Անտոնիու Շամպալիմո

Անտոնիու Շամպալիմո
պորտ.՝ António de Sommer Champalimaud
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1918(1918-03-19)
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա
Մահացել էմայիսի 8, 2004(2004-05-08)[1] (86 տարեկան)
Մահվան վայրԼիսաբոն
Քաղաքացիություն Պորտուգալիա
Մայրենի լեզուպորտուգալերեն
ԿրթությունԼիսաբոնի համալսարան (անհայտ)
Մասնագիտությունբանկիր, գործարանատեր և գործարար
ԱմուսինMaria Cristina de Mello?
Պարգևներ և
մրցանակներ
Grand Cross of the Order of Entrepreneurial Merit[2] և Ծառայությունների շքանշանի Մեծ խաչի ասպետ[2]
 António Champalimaud Վիքիպահեստում

Անտոնիու դե Սոմմեր Շամպալիմո (մարտի 19, 1918(1918-03-19), Լիսաբոն, Պորտուգալիա - մայիսի 8, 2004(2004-05-08)[1], Լիսաբոն), պորտուգալացի գործարար, ֆինանսիստ և բարերար, ով իր մահվան պահին Պորտուգալիայի ամենահարուստ մարդն էր։

Նրա հարստության հիմքը ապահովագրությունն էր, բանկային գործը և ցեմենտի արտադրությունը։ 1974 թվականի Կարմիր մեխակների հեղափոխությունից հետո Շամպալիմոյի ամբողջ ֆինանսական և արդյունաբերական խումբն ազգայնացվել է, նրան աքսորել են Բրազիլիա, որտեղ յոթ տարի անցկացնելուց հետո վերադարձել է հայրենիք և վերականգնել իր բիզնեսը։

Անտոնիու Դե Սոմմեր Շամպալիմոն ծնվել է Ալտու-Դորուից ֆրանս-գերմանական ծագում ունեցող նշանավոր ընտանիքում[3]։ 19-րդ դարի սկզբին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, նրա հոր նախնիները (senors Champalimaud de Nussane) Պորտուգալիա են տեղափոխվել Ֆրանսիայից, իսկ մոր նախնիները (von Sommer բարոնները)՝ Գերմանիայից։

1941 թվականին Շամպալիմոն ամուսնացել է Մարիա Քրիստինա դա Սիլվա Ժոզե դե Մելոյի հետ։ Նա հայտնի և հարուստ ընտանիքից էր, հայրը «Grupo CUF» քիմիական ընկերության ղեկավարն էր։ Ամուսնության արդյունքում ծնվել է յոթ երեխա, սակայն 1957 թվականին, այն բանից հետո, երբ Շամպալիմոն ապահովագրության և բանկային գործի բնագավառում սկսել է մրցակցել իր կնոջ եղբայրների հետ, ամուսնությունը փլուզվել է։

Չնայած Շամպալիմոն սկսել է քիմիա ուսումնասիրել Լիսաբոնի համալսարանում, ուսումը ավարտել չի հաջողվել, քանի որ 19 տարեկանում՝ հոր մահից հետո, ստիպված է եղել գլխավորել ընտանեկան շինարարական ձեռնարկությունը։ Ավելի ուշ՝ 28 տարեկանում, նա հորեղբորից ժառանգել է «Empresa de Cimentos de Leiria» ցեմենտի մեծ բիզնեսը։ Շամպալիմոն զգալիորեն ընդլայնել է այդ ընկերությունը և մինչև 1946 թվականը Պորտուգալիայում հասել մենաշնորհին մոտ դիրքի։ Նա նաև ցեմենտի արտադրություն է հիմնել պորտուգալական գաղութներում՝ Անգոլայում և Մոզամբիկում։

1960-ականների սկզբին Անտոնիուն գնել է «Banco Pinto & Sotto Mayor» բանկը և «Confiança», «Mundial» և «Continental Resseguros» ապահովագրական ընկերությունները։ 1969 թվականին նա ստիպված է եղել փախչել Մեքսիկա, որպեսզի խուսափի հորեղբոր ընկերության բաժնետոմսերը ժառանգելու գործով ձերբակալությունից։ Շամպալիմոն կարողացել է վերադառնալ հայրենիք միայն 1973 թվականին՝ հրամանագրի չեղարկումից հետո։

1975 թվականին՝ Կարմիր մեխակների հեղափոխությունից մեկ տարի անց, Անտոնիուի ընկերություններն ազգայնացվել են նոր կառավարության կողմից։ Նա սկզբում արտագաղթել է Ֆրանսիա, հետո՝ Բրազիլիա, որտեղ ամեն ինչ սկսել է զրոյից։ 1992 թվականին վերադարձել է Պորտուգալիա և սկսել հետ գնել իր նախկին ընկերությունները։

Կյանքի ավարտին Շամպալիմոն իր խումբը վաճառել է իսպանական «Santander» բանկին։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամպալիմոն 500 մլն եվրո Է կտակել իր անվան հիմնադրամի ստեղծմանը, որը զբաղվում է կենսաբժշկական հետազոտություններով։

Հիմնադրամը նաև տարեկան 1 մլն եվրոյի չափով մրցանակ է հանձնում ակնաբուժության բնագավառում ակնառու հետազոտությունների համար, քանի որ կյանքի վերջում Շամպալիմոն կորցրել է տեսողությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Antunes, José Freire Champalimaud. — Lisboa: Temas e Debates, 1997. — ISBN 972-759-095-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Շամպալիմո» հոդվածին։