Պտղնի

Գյուղ
Պտղնի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղԿոտայքի մարզ, Երևանի գավառ և Աբովյանի շրջան
Հիմնադրված է1831 թ.
Այլ անվանումներՊյուտկնի
Մակերես6,22 կմ²
ԲԾՄ1320 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1593 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պտղնի (Հայաստան)##
Պտղնի (Հայաստան)

Պտղնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի բարձրադիր ափին։

Հիմնադրվել է 1831 թ.-ին հին լքված գյուղի տեղում։

1932 թ․ կիռարվել է Փտղնի անվանումը[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղնիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 92 278 453 581 602 1024 1063 1233 1357 1595[4]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և խաղողագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղնիի տարածքում գտնվում է կիսավեր Պտղավանքը և “Թուխ Մանուկ” մատուռը (XVII դար), Կաթողիկե եկեղեցին (VI-VII դարեր)։ Գյուղի տարածքում նշմարվում են մ.թ.ա. II-I հազարամյակի կիկլոպյան ամրոցի մնացորդներ։ Պտղնավանքը գտնվում է հնագիտական տեղանքի կենտրոնում։ Վանքը կառուցել է Մանուել Ամատունի իշխանը VI դ. վերջին և VIIդ. սկզբին։ Եկեղեցին իր չափերով շատ մեծ է և հարուստ է ճարտարապետական առանձնահատկություններով։ 606 թ. Պտղնավանքի ներկայացուցիչ Իսրայելը ստորագրել է Հայաստանի եպիսկոպոսների ու վանահայրերի միությունը հաստատող փաստաթուղթը։ Ուսումնասիրությունների հետևանքով հայտնաբերվել են ոսկե դրամներ, խեցեղեն իրեր՝ սափորներ, գինու և ցորենի մեծ կարասներ։ Պտղնավանքի տաճարը հանդիսանում է գմբեթաձև տաճարների ամենավառ օրինակը։ Կաթողիկե տաճարի գմբեթները բազմել են ամուր քանդակազարդ սյուների վրա։ Տաճարի երկարաձիգ առանցքը արևմուտք-արևելք ավարտվում է բեմով, որի երկու կողմերում պահպանվել են խորանները, բեմի դիմաց աղոթասրահ է։ Համեմատաբար լավ են պահպանվել հյուսիսային պատը և հարավային պատի արևելյան մասը։ Եկեղեցու ներսը լուսավորել են մի քանի լայն պատուհաններ։ Երեք շքամուտքները տանում են դեպի տաճար հյուսիսից, հարավից և արևմուտքից։ Պահպանվել է գմբեթի տակի միայն մեկ կամարը, որը ձգվում է հարավային պատից դեպի հյուսիսայինը։ Տաճարի ճակատային մասում պահպանվել են լուսամուտների թմբիկավոր եզրերը՝ բուսական և կենդանական զարդաքանդակներով, որոնք բնորոշ են վաղ ժամանակների հայկական ճարտարապետությանը։ Հատկապես հատկանշական է տաճարի հարավային ճակատի կենտրոնական լուսամուտի թմբեզրը։ Կլոր մեդալիոններում տեղավորված են սրբապատկերներ, իսկ կենտրոնում հրեշտակները տանում են մեդալիոն՝ Քրիստոսի պատկերով։ Հետազոտվում են երկու զարդաքանդակավոր քարեր, որոնք խիստ տարբերվում են, ինչպես բովանդակությամբ, այնպես էլ ճարտարապետական բնույթով։ Կարելի ենթադրել, որ վերը նշված քարերը տաճարի շինության ժամանակ այստեղ են բերվել ավելի վաղ ժամանակաշրջանի հուշարձան կոթողներից։ Հենապատերին խոյակների վրա բարձր ճաշակով քանդակված են դրամներ կամ դրամանիշեր՝ խաղողի և նռան վառ զարդաքանդակներով։ Պատի տաշված քարերի վրա պահպանվել է վարպետների նշանները, ինչպես դա ընդուված էր հնադարում։ Պահպանված հյուսիսային քիվի տակ քանդակված են սափորների շարք։ 1939-40-ական թթ. Տաճարը մասնակիորեն վերանորոգվել է։ Ըստ Սմբատիոնգի 1862 թ. Պտղնին ուներ արժանի հիշատակության լայն ու ընդարձակ առանց սյան եկեղեցի, նման Առաջավանի եկեղեցուն (Թալիշ գյուղ)։ Եկեղեցին (տաճարը) թե ե˚րբ ու ի˚նչ զորավոր ուժից է խոնարհվել, հայտնի չէ։ Կանգուն են մնացել միայն հյուսիսային և արևելյան պատերը։ Գրություն չկա, կա միայն հարավային պատին կից, նորակառույց եկեղեցու դռան մոտ հարմարեցված քարին գրված է «... ետ ի սուրբ աստվածածինս... ի հայկատոյմարի Չ... 1251...» և տաճարի հարավային պատի վրա գտնվող քարին կա գրված «Ես Հովակիմ ծառայ Աստուծոյ և սուրբ խաչիս...»: Ինչպես նշված է, տաճարը պատկանում է հայկական եկեղեցիների «Գմբեթավոր դահլիճ» տիպին։ Չափսերն են 13,7 մ × 29,9 մ։ Հնագետները տաճարի խոնարհվելը վերագրում են 13 -րդ դարի վերջին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժին։ Տաճարին կից (հարավային կողմի) եկեղեցին կառուցվել է հանուն սուրբ աստվածածնի 1857 թ.-ին, որի վրա արված մակագրությունից հայտնի է, որ այն կառուցվել է հիշյալ աստիճանավոր Մինասարիանցի ծախսով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Hayastani Sotsʻialistakan Khorhdayin Hanrapetutʻyan kartēz». Library of Congress, Washington, D.C. 20540 USA. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 167» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները