Մուլեն Ռուժում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Անրի դը Տուլուզ-Լոտրեկ[1] |
տարի | 1892[1] |
բարձրություն | 1230 միլիմետր |
լայնություն | 1410 միլիմետր |
ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ[2] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Չիկագոյի արվեստի ինստիտուտ[3] |
հավաքածու | Չիկագոյի արվեստի ինստիտուտ |
կայք | |
Ծանոթագրություններ | |
At the Moulin Rouge (Toulouse-Lautrec) Վիքիպահեստում |
«Մուլեն Ռուժում» (ֆր.՝ Au Moulin Rouge), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1892 թվականին[4]։ Յուղաներկով կտավի չափերն են 123 × 141 սմ։
Այսօր «Մուլեն Ռուժում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում[5] (Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ)։
«Մուլեն Ռուժում» ստեղծագործության կենտրոնում Անրի դը Տուլուզ-Լոտրեկը պատկերել է երեք տղամարդու և երկու կնոջ, որոնք նստած են սեղանի շուրջ՝ կաբարեում։ Նրանք բոլորը հայտնի են․ ձախ ծայրին գրող Էդուար Դյուժարդենն է և նրանից՝ ժամ-սլաքի ուղղությամբ՝ պարուհի Լա Մակարոնան, լուսանկարիչներ Պոլ Սեկոն և Մորիս Գիբերը, ու թիկունքով նստած կանկան պարող Ժաննա Ավրիլը։ Վերջինս աչքի է ընկնում իր վառ շիկակարմիր մազերով։ Դիմացի աջ հատվածում, այլ սեղանի մոտ նստած է անգլիացի պարուհի Մեյ Միլթոնը՝ վառ ներկած կարմիր շուրթերով։ Նրա դեմքը լուսավորված է բնորոշ կանաչ գույնով ու ստվերներով։ Հետին պլանի աջ կողմում իր մազերը կարգի բերող Լա Գուլյուն է՝ «Մուլեն Ռուժի» պարուհին, որը կանգնած է անհայտ կնոջ հետ։ Հետին պլանում, մի քիչ ավելի ձախ, գրեթե կենտրոնում կանգնած է նկարի հեղինակը՝ կարճահասակ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, իսկ նրա հարևանությամբ՝ բժիշկ Գաբրիել դը Սելեյրան[6]։
«Մուլեն Ռուժում» նկարը գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտի Հելեն Բյորչ Բարթլետի հավաքածուում։ Այստեղ նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1930 թվականի դեկտեմբերի 23-ին։ 2011 թվականին նկարը ցուցադրվել է Լոնդոնի Կուրտոյի արվեստի ինստիտուտում[7]։ Արվեստաբան Ջոնաթան Ջոնսն այս ստեղծագործությունն անվանել է գլուխգործոց[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլեն Ռուժում» հոդվածին։ |