Գյուղ | ||
---|---|---|
Հովնանաձոր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Գյուղ | Լոռի Բերդ (համայնք) | Լոռի Բերդ համայնք[1] | |
ԲԾՄ | 1440 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▼83 մարդ (2011)[2] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Հովնանաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։
Ստեփանավան քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք, Յաղդան գյուղից 2 կմ հյուսիս-արևելք։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1440 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 39 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը շրջապատված է բարձր քարաժայռերով, սարադաշտերով, լանջերով ու սառնորակ աղբյուրներով։
Գյուղը հիմնադրվել է 1867 թվականին։ Հովնանաձոր գյուղն ունի մոտ 2 դարի պատմություն, որի մասին են վկայում գյուղի հին ծխամատյաններում նշված մարդկանց ծննդյան թվերը, որոնք ծնվել և ապրել են այդ գյուղում, ինչպես նաև գյուղի կենտրոնում գտնվող հին գերեզմանների վրա նշված տարեթվերը։ Կա մի կարծիք, ըստ որի գյուղն ունի ավելի հին պատմություն, քանի որ գյուղի արևելյան հատվածում կան գերեզմաններ, որոնք գյուղի ամենատարեցների վկայությամբ եկեղեցականների գերեզմաններ են և գտնվում են քիչ ավելի վերև գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, որի դեռևս պահպանված քարերի վրա կան հետաքրքիր նկարներ ու քանդակներ մարդկանց և կենդանիների պատկերներով[3]։
Գյուղը վերանվանվել է Հովնանաձոր 1950 թվականի ապրիլի 14-ին[4]։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։ Մեծ Ական ակունքից բխող ինքնահոս ջուրը ապահովում է գյուղի բնակչությանը խմելու ջրով։ Գյուղն ունի 1992-1993 թվականներին կառուցված բուժկետ։
Գյուղի հյուսիսարևմտյան մասում է գտնվում Սբ. Սարգիս մատուռը (19-րդ դար)։ Գյուղից քիչ հեռու՝ ձորակի մեջ, կա հին հայկական գերեզմանոց։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովնանաձորի մշտական բնակչությունը կազմել է 83, առկա բնակչությունը՝ 81 մարդ[5]։ Բնակիչերը հիմնադրման պահից մինչ օրս հայեր են[6]։ Գյուղի բնակչությունը նկատելիորեն նվազել է 1949 թվականին, երբ զգալի թվով բնակիչներ տեղափոխվել են Ստեփանավան և Վանաձոր քաղաքները և նախկին Հոկտեմբերյանի շրջանի գյուղերը[4]։
Հովնանաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գյուղի կլիման երկարատև ձմռանը ցուրտ է, իսկ կարճատև ամռանը՝ ոչ շատ տաք։ Շատ անգամ են կրկնվում կամ չորային երաշտի տարիները, կամ էլ անձրևային կարկտահարությունը։