Ալֆրեդ Գուտշմիդ Hermann Gutschmid | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1831[1][2] Լոշվից, Դրեզդեն, Գերմանական միություն |
Մահացել է | մարտի 2, 1887[2] (55 տարեկան) կամ մարտի 1, 1887[1] (55 տարեկան) Տյուբինգեն, Գերմանիա[3] |
Քաղաքացիություն | Սաքսոնիայի թագավորություն |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Թյուբինգենի համալսարան, Քրիստիան-Ալբերտի համալսարան և Ենայի համալսարան |
Անդամակցություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Հայր | Hermann Otto Theodor von Gutschmid? |
Մայր | Luise Wilhelmine von Gutschmid? |
Alfred von Gutschmid Վիքիպահեստում |
Հերման Ալֆրեդ մարկիզ ֆոն Գուաշմիդ (գերմ.՝ Hermann Alfred Freiherr von Gutschmid, հուլիսի 1, 1831[1][2], Լոշվից, Դրեզդեն, Գերմանական միություն - մարտի 2, 1887[2] կամ մարտի 1, 1887[1], Տյուբինգեն, Գերմանիա[3]), գերմանացի արևելագետ, հայագետ։
Ավարտել է Բոննի համալսարանը։ Դասախոսել է Լայպցիգի, Ենայի և այլ համալսարաններում։ Լատիներեն, գերմաներեն շարադրված երկերը վերաբերում են Հին Արևելքի, Հունաստանի, Իրանի, Ասիայի ոչ սեմական ժողովուրդների պատմությանը։ Առանձին ուսումնասիրություն ունի Օսրոյենեի թագավորության, Իրանի և հարևան երկրների պատմության մասին։ Հետազոտել է Եվսեբիոս Կեսարացու «Կանոններ»-ի հրատարակությունները։ Ընդհանուր պատմությանը վերաբերող աշխատություններում երբեմն օգտագործել է հայկական սկզբնաղբյուրներ (Մովսես Խորենացի), կողմնակիորեն անդրադարձել Հին Հայաստանի պատմության առանձին հարցերին։ Հայագիտական ուսումնասիրություններն ունեն բանասիրական բնույթ և նվիրված են գլխավորապես Մովսես Խորենացու և Ագաթանգեղոսի աղբյուրագիտական քննությանը։ Խորենացու վերաբերյալ հոդվածում ենթադրել է, թե նա 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին չէ, այլ նրա անվամբ հանդես եկած մեկը, որն իր «Հայոց պատմությունը» շարադրել է 634—642 թվականների միջև։ Այս ենթադրությունը մերժել են հետագա ուսումնասիրողները։
Գուտշմիդը կարծել է, թե «Պիտոյից գրքի» թարգմանիչը Մովսես Խորենացին չէ, քանի որ այդ գրքի ոճը տարբերվում է նրա ոճից։ Պատմիչի նկատմամբ ծայրահեղ քննադատական վերաբերմունք է ցուցաբերել «Մովսես Խորենացու Հայոց պատմության արժանահավատության մասին» աշխատության մեջ։ Այստեղ Գուտշմիդը հայ պատմիչի երկում նշում է ժամանակագրական անճշտություններ, աղբյուրների անուշադիր օգտագործման դեպքեր, միտումնավոր հնարանքներ, տարբերություններ հունարեն աղբյուրների համեմատությամբ։ Սեբեոսին կից Անանունի Մար Աբաս Կատինայից վերցրած հատվածը Գուտշմիդը համարել է Խորենացու սևագրությունը։ Նման կարծիքը որոշ չափով արդյունք էր Հայոց պատմության և մատենագիտության մասին Գուտշմիդի ունեցած ոչ ճշգրիտ և ոչ լրիվ տեղեկությունների։ Դիտողությունները, միաժամանակ, նպաստել են Խորենացու երկի ավելի ճիշտ գնահատմանը։ Ագաթանգեղոսին նվիրված ուսումնասիրության մեջ համեմատել է Ագաթանգեղոսի հայերեն և հունարեն օրինակները, նշել հունարեն, օրինակի միջանկյալ հատվածները։ Գուտշմիդը գտել է, որ հայերեն օրինակը սկզբից ևեթ շարադրված է եղել հայերենով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Գուտշմիդ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 255)։ |