Քերոլայն Քոքս Caroline Ann Cox, Baroness Cox of Queensbury | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 6, 1937[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոնդոնի համալսարան, Վեստմինստերի համալսարան և Նյուքասլի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և սոցիոլոգ |
Աշխատատու | Հյուսիսային Լոնդոնի համալսարան |
Ամուսին | Մյուրեյ Նյուել Քոքս |
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Ջոն Մաքնիլ Լավ[1], մայր՝ Դորոթի Իդա Բոռլանդ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Լորդերի պալատի անդամ |
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ռոբին Մայքլ Քոքս Մաքնիլ Լավ[1], Ջոնաթան Մյուրրեյ Քոքս[1] և Ֆիլիպա Ռութ Դորոթի Քոքս[1] |
![]() |
Քերոլայն Քոքս (անգլ.՝ Caroline Ann Cox, Baroness Cox of Queensbury, օրիորդական անունը՝ Քերոլայն Էնն ՄաքՆիլ Լավ, հուլիսի 6, 1937[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ։ Իրավապաշտպան։ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի դոկտոր։ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1994), Թագավորական դաշնության բուժքույրերի միության նախագահ, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության ղեկավար մարմնի անդամ և Մեծ Բրիտանիայում նույնանուն կազմակերպության նախագահ։
Քուինսբերիացի բարոնուհի Քոքսը (Baroness Cox of Queensbury) հարթֆորդցի վիրաբույժի դուստր է։ 1958 թվականից Լոնդոնի հիվանդանոցում աշխատել է բուժքույր։ 1967 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանը` ստանալով սոցիոլոգի մասնագիտությամբ գերազանցության դիպլոմ։ Հետագայում նա ստացել է նաև տնտեսագիտության մասնագետի աստիճան։
1974 թվականից եղել է Հյուսիսային Լոնդոնի պոլիտեխնիկական ինստիտուտի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչը, դասավանդել և բարձր պաշտոններ է զբաղեցրել Լոնդոնի տարբեր ուսումնական հաստատություններում։
Լորդերի պալատի անդամ է 1982 թվականից, 1986-2006 թվականներին եղել է այդ պալատի փոխխոսնակը։ Ունի սոցիալիստական[2] և քրիստոնեական հայացքներ։
Լինելով ակադեմիկոս Անդրեյ Սախարովի զինակիցը՝ Քոքսը մշտապես հետևել է նրա մարդասիրական սկզբունքներին և հայտարարել. «Ես այնտեղ եմ, որտեղ ցավ կա»։ Քոքսն այցելել է բոլոր այն երկրները, որտեղ զանգվածաբար ոտնահարվել են մարդկանց և ժողովուրդների իրավունքները։ Հաճախակի եղել է նաև ԽՍՀՄ-ում, մասնակցել մարդու իրավունքների և որբ երեխաների խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովներին։
1991 թվականի մայիսի 21-ին, Մոսկվայում Անդրեյ Սախարովի 70-ամյակին նվիրված միջազգային կոնգրեսում որպես տարբեր երկրների իրավապաշտպանների խմբի ղեկավար, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Իտալիայի և այլ երկրների գիտնականներից, գրողներից, հասարակական գործիչներից կազմավորվել է 13 հոգուց բաղկացած խումբ, որն ուղևորվել է Հայաստան։ Գորիսի շրջանի Տեղ գյուղում խումբը հանդիպել է հայ փախստականների, արձանագրել նրանց նկատմամբ ադրբեջանցիների կողմից գործադրված բռնությունների փաստեր և ներկայացրել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ու պաշտպանության նախարարության ղեկավարությանը։
Քոքսը ռազմական ուղղաթիռով շրջել և նկարահանել է Արցախի հրդեհվող ու ավերված գյուղերը և դրանք ցուցադրել Եվրոպայի, ԱՄՆ-ի հեռուստաալիքներով։ Հանդիպել է ՀՀ ղեկավարների, սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ։ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բազմիցս ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի տարբեր կողմերը։ 1992 թվականին Ստեփանակերտը ռմբահարած «Գրադ» կայանքի հրթիռների բեկորները ցույց է տվել Մոսկվայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններին, եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարներին, ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդականին։
Արցախյան պատերազմի ընթացքում Քոքսը նյութական ու բարոյական մեծ ու անգնահատելի օգնություն է ցույց տվել շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։ Զինադադարից հետո նրա ակտիվ աջակցությամբ և գերմանացի մասնագետների համագործակցությամբ՝ Ստեփանակերտում ստեղծվել է պրոթեզավորման մասնագիտացված կլինիկա, իսկ սեփական միջոցներով Ստեփանակերտում ողնաշարի վնասվածքներով հիվանդների համար հիմնադրել վերականգնողական կլինիկա։
Արցախյան պատերազմի բոլոր տարիներին և զինադադարից հետո Քոքսն ավելի քան 50 անգամ այցելել է Արցախ, համագործակցել է Զորի Բալայանի հետ։
Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Քոքսի ծառայությունները հայ ժողովրդի հանդեպ գնահատել է՝ ասելով. «Դուք մի հրեշտակ եք, իջած մեր ազգի համար»։ Քերոլայն Քոքսի մասին Բակուր Կարապետյանը գրել և 1994 թ. Երևանում հրատարակել է 188 էջից բաղկացած վիպակ՝ «Անգլուհու արցախեան ոդիսականը» խորագրով։
Քոքսի գիտական աշխատանքները վերաբերում են մարդու իրավունքների խախտումների հիմնահարցերին։ Ունի Արցախին վերաբերող երկու մենագրություն։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլայն Քոքս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |