Սեյրան Մուշեղի Օհանյան | |
---|---|
հուլիսի 1, 1962 (62 տարեկան) | |
Ծննդավայր | ԽՍՀՄ, ԱԽՍՀ, ԼՂԻՄ, Շուշի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ (մինչև 1991թ․) Հայաստան (1991 թ․-ից) |
Զորատեսակ | Արցախի պաշտպանության բանակ և Հայաստանի ցամաքային զորքեր |
Ծառայության տարիներ | ԽՍՀՄ ԶՈՒ, 1983-1991 թվականներ, Արցախի ՊԲ, 1991-2007 թվականներ, ՀՀ ԶՈՒ, 2007-2018 թվականներ, |
Կոչում | ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ |
Հրամանատարն էր | 5-րդ բանակային կորպուս (Հայաստան) |
Պաշտոն | Արցախի ՊԲ հրամանատար, Հայաստանի ՊՆ նախարար |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ, Հայ-ադրբեջանական պատերազմ |
Կրթություն | Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան և Բաքվի հետևակային ուսումնարան |
Պարգևներ |
Սեյրան Մուշեղի Օհանյան (հուլիսի 1, 1962, Շուշի, Շուշիի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախյան պատերազմի և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, «Արցախի հերոս»[1]։
Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին Խորհրդային Միության Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Շուշի քաղաքում[1]։
1979 թվականին ավարտել է Խորհրդային Հայաստանի Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Այնուհետև սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը[1]։
Երկար տարիներ զբաղվել է ռազմական գործով, եղել է Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչ, տարբեր տարիներին մասնակցել մի շարք պատերազմների և ռազմական բախումների[1]։
Սեյրան Օհանյանը ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր։
Սեյրան Օհանյանն իր ռազմական գործունեությունը սկսել է Խորհրդային Միության զինված ուժերում՝ ավարտելով Խորհրդային Ադրբեջանի Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1983 թվականին ծառայության է ուղարկվել Արևելյան Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ։ 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։ 1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990 թվականի սեպտեմբերին՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին[1]։
Արցախյան պատերազմի սկզբին Սեյրան Օհանյանը ակտիվորեն ներգրավվել է ռազմական գործողություններին։ 1992 թվականի ապրիլին նախկին ԽՍՀՄ Զինված ուժերի (արդեն ՌԴ վերահսկողության ներքո գտնվող) 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտ քաղաքից դուրս բերելուց հետո ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, մասնակցել է տարբեր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին, այդ թվում՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությանը։ Նույն թվականի սեպտեմբերին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում ծանր վիրավորում է ստացել։ 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին[1]։
1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ 1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 1999 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, իսկ 2000 թվականի հունվարին՝ Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար[1]։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականին մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2008 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար[2]՝ նույն պաշտոնին վերանշանակվելով 2012 թվականի հունիսի 4-ին[3]։ 2013 թվականի ապրիլի 9-ից 20-ն իրականացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի գործառույթները։ Նույն թվականի ապրիլի 20-ին վերանշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում[4]։ 2014 թվականի ապրիլի 3-ից 15-ը կրկին իրականացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի գործառույթները, իսկ նույն թվականի ապրիլի 15-ին կրկին վերանշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար[1][5] և պաշտոնավարել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը։
Սեյրան Օհանյանը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմին, այդ թվում՝ նաև Շուշի քաղաքի պաշտպանության հրամանատարական աշխատանքներին[6]։
Սեյրան Օհանյանն արժանացել է Խորհրդային Միության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և այլ երկրների պարգևների ու կոչումների[7][8]։
1995 թվականին Սեյրան Օհանյանին շնորհվել է գեներալ-մայորի, 2000 թվականին՝ գեներալ-լեյտենանտի, իսկ 2007 թվականին մայիսին` գեներալ-գնդապետի զինվորական կոչումներ[1]։
Սեյրան Օհանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ, 1-ին աստիճան, «Տիգրան Մեծ», «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճան մեդալների ու շքանշանների[1][9], ինչպես նաև Արցախի Հանրապետության «Արցախի հերոս» (սեպտեմբեր 1999), Մարտական խաչ, 1-ին աստիճան, «Հանուն Շուշիի ազատագրման» մեդալների ու կոչումների[1]։
Սեյրան Օհանյանը պարգևատրվել է նաև Խորհրդային Միության «Հանուն գերազանց զինվորական ծառայության», «Անբասիր ծառայության համար», 3-րդ աստիճանի, «70 տարի ԽՍՀՄ զինված ուժեր» մեդալներով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Ժուկովի շքանշանով։
2023 թվականի փետրվարին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային Ժողովին է ներկայացրել պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր։ Սեյրան Օհանյանն անցնում է մի քրեական գործով, որով պետությանն առերևույթ պատճառվել է 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամի վնաս[10]։
Նախորդ | ԼՂՀ պաշտպանության նախարար | Հաջորդ |
Սամվել Բաբայան 1995 — 1999 |
Սեյրան Օհանյան օգոստոս, 1999 — մայիսի 11, 2007 |
Մովսես Հակոբյան մայիսի 11, 2007 — հունիսի 15, 2015 |
Նախորդ | ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ | Հաջորդ |
Միքայել Հարությունյան 1994 — ապրիլի 24, 2007 |
Սեյրան Օհանյան մայիսի 11, 2007 — ապրիլի 14, 2008 |
Յուրի Խաչատուրով ապրիլի 15, 2008 — հունվարի 31, 2009 |
Նախորդ | ՀՀ պաշտպանության նախարար | Հաջորդ |
Միքայել Հարությունյան ապրիլի 24, 2007 — ապրիլի 14, 2008 |
Սեյրան Օհանյան ապրիլի 14, 2008 — սեպտեմբերի 9, 2016 |
Վիգեն Սարգսյան հոկտեմբերի 3, 2016 - առ այսօր |
|
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյրան Օհանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյրան Օհանյան» հոդվածին։ |
|