Գյուղ | ||
---|---|---|
Մայիսյան | ||
Մայիսյանի եկեղեցին | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ | |
Մակերես | 16,7 կմ² | |
ԲԾՄ | 1660 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1908[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մայիսյան (նախկին անվանումը՝ Օրթաքիլիսա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 1 կմ հյուսիս։ Մայիսյան է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մայիսյանի մշտական բնակչությունը կազմել է 1682, առկա բնակչությունը՝ 1567 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 231 | 424[5] | 677 | 774 | 967 | 1004 | 1065 | 1210 | 1412 | 1653 | 1682[3] |
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Մայիսյանի կենտրոնում է գտնվում VII դարի Տիրանավոր Սբ. Աստվածածին եկեղեցին և Սբ. Ավետարան մատուռը, որը վերականգնվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանի կողմից ղեկավարած Լենինականի գիտա-վերականգնման արտադրության հատուկ արվեստանոցը։
Վաղեմի Տիրանավոր, այժմ Աստվածածին կոչվող եկեղեցու (տախ. XV, 3—5) պատերը մինչև թաղերի առաջին շարքը կանգուն են։ Ամբողջական թաղ պահպանվել է միայն հյուսիսային խաչաթևում։ Պատերը կարմիր սրբատաշ տուֆից են, կանոնավոր շարքերով, որոնց հորիզոնական կարանները նույնիսկ բացվածքների մոտ չեն խախտվում։ Ստորին երեք շարքը շարված է համեմատաբար ավելի մեծադիր քարերով։ Հարերի վրա կան բազմաթիվ նշանագրեր։ Հյուսիսային ճակատում պահպանվել է քիվը, որի թեքադիր մակերեսը մշակված է հյուսածո զարդանախշով։ Լուսամուտի երեսակալները նույնպես թեքադիր տաշվածքի սալեր են, հարդարված բուսական զարդամոտիվներով։
Հուշարձանի հյուսիս արևելյան անկյունում տեղադրված է ուղղանկյուն (4,05մ x 1,80մ), թաղածածկ օժանդակ սենյակ։ Կառույցը լուսավորվել է խաչաթևերի վրա բացված, դեպի ներս լայնացող լուսամուտներով։ Արևելյան լուսամուտը ներսից և դրսից շրջանաձև է, իսկ հյուսիսային և արևմտյան շրջանաձև լուսամուտները դրսից ուղղանկյուն են։ Անտարակույս է, որ ուղղանկյուն այս ձևը վերակառուցման արդյունք է, քանի որ վերաշինված օժանդակ սենյակի լուսամուտը նույնպես ուղղանկյուն է, իսկ խորանը գմբեթարդի փոխսարեն ծածկված է հորիզոնական սալով։
Արևմտյան մուտքը (1,32մ լայնությամբ) ներսից ավարտվում է կիսաշրջանաձև կամարով։ Դրսից մուտքի մանրամասներից պահպանվել են միայն որմնասյուները։ Հուշարձանը մուտք է ունեցել նաև հարավային։ խաչաթևից, վերանորոգված պատի կենտրոնում մուտքի կողային պատերից պահպանվել է երկու քար, և որմնախարիսխն էլ այդ մասում ընդհատված է։
Գմբեթատակ հիմքի անկյուններում տեղադրված որմնասյունւերով ու դեկորատիվ հարդարանքով (արևելյան պսակի և քիվի զարդանախշ) հուշարձանն ուղղակիորեն կապվում է VII դարի II կեսի շինությունների հետ' Կարմրավոր, Փարպի, Զվարթնաg։ Այս հանգամանքը թույլ է աալիս Մայիսյան գյուղի Տիրանավոր եկեղեցին դիտել որպես VII դարի II կեսի կառույց։
|