Աբրահամ Երևանցի | |
---|---|
Ծնվել է | 1680 |
Մահացել է | 1740 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Աբրահամ Երևանցի (1680 - 1740), XVIII դարի հայ պատմագիր[1]։
Աբրահամի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Եղել է Հովհաննեսի որդին, ապրել Երևանում՝ Արևելյան Հայաստանի պարսկական ռազմական պաշտպանության կենտրոնում։ Ձեռագրի ոճը և պարզ լեզուն ցույց է տալիս, որ նա հոգևորական կամ իշխան չէր։ Եվրոպական ռազմական եզրաբանության իմացությունը, ռազմական գործողությունների մանրամասն նկարագրությունը որոշ հիմք են տալիս ենթադրելու, որ Աբրահամ Երևանցին եղել է կա՛մ զինվոր, կա՛մ փորձառու առևտրական, որն աջակցել է բանակին[1]։
Գրել է «Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թուի» երկը (հրատարակված՝ 1938, Երևան, 1977, Վենետիկ[2], Սբ Ղազարի տպարան, ռուսերեն՝ 1939)[3], որն արժեքավոր աղբյուր է Հարավային Կովկասի և թուրք-պարսկական հարաբերությունների պատմության համար։ Ընդգրկում է աֆղանների ապստամբությունից մինչև Նադիր Շահի գահակալությունը կատարված դեպքերը (1721-1736)[1]։ Առանձնապես կարևոր է գրքի 2-րդ գլուխը, որտեղ մանրամասն նկարագրված է Երևանի պաշտպանությունը 1724 թվականին։ Պարունակում է նաև հետաքրքիր տեղագրական տվյալներ Հին Երևանի մասին[4]։
«Պատմության» բնագիրը, որից ընդօրինակված է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի № 8069 ձեռագիրը, գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում։ Աբրահամ Երևանցու «Պատմությունը» տպագրվել է 1938 թվականին։ Հրատարակվել է նաև ռուսերեն (1939)[4]։
«Պատմութիւն պատերազմանցն» փոքրածավալ աշխատությունից ժամանակին օգտվել է Ղ. Ալիշանը։ 1908 թվականին Վենետիկում եղած ժամանակ այդ ձեռագրից օգտվել է նաև Լեոն։
1977 թվականին Վենետիկում հրատարակվեց «Պատմություն թագավորի Պարսից» գիրքը[4]։
Աբրահամ Երևանցին իր գիրքը բաժանել է յոթ գլուխների։ Դրանք ունեն համապատասխան վերնագրեր։ Առաջին գրքում հեղինակը պատմում է 1721-1723 թթ. պարսկա-աֆղանական և պարսկա-վրացական փոխհարաբերությունների մասին, որոնք զարգանում էին պարսիկների համար միանգամայն անբարենպաստ պայմաններում։
«Պատմութիւն պատերազմացն» աշխատության երկրորդ գլուխը, որը Աբրահամ Երևանցու գրքի ամենագլխավոր հատվածն է, վերնագրված է « Թէ որպիսի մարտիւ պատերազմի առին օսմանցիք զԵրեվան»։ Աբրահամ Երևանցին եղել է դեպքերի ժամանակակիցը։ Նա մանրամասնորեն պատմում է աֆղաններեվ զբաղված Պարսկաստանի դրության և այն մասին, թե ինչպես թուրքերն, օգտվելով առիթից, 75000-անոց զորքով 1723 թվականի ձմռանը շարժվում են դեպի Արևելյան Հայաստան։ Թուրքական զորքերի հրամանատարը եղել է Աբդուլլահ Քյոփրուլու փաշան։ Թուրքական զորքերը 1723 թվականի ձմռանը մնում են Էրզրումում։ 1724 թվականի մարտին զորքերը վերսկսում են արշավանքը Երևանի ուղղությամբ[2]։ Երևանի պարսկական զորքերի հրամանատար Միհրանին իր գերակշիռ ուժերով փորձում է հակահարված տալ թշնամուն։ Եղվարդի մոտ պարսկական զորքերը ծանր պարտություն են կրում և պատսպարվում Երևանի բերդում։ Թուրքերը Աբդուլլահ փաշայի առաջնորդությամբ շարժվում են Կարբի գյուղի վրա։ Այդ ժամանակ գյուղը խոշոր և հայաշատ բնակավայր էր։ Կարբեցիները ստիպված հպատակվում են թուրքերի, քանի որ չեն ստանում Երևանի պարսկական զորքերի օգնությունը։ Թուրքերը նաև գրավում են Վաղարշապատը, որից հետո շարժվում են դեպի Երևան։ Աբրահամ Երևանցու պատմածից պարզվում է, որ Միհրալուն ստիպված միանում է հայերին ու համատեղ կռվում քաղաքի պաշտպանության համար։ Թուրքերի գրոհները ետ են մղվում, իսկ Աբդուլլահ փաշան սուլթանից նոր համալրումներ էր խնդրում։ Սուլթանը 10.000-անոց մի նոր բանակ է ուղարկում Երևանը պաշարող ուժերին օգնության համար։ Վախեցած պարսիկները փախչում ու ամրանում են Երևանի բերդում։ Քաղաքի պաշտպանությունը մնում է միայն հայերի հույսին, որոնք պատմիչի վկայությամբ Երևանի հերոսական պաշտպանության առաջին օրերին առաջին օրերին տվել էին միայն 2000 սպանված[2]։
Դրությունն ժամ առ ժամ ծանրանում էր, անհրաժեշտ էր միավորել բոլոր ուժերը և արժանի հակահարված տալ թշնամուն։ Երևանի պաշտպանության կազմակերպիչները եղել են Հովհաննես Հուդիբեկյանը, Պողոս Քիչիբեկյանը, Կարճիկ Հովհաննեսն ու Դավիթ Միրզաջանյանը։ Գիշերը Ս. Սարգիս եկեղեցում Գրիգոր վարդապետի նախաձեռնությամբ հրավիրվում է հատուկ խորհրդակցություն։ Այդ խորհրդակցությանը մասնակցել են Երևանի անվանի քաղաքացիները, այդ թվում նաև Կոնդ թաղամասում ապրող հայ բոշաների առաջնորդները, որոնք հայտնի էին որպես անձնուրաց ու քաջակորով մարդիկ։ Քաղաքի պաշտպանության հիմնական հատվածը նրա հարավ-արևմտյան կողմն էր` Ձորագյուղը։ Երևանի պաշտպանների շարքում տիրում էր զինվորական խիստ կարգապահություն։ Թուրքական զորքերը Ձորագյուղի դեմ ձեռնարկած հարձակման ժամանակ կորցնում են 6.000 զինվոր։ Կորուստները շատ էին նաև հայերի շարքերում։ 1724 թվականի հունիսի 7-ին թուրքերին հաջողվեց խորտակել հայերի պաշտպանությունն ու գրավել քաղաքը։ Թեև թուրքերը գրավեցին Երևանը, սակայն դա նրանց վրա շատ թանկ նստեց. Երևանի պատերի տակ նրանք կորցրեցին հազարավոր զինվորներ[4]։
«Պատմութիւն պատերազմանցս» երկի հետագա փոքրածավալ գլուխներում Աբրահամ Երևանցին նկարագրում է թուրք-պարսկական կռիվները։ Իր աշխատությունն ավարտում է 7-րդ գլխով, որտեղ խոսում է պարսկական ուժերի միավորման և թուրքերի դեմ հաղթական կռիվներ մղող Նադիր Ղուլի շահի գործունեության մասին։ Գրքի այս հատվածում արժեքավոր տեղեկություններ կան Վրաստանի մասին[4]։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 41)։ ![]() |