարի շրջագայել է բրիտանական ծայրամասերում ու կրկին վերադարձել լոնդոնյան բեմ, որտեղ մնացել է ևս հինգ տարի։ Այս ժամանակահատվածում նա բնակվել է Ջորջ Արլիսի հետ, որից հետո ևս հինգ տարի ընդմիջումներով հանդես է եկել մե՛րթ Բրիտանիայում, մե՛րթ Ամերիկայում[3]։ 17 տարեկանում դերեր էր կատարում Լիլի Լանգթրիի հետ։
Ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Լորա Մարգարետ ՄակՋիլիվրեյի հետ, որին հանդիպել է «Լեդի Ուինդերմիրի հովհարը» ներկայացման մեջ և ունեցել երկու դուստր՝ դերասանուհիներ Ռութ և Մարգալո Գիլմորներին։ Ֆրենկ Գիլմորն առաջատար դերասան էր, որի խաղընկերներն էին Միննի Ֆիսկեն, Հենրիետտա Քրոսմանը, Մերի Մեներինգը, Բերտա Կալիչը և Ջորջ Ֆոսեթը։
Գիլմորի խաղացանկը ներառում էր 1895 թվականի հոկտեմբերի 17-ին Լոնդոնի Գայիթի թատրոնում ներկայացված «Վենետիկի վաճառականը» պիեսը, որտեղ նա մարմնավորել է Բասանիոյին[4], 1902 թվականի սեպտեմբերին Լոնդոնի Հայմարքեթ թատրոնում բեմադրված «Ջերի Բանդլերի ուրվականը»[5] պիեսը և 1903 թվականի նոյեմբերին[6] Նյու Յորքի Դալի թատրոնում ներկայացված «Ճապոնացի սոխակ» պիեսը։
1890 թվականների վերջին Ջիլմորը վերադարձել է Ամերիկա և իր հետ տարել իր ընտանիքը[7]։Ընտանիքի հետ ամառն անցկացրել է Սիասկոնսետ գյուղում, որի բնակիչները հիմնականում դերասաններ էին և դարձել տեղի կազինոյի կառավարիչը։ 1913 թվականին հիմնադրել է «Actor's Equity» ընկերությունը և նկարահանել երկու համր կինոնկար՝ «Փերին ու անտունը» (1915) և «Բարձրացված քողը» (1917)։
1918-1929 թվականներին եղել է ընկերության գործադիր քարտուղարը, այնուհետև նախագահը, և զբաղեցրել այդ պաշտոնը 1929-1937 թվականների ընթացքում[8]։ 1938-1943 թվականներին եղել է «Associated Actors and Artistes of America» ընկերության միջազգային նախագահը[9]․ մասոն էր[3]։
Որպես «Actor's Equity» ընկերության նախագահ 1931 թվականի մայիսին Գիլմորն արժանացել է «American Arbitration Association» ասոցիացիայի ամենամյա ոսկե մեդալի[10][11]։
Ֆրենկ Գիլմորը մահացել է քաղցկեղից Նյու Յորքում 1943 թվականի մարտի 29-ին, 75 տարեկան հասակում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Գիլմոր» հոդվածին։ |
|