«Your Body» (հայերեն՝ «Քո մարմինը»), ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի երգը իր «Lotus» (2012) կոչվող յոթերորդ ստուդիական ալբոմից։ Այն գրվել է Սավան Կոտեչայի, Մաքս Մարտինի, Shellback-ի և Թիֆանի Էմբերի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել են Մարտինը և Shellback-ը։ Երգը ներկայացվել է 2012 թվականի սեպտեմբերի 14-ին «Ուղիղ եթերում Ռայան Սիքրեսթի հետ» (անգլ.՝ On Air with Ryan Seacrest) ռադիոծրագրի ընթացքում, իսկ երկու օրը հետո՝ սեպտեմբերի 16-ին, այն թողարկվել է որպես «Lotus» ալբոմի առաջին սինգլ։ «Your Body»-ն պարային, էլեկտրոփոփ և R&B ժանրերի ստեղծագործություն է, որը նաև ներառում է տարրեր դաբստեպ և եվրոդենս ժանրերից։ Երգում Ագիլերան խոսում է անծանոթ տղաների հետ սեռական հարաբերությամբ զբաղվելու իր ցանկության մասին։
Երգը ստացել է տարբեր արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից ոմանք բարձր են գնահատել Ագիլերայի վոկալը, իսկ որոշներն էլ քննադատել են երգի թեման։ Երգը Միացյալ ՆահանգներիBillboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, սակայն գլխավորել է Billboard Hot Dance Club Songs հիթ շքերթը։ Միջազգային հիթ շքերթներում երգը նույնպես հաջողություն է ունեցել․ ԿանադայիCanadian Hot 100-ում այն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, իսկ Գերմանիայի, Նոր Զելանդիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների հիթ շքերթներում այն ընդգրկվել է թոփ 40-ի մեջ։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մելինա Մաթսուկասը, նկարահանվել է Լոս Անջելեսում և ներկայացվել է 2012 թվականի սեպտեմբերի 28-ին։ Տեսահոլովակում Ագիլերան որպես մի կին, ով տղամարդկանց գայթակղելուց հետո, սպանում է նրանց։ Տեսահոլովակը դրական արձագանքներ է ստացել է քննադատների կողմից, ովքեր այն համարել են Ագիլերայի լավագույն տեսահոլովակներից։ 2012 թվականի նոյեմբերի 2-ին Ագիլերան երգը կատարել է «Late Night with Jimmy Fallon» հաղորդման ժամանակ։
2011 թվականի դեկտեմբերին շշուկներ տարածվեցին, որ Ագիլերան իր նոր սինգլի և ալբոմի համար աշխատում է շվեդ հայտնի պրոդյուսեր և երգերի հեղինակ Մաքս Մարտինի հետ[1]։ 2012 թվականի հուլիսի 3-ին «Billboard» ամսագիրն հաստատեց այդ լուրը, ինչպես նաև գրեց, որ նրանց համագործակցության արդյունքում ծնված այս նոր սինգլը, «ակումբային երգ» է[2]։ Նույն ամսագրի լրագրող Էնդրյու Հեմփը գրեց, որ նրանց այս համագործակցությունը «անակնկալ» էր, քանի որ չնայած Մարտինը բավականին երկար ժամանակ աշխատել է այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների հետ, ինչպիսիք են Backstreet Boys-ը, NSYNC-ը և Բրիթնի Սփիրսը, սակայն սա նրա և Ագիլերայի առաջին համագործակցությունն է[3]։ Խոսելով Մարտինի մասին, Ագիլերան «Billboard»-ին տված հարցազրույցում նրան համարել է լեգենդար, ինչպես նաև ասել է, որ չնայած սա իրենց առաջին համագործակցությունն է, սակայն իրենք միմյանց ճանաչում են երկար տարիներ[3]։ Երգի մյուս պրոդյուսերը Shellback-ն է, ով ազգությամբ նույնպես շվեդ է և մինչ այս նախկինում չէր համագործակցել Ագիլերայի հետ[4]։
2012 թվականի օգոստոսի 23-ին երգի նախնական տարբերակը, որը կրում էր «Fuck Your Body» անվանումը, առանց Ագիլերայի կամ RCA Records լեյբլի թույլատվության հայտնվեց համացանցում[5]։ Սեպտեմբերի 12-ին երգչուհին իր Թվիթթերի էջում գրեց «Lotus» ալբոմի և «Your Body» սինգլի մասին, ինչպես նաև տեղադրեց երգի շապիկի պատկերը[6]։ Ագիլերան երգի վերջնական տարբերակը պաշտոնապես ներկայացրեց սեպտեմբերի 14-ին KIIS-FM ռադիոկայանի «Ուղիղ եթերում Ռայան Սիքրեսթի հետ» (անգլ.՝ On Air with Ryan Seacrest) ծրագրի ընթացքում, իսկ երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին[7], այն որպես ալբոմի առաջին սինգլ ուղարկվեց Միացյալ Նահանգների Contemporary hit/Rhythmic contemporary hit ռադիոկայաններին[8][9]։ Երգը iTunes Stores-ում թվային ներբեռնման համար հասանելի դարձավ սեպտեմբերի 17-ին[10], իսկ երգի երեք ռեմիքսները iTunes Stores-ում հասանելի դարձան նոյեմբերի 2-ին[11]։ Միացյալ Նահանգներում և Գերմանիայում վաճառքի է դուրս եկել նաև երգի CD-ն, որը միայն օրիգինալ տարբերակն է ներառում[12][13]։
Սինգլի շապիկի պատկերում Ագիլերայի մերկ մարմինը ծածկում է վարդագույն թափանցիկ կտոր, իսկ երգչուհին իր թևերը պարզել է դեպի վերև[14][15][16]։ MTV Buzzworthy-ի Բայրոն Ֆիլիչը հավանել էր պատկերը և այն անվանել էր «ցնցող շապիկ»[17]։ Fuse հեռուստաալիքի լրագրող Նիկոլ Ջեյմսը և «SF Weekly» թերթի լրագրող Էնդրյու Ստաուտը պատկերը համեմատել են Մերիլին Մոնրոյի «The Last Sitting» ֆոտոշարքի հետ[18][19]։ E! Online կայքի Ռեբեկա Մակետին էլ այն համարել է Ագիլերայի «Genie in a Bottle» (1999) սինգլի շապիկի վերստեղծված տարբերակը[16]։