Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | մտքի կենտրոն, party political foundation in Germany? և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Գերմանիա |
Հապավում | FNF |
Հիմնադրված | մայիսի 19, 1958 |
Գլխադասային գրասենյակ | Պոտսդամ, Գերմանիա և Truman-Villa, Բաբելսբերգ, Պոտսդամ, Գերմանիա |
Գլխավոր քարտուղար | Karl-Heinz Paqué? |
Անվանված է | Ֆրիդրիխ Նաուման |
Անձնակազմ | 237 մարդ (2019)[1] |
Հիմնադիր | Թեոդոր Հոյս, Walter Erbe?, Paul Luchtenberg?, Reinhold Maier?, Hans Wolfgang Rubin? և Dorothee von Velsen? |
Կայք | freiheit.org և fnst.org |
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամ, (գերմ.՝ Friedrich Naumann Stiftung für die Freiheit), լիբերալ քաղաքականության գերմանական հիմնադրամ, որի գործունեության հիմքում ազատականությունն է։ Հիմնադրամի նպատակներից է բոլոր հետաքրքրվողներին փոխանցել ազատության, արդարության և համերաշխության գաղափարներ։ Հիմնադրամն իր հայացքներով մոտ է Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությանը (FDP)[2]։
Հիմնադրամը կրում է գերմանացի լիբերալ քաղաքական գործիչ Ֆրիդրիխ Նաումանի անունը[3]։ 2007 թվականին հիմնադրամն իր անվանումը լրացրել է «հանուն ազատության» (für die Freiheit) բառերով։
Հիմնադրամը ստեղծվել է 1958 թվականին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին նախագահ Թեոդոր Հոյսի, լիբերալ քաղաքական գործիչների և մտավորականներ Վալտեր Էրբեի, Պոլ Լուխտենբերգի, Ռայնհոլդ Մայերի, Հանս Վոլֆգանգ Ռուբինի, Դորոթի ֆոն Ֆելզենի և այլոց կողմից[4][5]։ Հիմնադրամի գործունեությունը տասնամյակների ընթացքում զգալիորեն ընդլայնվել են։ Իր արտասահմանյան աշխատանքները հիմնադրամը սկսել է 1964 թվականից, 1973 թվականիցին սկսվել է շնորհալի երեխաների ֆինանսավորումը, իսկ 1995 թվականին հիմնադրվել է Լիբերալ ինստիտուտը՝ որպես ազատական վերլուծական կենտրոն։
Հիմնադրամի կենտրոնական գրասենյակը և գտնվելու վայրը 1959 թվականից եղել է Բոննը, 1962 թվականից՝ Բադ Գոդեսբերգը, իսկ 1984 թվականից՝ Քյոնիգսվինտերը։ 2000 թվականին կենտրոնական գրասենյակը տեղափոխվել է Պոտսդամ քաղաքի Բաբելսբերգ շրջան, նախ՝ Վեբերպարկ, իսկ այնտեղից՝ 2001 թվականի ապրիլին՝ Թրուման Վիլլա պատմական շենք։ 1967 թվականից հիմնադրամը գործում է Գումերսբախի Թեոդոր Հոյսի ակադեմիայում, որը որպես ուսումնական հաստատություն դարձել է միջոցառումների անցկացման կենտրոնական վայր[6]։ 1990-ական թվականներին ուսումնական հաստատություններ կային նաև այլ քաղաքներում։
Ըստ հիմնադրամի՝ «Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը Գերմանիայի Դաշնային Հանրապետության լիբերալ քաղաքականության հիմքն է։ Այն ցանկանում է նպաստել հասարակության բոլոր ոլորտներում մարդու արժանապատվության ազատության սկզբունքի կիրառմանը և քաղաքական կրթություն տալուն Գերմանիայում, ինչպես նաև արտերկրի գործընկերների հետ միասին»[7]։
Հիմնադրամը տարածաշրջանային գրասենյակներ ունի Կենտրոնական, Արևելյան և Հարավային Եվրոպայում, Միջերկրական ծովի երկրներում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Հարավային Ասիայում և Հարավարևելյան և Արևելյան Ասիայում։ Ընդհանուր առմամբ, հիմնադրամը գործում է ավելի քան վաթսուն երկրներում։ Նրա մասնագիտացված ոլորտներն են քաղաքական կրթությունը, հաղորդակցությունը և միջազգային հարաբերությունները։ Հիմնադրամը սերտ կապեր է պահպանում Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության և Ազատական ինտերնացիոնալ միջազգային քաղաքական ֆեդերացիա հետ։
Հիմնադրամի աշխատանքների հիմնական թեմաներն են՝ Սոցիալական շուկայական տնտեսությունը, Բաց հասարակությունը, Կրթությունը, Միջազգային քաղաքականությունը, Մարդու իրավունքներ և Քաղաքացիական ազատությունները։
Լիբերալ ինստիտուտը, որը հիմնադրվել է 1995 թվականին, հիմնադրամի վերլուծական կենտրոնն է և զբաղվում է այն գործունեությամբ, թե ինչ ներդրում կարող են ունենալ ազատական գաղափարներն ու սկզբունքները ապագայի ձևավորման գործում։ Ֆրիդրիխ Նաումանի Ազատության հիմնադրամի կրթական առաքելությունն իրականացնելու համար Լիբերալ ինստիտուտը գիտության, հետազոտության և քաղաքացիական հասարակության փորձագետների հետ համատեղ մշակում է գաղափարներ ազատական քաղաքականության համար[8]։
Առաջին արտասահմանյան գրասենյակը բացվել է Թունիսում, 1963 թվականի հուլիսի 1-ին, իսկ առաջին արտասահմանյան նախագիծը սկսվել է 1964 թվականի սկզբին՝ Թունիսում մեծահասակների կրթության գործունեությամբ։ 1960-ականների վերջերին հիմնադրամն ընդլայնել էր իր գործունեությունը Լատինական Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում և Ասիայում։
Այսօր հիմնադրամը գործում է աշխարհի մոտ վաթսուն երկրում և ներկայացված է ավելի քան քառասուն երկրներում տեղի աշխատակիցներով[17]։ Ի լրումն ազատական կուսակցությունների և ցանցերի հետ դասական համագործակցության, նրանց գործունեության սպեկտրը ներառում է նաև իրավապաշտպան խմբերին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին աջակցելը, լրագրողների վերապատրաստումը և կլիմայի պաշտպանության ծրագրերի իրականացումը։
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը Հարավային Կովկասում գործում է 1996 թվականից։ Հիմնադրամի գործունեությունը սկսվել է քաղաքական կրթության ծրագրերի իրականացմամբ Ադրբեջանում, իսկ 2002 թվականին՝ Հայաստանում և Վրաստանում[18]։ 2020 թվականին հիմնադրամը գրասենյակ է բացել Երևանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամ» հոդվածին։ |
|