Ալեքսանդր Պեչերսկին ծնվել է 1909 թվականի փետրվարի 22-ին Կրեմենչուգում, հրեայի ընտանիքում։ Եղել է փաստաբանի որդի։ 1915 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Որպես էլեկտրիկ աշխատել է շոգեքարշների նորոգման գործարանում[4], ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանը, ղեկավարել է գեղարվեստական ինքնագործունեության խումբ[5]։
1941 թվականի հունիսի 22-ին՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրը, Ալեքսանդր Պեչերսկին զորակոչվել է բանակ և մասնակցել ռազմական գործողություններին։ Նույն թվականի սեպտեմբերին ատեստավորվել է երկրորդ կարգի տեխնիկ-ինտենդանտի զինվորական աստիճանի համար, որ համապատասխանում է հրամանատարական կազմի «լեյտենանտ» զինվորական կոչմանը։ Որպես գործավար ծառայել է 19-րդ բանակի 596-րդ կորպուսային հրետանային գնդում[5][6]։ Որոշ տվյալներով՝ շրջապատումից դուրս է բերել վիրավոր հրամանատարին[4]։
1941 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Պեչերսկին շրջապատման մեջ է ընկել Վյազմայի մոտ, վիրավորվել և գերի ընկել գերմանացիների մոտ։ Գերության ընթացքում հիվանդացել է տիֆով, սակայն ապաքինվել է։
1942 թվականի մայիսին չորս այլ կալանավորների հետ փորձել է փախչել գերությունից։ Փախուստը ձախողվել է, և նրանց ուղարկել են Բորիսովում գտնվող տուգանային ճամբար, ապա Մինսկ։
Սկզբում Պեչերսկին հայտնվել է այսպես կոչված «Անտառային ճամբարում», որ գտնվում էր քաղաքից դուրս[7]։ Սակայն բժշկական զննության ժամանակ պահակներն իմացել են Պեչերսկու հրեական ծագման մասին[5][6], ինչի հետո նա հրեա այլ ռազմագերիների հետ փակվել է նկուղում, որ կոչվում էր «հրեական մառան»։ Այնտեղ նրանք տասը օր մնացել են լիակատար մթության մեջ։
1942 թվականի օգոստոսի 20-ին Պեչերսկին ուղարկվել է Մինսկում գտնվող ՍՍ «աշխատանքային ճամբար», որտեղ գտնվում էին շուրջ 500 հրեաներ Մինսկի գետտոյից, ինչպես նաև հրեա ռազմագերիներ[5]։
1943 թվականի սեպտեմբերի 18-ին հրեա կալանավորների խմբի հետ Ալեքսանդր Պեչերսկին ուղարկվել է Սոբիբոր մահվան ճամբար, ուր հասել է սեպտեմբերի 23-ին[7]։ Այնտեղ նա նախապատրաստել է կալանավորների ապստամբություն։
1943 թվականի հոկտեմբերի 14-ին Սոբիբոր մահվան ճամբարի կալանավորներն ապստամբություն են բարձրացրել։ Պեչերսկու պլանի համաձայն՝ կալանավորները պետք է մեկ-մեկ լիկվիդացնեին ճամբարի անձնակազմին, ապա վերցնեն պահեստում պահվող զենքերն ու կոտորեին պահակախմբին։ Պլանը հաջողվել է իրականացնել միայն մասամբ. կալանավորները կարողացել են սպանել 12 էսէսականի ճամբարի անձնակազմից, սակայն զենքի պահեստին տիրանալ չի հաջողվել։ Պահակախումբը կրակ է բացել, և կալանավորներն ստիպված են եղել ճամբարից փախչել ականապատված տարածքով։ Նրանց հաջողվել է հեռանալ անտառ[5]։
Աշխատանքային ճամբարի գրեթե 550 կալանավորներից 130-ը չեն մասնակցել ապստամբությանը (մնացել են ճամբարում), շուրջ 80 կալանավոր զոհվել են ականապատված դաշտում, իսկ 170-ը բռնվել են գերմանացիների կողմից լայնամասշտաբ որոնումների արդյունքում։ Ճամբարումն մնացածներն ու բռնվածները սպանվել են գերմանացների կողմից։
Պատերազմի ավարտին կենդանի էր ապստամբության 53 մասնակից։
Խորհրդային նախկին ռազմագերիներից ութ հրեայի Պեչերսկին տարել է Բելառուսիա, որտեղ նրանք միացել են պարտիզանական ջոկատներին։ 1943 թվականի հոկտեմբերի 22-ին Ալեքսանդր Պեչերսկին իր մի քանի ընկերների հետ միացել է Շորսի անվան պարտիզանական ջոկատին։ Այնտեղ նա եղել է ականահատ, մինչ խորհրդային զորքերն ազատագրել են Բելառուսիան[7]։ Մյուսները միացել են Ֆրունզեի անվան ջոկատին։ Պարտիզանական ջոկատի կազմում Ալեքսանդր Պեչերսկին խորտակել է գերմանական երկու էշելոն։
Կարմիր բանակին միանալուց հետո Պեչերսկին ձերբակալվել է և ուղարկվել գրոհային հրաձգային գումարտակ, որ տուգանային գումարտակի տարատեսակ էր[8][7]։
Գումարտակի հրամանատար մայոր Անդրեևը այնքան է ազդվել Սոբիբորի մասին Պեչերսկու պատմությունից, որ հակառակ գումարտակի տարածքից դուրս գալու արգելքին Պեչերսկուն թույլ է տվել մեկնել Մոսկվա՝ դիմելու «Գերմանաֆաշիստական նվաճողների ու նրանց օգնողների չարագործությունների քննման հանձնաժողովին»։
Հանձնաժողովում Պեչերսկու պատմությունը լսել են գրողներ Պավել Անտոկոլսկին և Վենիամին Կավերինը, որոնք դրա հիման վրա հրատարակել են «Ապստամբություն Սոբիբորում» ակնարկը[9]։ Պատերազմից հետո ակնարկն ընդգրկվել է «Սև գիրքը» հայտնի ժողովածուում[10], որն տպագրությունը ԽՍՀՄ-ում արգելվել է 1947 թվականին[6][11] (Ռուսաստանում առաջին անգամ տպագրվել է 2015 թվականին[12][13]):
Կռվելով Մերձբալթյան առաջին ճակատի 15-րդ գրոհային գումարտակի շարքերում՝ Ալեքսանդր Պեչերսկին ստացել է կապիտանի կոչում։ 1944 թվականի օգոստոսի 20-ին՝ Բաուցկ քաղաքի վրա հարձակման ժամանակ, ականի բեկորներից վիրավորվել է ազդրի շրջանում և չորս ամիս բուժվելուց հետո ճանաչվել հաշմանդամ։ Մարտում ցուցաբերած արիության համար 1949 թվականին ներկայացվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանի, սակայն պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով[14]։ Մերձմոսկովյան հոսպիտալում Ալեքսանդր Պեչերսկին ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Օլգա Կոտովայի հետ[4][5][6]։
Պատերազմի ավարտից հետո Ալեքսանդր Պեչերսկին վերադարձել է Դոնի Ռոստով, որտեղ բնակվում էր պատերազմից առաջ։ Որպես ադմինիստրատոր աշխատել է Երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1945 թվականին գրել է հուշեր Սոբիբորի ապստամբության մասին։ 1948 թվականին այսպես կոչված «անտոհմիկ աշխարհաքաղաքացիների» քաղաքական հետապնդումների ժամանակ Պեչերսկին կորցրել է աշխատանքը։ Դրանից հետո նա մոտ հինգ տարի չի կարողացել աշխատանք գտնել, և ընտանիքի համար ապրուստի միջոցներ վաստակել է կինը։ 1949 թվականի մայիսի 19-ին Ալեքսանդր Պեչերսկին ներկայացվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանի, սակայն նույն թվականի հունիսի 10-ին Դոնի Ռոստովի մարզինկոմ գեներալ-մայոր Գեորգի Սաֆոնովը փոխել է պարգևը «Մարտական ծառայությունների համար» մեդալով։
Ստալինի մահից հետո Պեչերսկին աշխատանքի է ընդունվել «Ростсельмаш» մեքենաշինական գործարանում[6]։
Այլ տվյալներով՝ մինչև 1955 թվականը Պեչերսկին ապրել է Մոսկվայում, որտեղ աշխատել է որպես կինոթատրոնի տնօրեն, ապա տեղափոխվել է Դոնի Ռոստավ[7]։
1963 թվականին Ալեքսանդր Պեչերսկին Սոբիբոր ճամբարի տասնմեկ պահակների դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա[7]։
Ալեքսանդր Պեչերսկին մահացել է 1990 թվականի հունվարի 19-ին։ Թաղվել է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։
Սոբիբորի ճամբարի ոչնչացման պատմությունը դարձել է Նյուրնբերգի դատավարության մի մասը։ Միջազգային դատարանը Պեչերսկուն հրավիրել է որպես վկա, սակայն խորհրդային իշխանությունները նրան թույլ չեն տվել մեկնել Գերմանիա։
Սոբիբոր ճամբարի ու այնտեղ կատարված ապստամբության մասին գրվել են մի շարք գրքեր, որոնցից են՝
«Վերադարձը ցանկալի չէ», Վ. Տոմին, Ա. Սինելնիկով (Մոսկվա, 1964, ռուսերեն)։
Ալեքսանդր Պեչերսկին 1946 թվականին հրատարակել է իդիշով «Դեր ուֆշտանդ ին Սոբիբուր» («Ապստամբություն Սոբիբորում») հուշերի գիրքը։ Նրա հուշերը տպագրվել են նաև մոսկովյան «Սովետիշ գեյմլանդ» ամսագրում (№ 12, 1973)[7]:
1987 թվականին Հոլիվուդում ռեժիսոր Ջեք Գոլդը նկարահանել է «Փախուստ Սոբիբորից» ֆիլմը Ռիչարդ Ռաշկեի համանուն գրքի հիման վրա։ Ալեքսանդր Պեչերսկու դերը ֆիլմում կատարում է Ռուտգեր Հաուերը, ով իր դերակատարման համար արժանացել է «Ոսկե գլոբուսի»։ Ֆիլմի պրեմիերային Պեչերսկին ներկա չի եղել։ Հետագայում նրա այրին ասել է, թե իշխանությունները չեն ցանկացել ձևակերպել ԱՄՆ մուտք գործելու թույլտվություն[4]։
2007 թվականին հուշատախտակ է տեղադրվել այն տան պատին, որտեղ ապրել է Պեչերսկին[4], իսկ 2015 թվականին նրա անունով է կոչվել Դոնի Ռոստովի փողոցներից մեկը[18]։
Ալեքսանդր Պեչերսկու անունն է կրում Իսրայելի Ցֆատ քաղաքի փողոցներից մեկը[6]։
2012 թվականին ստեղծվել է Ալեքսանդր Պեչերսկու հիշատակի հավերժացման նախաձեռնողական խումբ ռուս-իսրայելցի քաղաքագետ Իլյա Վասիլևի գլխավորությամբ[19]։ Խումբը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրելով Ալեքսանդր Պեչերսկուն շնորհել պետական պարգև (հետմահու)[20]։ 2012 թվականի հոկտեմբերի 16-ին խմբի ջանքերով Թել Ավիվում խմբի բացվել է Պեչերսկու հուշարձանը[21]։
2013 թվականին Դոնի Ռոստովի բնակիչներն առաջարկել են Ալեքսանդր Պեչերսկուն շնորհել Ռուսաստանի հերոսի կոչում, ինչպես արվել է Սուրեն Տաշչիևի դեպքում[22]։
2014 թվականի ամռանը՝ Ռուսաստանի պատմական միության ղեկավար և ՌԴ Պետդումայի խոսնակ Ս․ Նարիշկինին դիմելուց հետո Ալեքսանդր Պեչերսկու անունը ներառվել է պատմության դասագրքերում, իսկ նույն թվականի վերջին Ռուսաստանի փոստը թողարկել է ապստամբության թեմային նվիրված նամականիշ[24]։
2016 թվականի հունվարին Ալեքսանդր Պեչերսկու հիշատակի հավերժացման նախաձեռնողական խմբի դիմումը հավանության է արժանացել և Վլադիմիր Պուտինի հրամանով Ալեքսանդր Պեչերսկին հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով[25]։
1989 – «Ապստոմբություն Սոբիբորում», խորհրդա-հոլանդական համատեղ ֆիլմ՝ նկարահանված Սանկտ Պետերբուրգի վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ Համառեժիսորներ՝ Պավել Կոգան և Լիլի Վան դեն Բերգ (վերջինիս ծնողները զոհվել են Սոբիբորում)։ Ամստերդամի միջազգային կինոփառատոնում ֆիլմն ստացել է Յ․ Իվենսի անվան մրցանակ։
2001 – «Սոբիբոր, 1943 թվականի 14 հոկտեմբերի, 16 ժամ», ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Լանցմանի ֆիլմը, ներկայացվել է Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում։
2013 – «Լեյտենանտ Պեչերսկին Սոբիբորից», Լեոնիդ Մլեչինի վավերագրական ֆիլմը՝ նվիրված կալանավորների ապստամբության 70-ամյա տարելիցին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին ТВ Центр ալիքով։ Ֆիլմը նկարահանել է Սերգեյ Պեշկովը[26][27][28][29][30]։
2013 – «Սոբիբոր։ Չհնազանդեցվածները», ВГТРК ընկերության վավերագրական ֆիլմը Россия հեռուստաալիքի համար։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 16-ին, նվիրված է ապստամբության 70-ամյա տարելիցին։ Նկարահանել է Սերգեյ Պեշկովը[31]։
2014 – «Փախուստ նացիստական մահվան ճամբարից», Darlow Smithson Productions ընկերության վավերագրական ֆիլմը National Geographic ալիքի համար։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի մայիսին ԱՄՆ-ում։
Собибор / Сост. С. С. Виленский, Г. Б. Горбовицкий, Л. А. Терушкин. — М.: Возвращение, 2008. — 264 с. — ISBN 978-5-7157-0165-1
Печерский А. А. Восстание в Собибуровском лагере. — Ростов-на-Дону: Ростиздат, 1945. — 64 с. — 5000 экз. (Репринт: М.; Иерусалим: Мосты культуры/Гешарим, 2012)
אַלעקסאַנדער פּעטשאָרסקי. דער אופֿשטאַנד אינ סאָביבור (Александер Печёрскийдэр уфштанд ин собибур — восстание в Собиборе, идиш). Москва: издательство «Дэр эмэс» (правда), 1947. Тираж 12 тысяч экземпляров. [1]
Печерский А. А., Гейликман М. И. Александр Печерский. Прорыв в бессмертие — М.: Время, 2013. — 160 с. — ISBN 978-5-9691-0846-2.
Симкин Л. С. Полтора часа возмездия. — М.: Зебра Е, 2013. — 352 с. — ISBN 978-5-905629-27-0
Светлана Богданова, Юлия Макарова Герои Собибора. Фотолетопись. — М.: Мосты культуры, 2013.