Գյուղ | ||
---|---|---|
Նիզամի | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Մասիսի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 2,76 կմ² | |
ԲԾՄ | 830 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1327[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նիզամի (նախկին անվանումը՝ Վերին Նեջրլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 3 կմ, մարզկենտրոնից` 18 կմ հեռավորության վրա։
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Նեջալ Վերին, Նեջելի Վերին, Նեջերլու Վերին, Վերին Նեջերլու, Նետիս անվանումները։ Նետիս անունով հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի մոտ` 13-րդ դարում։ Նիզամի է վերանվանել 1978 թվականին և այդպես է կոչվել միջնադարյան պարսկալեզու բանաստեղծ Նիզամիի անունով։
Գյուղը տեղադրված է Միջին-արաքսյան հովտում, Հրազդան գետի ձախ ափում։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուրոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նիզամիի մշտական բնակչությունը կազմել է 1327, առկա բնակչությունը՝ 1120 մարդ[1]։ Մինչև 1989 թ. ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն[2][3]։
Նիզամիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 231 | 540[3] | 791 | 368 | 885 | 1340 | 1671 | 1342 | 1790[5] | 1257 | 1327[1] |
Գյուղն ունի առկա 457 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց, համայնքը գազաֆիկացված է։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 193 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 193 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
|