Ալեքսեյ Ալեքսեևիչ Վենեդիկտով (ռուս.՝ Алексе́й Алексе́евич Венеди́ктов, դեկտեմբերի 18, 1955(1955-12-18), Մոսկվա, ԽՍՀՄ), հրեական ծագմամբ ռուսաստանցի լրագրող, պատմաբան, մանկավարժ, խմբագիր և հասարակական գործիչ։ 1998 թվականից մինչև 2022 թվականը եղել է «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիրը։ 2015 թվականի հոկտեմբերից «Дилетант» պատմական ամսագրի սեփականատերն է։ 2022 թվականի մարտին հաղորդումներ է թողարկում «Живой гвоздь» յութուբյան ալիքում։
Հայրը՝ Ալեքսեյ Նիկոլաևիչ Վենեդիկտովը ծնվել էր 1932 թվականի դեկտեմբերի 7-ին։ 1950 թվականին ավարտել է Ռիգայի Նախիմովյան ռազմածովային ուսումնարանը և նույն տարում ընդունվել Ս.Օ. Մակարովի անվան խաղաղօվկիանոսյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը։ 1955 թվականին էլ ավարտել է Ռիգայի թիվ 2 բարձագույն ռազմածովային ուսումնարանը (ստորջրյա լողի գծով) ու նշանակվել Հյուսիսային նավատորմի սուզանավերի 33-րդ դիվիզիայի 162-րդ բրիգադի C-91 սուզանավի վրա ծառայության։ 1955 թվականի նոյեմբերի 30-ին մահացել է փոթորկալից ծովում՝ Կամչատկայի ափերի մոտ՝ Ավաչինյան խորշում։ Լեյտենանտ Վենեդիկտովը կամավորաբար գնացել էր ամրացնելու կամրջակը, սակայն ալիքը նրան գցել էր նավից դուրս, իսկ կամրջակն ընկել էր ու հարվածել նրա գլխին։ 1955 թվականի դեկտեմբերի 3-ին թաղվել է Կրաշենիննիկովի խորշի ափին գտնվող Տարինյան գերեզմանատանը[1][2]. Ինքը Վենեդիկտովը 2005 թվականին տված հարցազրույցում պատմել է. «Հայրս մահացավ իմ ծնվելուց մեկ շաբաթ առաջ։ Նա սուզանավի սպա էր։ Մահացել է 1955 թվականին։ Մայրս մահացել է 7 տարի առաջ, մենք նրա հետ այդ մասին չենք խոսել։ Ինչ-որ կերպ ես միշտ տրվել եմ ինքս ինձ։ Ես մարդ եմ, որն ինքն իրեն ստեղծել է»[3]։ Հորական կողմից պապը եղել է Նիկոլայ Անդրիանովիչ Վենեդիկտովը։ Նա ծնվել էր 1910 թվականին, ծառայել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում։ Եղել է արդարադատության փոխգնդապետ, Ուկրաինական 2-րդ ռազմաճակատի ռազմական տրիբունալի անդամ։ Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանների շքանշանակիր[4][5]։
Մայրը՝ Էլեոնորա Աբրամովնա Դիխովիչնայան է։ Ալեքսեյ Վենեդիկտովի մանկությունն ու պատանեկությունը անցել են Պոկրովյան դարպասների շրջանում[6]։ Նրան մեծացրել է տատը՝ Նինա Աբրամովնա Դիխովիչնայան (1914—2006 թվականներ)։ Վերջինս եղել է խորհրդային հայտնի ինժեներ-կոնստրուկտոր, Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի դասախոս, Բնակելի և հասարակական շենքերի կենտրոնական գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի գլխավոր մասնագետ, Մոսկվայում «Ուկրաինա» հյուրանոցի ինժեներական կոնստրուկցիայի նախագծի հեղինակ, Ռուսաստանի վաստակավոր շինարար[6]։ Նրա նախապապը եղել է հայտնի ինժեներ-կոնստրուկտոր, Մոսկվայի լեռնային ինստիտուտի պրոֆեսոր Աբրամ Դիխովիչնին։ Նինա Աբրամովնայի եղբայրները եղել են գրող-երգիծաբան և դրամատուրգ Վլադիմիր Դիխովիչնին ( Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է հետևակում ու պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով[7]) և ճարտարապետ, պրոֆեսոր Յուրի Դիխովիչնին[8][9]։
Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի երեկոյան բաժին՝ միաժամանակ աշխատելով որպես փոստատար։
1978 թվականին ավարտելով ինստիտուտը՝ 20 տարի շարունակ աշխատել է որպես դպրոցական ուսուցիչ, որից 19-ը Մոսկվայի թիվ 875 միջնակարգ հանրակրթական դպրոցում[8]։ 1970-ական թվականների վերջին դասավանդել է նաև թիվ 177 միջնակարգ դպրոցում[10]։
«Эхо Москвы» ռադիոկայանում աշխատել է 1990 թվականի օգոստոսից։ Սկսել է թերթի վերլուծաբանի ու թղթակցի պաշտոնից (մասնավորապես նախագահ Բորիս Ելցինի ու ՌԽՍՖՀ բարձրագույն խորհրդի դիմակայության ժամանակ եղել է Սպիտակ տանը), այնուհետ դարձել քաղաքական վերլուծաբան, գլխավորել տեղեկատվական ծառայությունը և, վերջապես, 1998 թվականի փետրվարին ընտրվել ռադիոկայանի գլխավոր խմբագրի պաշտոնում։
Վենեդիկտովն այսպես է պատմել ««Эхо»-ում իր հայտնվելն ու իր առաջին աշխատանքը[11].
Առաջին փուլում հեռախոսը ավտոմատացված չէր։ Պետք էր տեսնել՝ կա զանգ, թե՝ ոչ։ Այդ իսկ պատճառով ես ընկերաբար նրանց մոտ եկա մի բան ուտելու ու խմելու, նրանք ասացին. «Մենք հիմա եթեր ունենք։ Արի դու նստի սեղանի տակ, վերցրու հեռախոսը և ստուգիր։ Եթե զանգ կա, ահա այսպես երկու մատ ես ցույց տալիս և մենք հեռախոսազանգը միացնում ենք եթերում»։ Ահա սա էր «Эхо»-ում իմ առաջին աշխատանքը։ Դա սեղանի տակ նստելն էր ու հեռախոսազանգ ստուգելը։
2001 թվականին Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Վենեդիկտովին, թե ով է նա իր աչքում, ասել է. «Թշնամիներն ուղիղ քո առաջ են, դու նրանց հետ պատերազմում ես, հետո խաղաղություն կնքում, և ամեն ինչ պարզ է։ Դավաճանին պետք է ոչնչացնել, ջախջախել։ Գիտեք Ալեքսեյ, դուք դավաճան չեք։ Դուք թշնամի եք»[12]։ Չնայած Կովկասի պատերազմի ժամանակ Ռուսաստանի նախագահի ու Ալեքսեյ Վենեդիկտովի միջև առկա բարդ հարաբերություններին, Պուտինը մի քանի ջերմ խոսք է ասել լրագրողի ու նրա գլխավորած ռադիոկայանի հասցեին։
2002 թվականից եղել է «Эхо-ТВ» հեռուստաընկերության նախագահ[13]։
2004 թվականի դրությամբ՝ նրան է պատկանել «Эхо Москвы» ՓԲԸ բաժնետոմսերի 18 %-ը[14][15]։
2006 թվականի սեպտեմբերին «Домашний» հեռուստաընկերությամբ վարել է «В круге света» հաղորդումը[16]։
2008 թվականի օգոստոսին Պուտինը ԶԼՄ 35 ղեկավարների, այդ թվում Վենեդիկտովին, հրավիրել էր Սոչի իր նստավայր և վերջինիս խիստ նկատողություն արել[12]։ Պուտինին դուր չէր եկել այն, թե ինչպես է «Эхо Москвы» ռադիոկայանը լուսաբանել Ռուս-վրացական պատերազմը։ Պուտինը հանել էր ռադիոկայանի հաղորդումների սղագրությունը, որոնց վրա հիմնված էր իր պահանջները, և հայտարարել. «Դուք ստիպված կլինեք պատասխան տալ սրա համար, Ալեքսեյ Ալեքսեևի՜չ»։ Վենեդիկտովը խոստացել է իր աշխատանքում մասամբ հաշվի առնել Պուտինի նկատողությունը։ Վենեդիկտովը նաև ասել է, որ համաձայն չէ Պուտինի բողոքներից որոշների հետ[17]։
2014 թվականի նոյեմբերին լրագրող Իլյա Ազարին տված հարցազրույցում Վենեդիկտովը հայտարարել է հետևյալը. «Ես միայն գիտեմ, որ երեք անգամ Վլադիմիր Վլադիմիրովիչը, վերջին անգամ 2012 թվականի հունվարին, թույլ չի տվել փակել «Эхо»-ն կամ ինձ հեռացնել։ 2011 թվականի դեկտեմբերին Մեդվեդևը ինձ հայտարարեց ինձ հեռացնելու մասին, իսկ դրանից երկու շաբաթ անց Պուտինն ինձ առաջարկեց դառնել իր վստահված անձը»[18]։ Վենեդիկտովը հրաժարվել է լինել Պուտինի ու Ժիրինովսկու վստահված անձը[19]։
2015 թվականի հոկտեմբերից պատմական թեմայով «Дилетант» ամսագրի սեփականատերն է[20]։
2018 թվականի հուլիսի 30-ին տելեգրամյան իր ալիքում հայտարարել էր «Эхо Москвы»-ի տնօրենների խորհրդից դուրս գալու մասին։ Վենեդիկտովի փոխարեն նրա տեղն զբաղեցրեց իր տեղակալը՝ Եկատերինա Գոդլինան[21]։
2022 թվականի մարտի 5-ին տնօրենների խորհրդի որոշմամբ Վենեդիկտովը հեռացվեց ռադիոկայանի գլխավոր խմբագրի պաշտոնից։ Դրանից անմիջապես հետո իր գոյությունը դադարեցրեց նաև «Эхо Москвы» ռադիոկայանը[22]։ Ռադիոկայանի փակվելուց հետո՝ խմբագրությունը (այդ թվում Վենեդիկտովը) սկսեց թողարկել հաղորդումները «Живой гвоздь» յութուբյան ալիքում[23]։
2022 թվականի ապրիլի 22-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Վենեդիկտովին ներառեց «օտարերկրյա գործակալների ցանկում»[24]։ Վերջինս այդ որոշումը բողոքարկել է դատարանում[25]։
Ինչպես նշում է լեզվաբանական գիտությունների թեկնածու Ա. Վ. Բոլոտնովն իր «Կարգավորիչ միջոցներն ու կառուցվածքները որպես լեզվական անհատականության հաղորդակցական ոճի արտացոլում» հետազոտության մեջ, «Ա. Ա. Վենեդիկտովը դինամիկ է իր դատողություններում, մշտապես համոզիչ շնորհիվ իր դիրքորոշման ապացուցելիության, պրոֆեսիոնալիզմի և վավերականությանն ու փաստագրմանն իր ձգտմամբ»։ Նրան բնորոշ է խոսքային ազդեցության, լսարանին հասցեականության միջոցների լայն սպեկտրի կիրառումը, որոնց թվում Ա. Վ. Բոլոտնովն առանձնացնում է տարբեր փոխաբերությունների օգտագործումը, խոսակցական և կենցաղային լեքսիկոնի կիրառումը, դարձվածքների ու դարձվածաբանության օգտագործումը, ինչպես նաև անհեթեթությունների կիրառումը։ Հարցազրույցների ժամանակ նրա կողմից շփման տարբեր մարտավարությունների կիրառումն օգնում է զրույցում ձևավորել վստահության տոնայնություն[26]։ Իր մեկ այլ աշխատությունում, որը նվիրված է սթրիմին որպես առանձին մեդիաժանր, Ա. Վ. Բոլոտնովը նշում է, որ Ալեքսեյ Վենեդիկտովն անցնում է սթրիմի ժանրին՝ բոլոր նրանց հետ կենդանի լրագրողական շփման ընթացքում, որոնք յութուբյան հարթակի իր չաթում միանում են հաղորդագրությունների փոխանակմանը։ Դա նրան հնարավորություն է տալիս մեդիահաղորդակցություններին հաղորդել «ազատ ինքնաբուխ բնույթ՝ խոսակցական կոնստրուկցիաների և ոճական տարբեր մակնշումների կիրառմամբ»[27]։
Հետազոտող Ե. Վ. Բիկովան ընդգծել է, որ Վենեդիկտովը «ցուցադրում է կորպորատիվ լոյալություն, քանի «Эхо Москвы»-ն հանդիսանում է մեդիահոլդինգի մաս, որը վերահսկվում է պետության կողմից»[28]։
«Эхо Москвы» ռադիոկայանի կառավարմանը նվիրված իր աշխատանքում հետազոտող Օ. Ի. Մոլչանովան եզրակացություն է անում, որ «Ալեքսեյ Վենեդիկտովին կարելի է անվանել արդյունավետ մենեջեր»։ Նա պնդում է, որ «եռացող էներգիան սառը ուղեղի համակցությամբ Վենեդիկտովին դարձրել են ռուսական ժուռնալիստիկայի նշանակալի կերպար», իսկ Վենեդիկտովի դիվանագիտական հատկանիշների շնորհիվ, «Эхо Москвы» ռադիոկայանին հաջողվել է պահպանել իր լիբերալ կերպարը[29]։
Ի պատասխան քննադատության, իր հարցազրույցներից մեկում Վենեդիկտովը հայտարարել է, որ «Ժուռնալիստիկան անպատասխանատու մասնագիտություն է, ես դրանում եմ և դա պնդում եմ»[30]։
Մինչև 2016 թվականը Ալեքսեյ Վենեդիկտովը եղել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ։
Մինչև 2019 թվականն էլ եղել է Ռուսաստանի ՊՆ կից հանրային խորհրդի անդամ[31]։
2016 թվականից եղել է Մոսկվայի հանրային պալատի անդամ, Հանրային պալատի նախագահի տեղակալ։ Նա նաև զբաղեցրել է Մոկվայի հանրային պալատի քաղաքացիական հասարակության զարգացման և հանրային վերահսկողության հանձնաժողովի նախագահի պաշտոնը[32]։ 2016 թվականից զբաղեցրել է նաև Մոսկվայի հանրային շտաբի՝ ընտրությունների դիտարկման հանձնախմբի ղեկավարի պաշտոնը[33][34][35]։
2019 թվականից եղել է Ռուսաստանում էլեկտրոնային քվեարկության նախաձեռնողներից և աջակիցներից մեկը[36], որի առաջմղման նպատակով օգտագործել է սեփական ռադիոկայանի եթերները։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Մոսկվայում գլխավորել է ընտրությունների դիտորդության հանրային շտաբը[37]։ 2021 թվականին ամենաշատը քննադատվել է 8-րդ գումարման Պետդումայի ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության կիրառումը։ Ընտրազանգվածի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները նշել են մի շարք խախտումների և հնարավոր ընտրակեղծարարությունների մասին[38]։ Վենեդիկտովը հերքել է մեղադրանքները և հանդես եկել Մոսկվայում էլեկտրոնային քվեարկության արդյունքների չեղարկման օգտին[39]։ Նրա փաստարկները կասկածներ են առաջացրել։ Ոմանք կարծում էին, որ լրագրողը չի հասկանում խնդրի իմաստը[40]։
«Կոռուպցիայի դեմ պայքարի» հիմնադրամը, «էլեկտրոնային քվեարկության» ներդրմանն իր մասնակցության համար, Վենեդիկտովին ներառել է «6000-ի ցանկի մեջ» (կոռուպցիոներների և պատերազմի հրահրողների ցանկ)[41]։
Իր քաղաքական աշխարհայացքը բնորոշում է որպես պահպանողական, իրեն անվանում պահպանողական, Ռոնալդ Ռեյգանի և Մարգարետ Թետչերի երկրպագու.
Ես, և բոլորը դա գիտեն, թունդ հետադիմական եմ, և քաղաքականության մեջ իմ իդեալներն են համարվում Ռեյգանը և Թետչերը, այլ ոչ լիբերալները։ Իմ առաջնակարգ լրագրողների թվում, օրինակ, Յուլյա ԼատինինանՌամզան Կադիրովի «երկրպագուներից» է։ Ինչ լիբերալիզմ. այն այստեղ չի գիշերել և չի քնել[42]։
2011-2013 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ հարցազրույց է տվել «Не дай Бог!» թերթին, որտեղ քննադատության է ենթարկել ընդդիմությանը[45]։
2022 թվականի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Կրեմենչուգի առևտրային կենտրոնի՝ ռուսական թևավոր հրթիռներով հրթիռակոծությունը չի հանդիսանում ռազմական հանցագործություն, քանի որ պատճառը հրթիռների հին լինելն ու դրանց տեխնիկական բնութագրիչներն են[46]։
Կինը՝ Ելենա Սիտնիկովան, ծնվել է 1969 թվականին Մոսկվայում։ 1992 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1993 թվականից աշխատել է «Эхо Москвы» ռադիոկայանում։ Ալեքսեյ Վենեդիկտովի հետ ամուսնացել են 1998 թվականի ապրիլին։ Ռադիոկայանում ունեցել է իր հեղինակային հաղորդումը[6][47][48]։
Որդին՝ Ալեքսեյ Վենեդիկտովը, ծնվել է 2000 թվականին։ Դեռահաս տարիքում բազմիցս մասնակցել է ռադիոկայանի հաղորդումներին[49]։ 2015 թվականի ձմռանը, երբ Մոսկվայի կենտրոնում սպանվեցԲորիս Նեմցովը, Վենեդիկտովը որդու հետ շտապ լքեց Ռուսաստանը և մեկնեց Մեծ Բրիտանիա։ Ալեքսեյը հենց Լոնդոնում է ավարտել դպրոցը։ Վենեդիկտովը հայտնել է, որ Նեմցովի սպանությունից հետո որդուն ամենուր КРА տառերով սև մեքենաներ են ուղեկցել։ Չեչնիայում այդ տառերը բացվում են որպես Կադիրով Ռամզան Ախմետովիչ։ Դպրոցն ավարտելուց հետո նրա որդին վերադարձել է տուն, սովորել հյուրանոցային բիզնեսի ուղղությամբ։ Նա էքստրեմալ սպորտի սիրահար է, ռուֆեր (արդյունաբերական զբոսաշրջության և քաղաքային հետազոտությունների սիրահար), ինչպես նաև սիրում է երթևեկել տրանսպորտային միջոցների վրա՝ սելֆիներ անելով տրամվայի տանիքից[6]։ Պարտադիր ժամկետային ծառայություն է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի 147-րդ ավիաբազայում (Մոսկվայի մարզ), չնայած մի քանի անգամ փորձել է հասնել զինվորական ծառայությունից ազատման[50]։
Ալեքսեյ Վենեդիկտովի ֆիրմային ոճը գանգուր, ցրված մազերն են, մորուքը և վանդակավոր վերնաշապիկները[51]։ Վարժ խոսում է ֆրանսերեն[47]։
2010 թվականին Վենեդիկտովը երեք անգամ ենթարկվել է լուրջ վիրահատության և կլինիկական մահ տարել, որից հետո, գործընկերների կարծիքով, դարձել է ավելի կտրուկ, արագ ու անհամբեր[6]։
2020 թվականի ապրիլին Ալեքսեյ Նավալնու նախկին մամուլի քարտուղար Աննա Վեդուտան Ալեքսեյ Վենեդիկտովին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ, որոնք, ըստ Վեդուտայի, տեղի են ունեցել 2012 թվականին[52][53]։ Բացատրելով իրավիճակը Վենեդիկտովը հայտարարել է, որ «harrasment-ի իրավունքը ներառված «Эхо Москвы»-ի կանոնադրության մեջ» և որպես օրինակ բերել ենթակայի հետ իր ամուսնությունը[54]։ Վենեդիկտովը հերքել է Վեդուտայի մեղադրանքները, սակայն ներողություն խնդրել, ինչը Վեդուտան «ծաղրանք» է անվանել[55]։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (դեկտեմբերի 3, 1999 թվական)՝ «մշակույթի ոլորտում ծառայությունների և Ռուսաստանում ռադիոհեռարձակման 75-ամյակի կապակցությամբ»[61],
Լեհաստանի Հանրապետության ծառայության ոսկե խաչ[63] (2014 թվական),
ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության պատվոգիր (2010 թվականի դեկտեմբերի 30)` «թմրանյութերի վերահսկողության մարմինների՝ իրենց առջև դրված խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերած աջակցության համար»[64],
«Ռուսաստանի ոսկե փետուր» մրցանակի դափնեկիր (1996 թվական)[65][66],
Պարգևատրվել է թեժ կետերում աշխատելիս բարձր պրոֆեսիոնալիզմի և անձնական խիզախության համար (1997 թվական)[66],
↑Болотнов Алексей ВладимировичСТРИМ КАК НОВЫЙ ГИПЕРМЕДИАЖАНР // Вестник Волгоградского государственного университета. Серия 2: Языкознание. — 2021. — В. 2. — Т. 20. — С. 111–120. — ISSN1998-9911. Архивировано из первоисточника 4 Հուլիսի 2022.