Գյուղ | ||
---|---|---|
Արևաշող | ||
Սուրբ Սահակ մատուռը գյուղի հյուսիսում | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | |
Մակերես | 23.68 կմ² | |
ԲԾՄ | 1730 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2515[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | արևաշողցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Արևաշող, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 20 կմ հյուսիս-արևմուտք, Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Փամբակ գետի հովտում՝ ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Արևաշող 1978 թ․ հունվարի 25-ին[3]։
Գյուղը խիստ տուժել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից։
Կլիման բարեխառն լեռնային է, տևական ու ցուրտ ձմեռներով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների միջին քանակը կազմում է 600-700 մմ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արևաշողի մշտական բնակչությունը կազմել է 2515, առկա բնակչությունը՝ 2148 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասն 1828-1829 թթ. այստեղ է եկել Պարսկահայաստանի Մակու քաղաքից[3]։
Արևաշողի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 477[5] | 893[5] | 1457[5] | 2375 | 2503 | 2148[6] | 2779 | 2515[2] |
Բնակչության հիմնական զբաղվածությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ։ Նախկինում մեծ մակերես էին զբաղեցնում շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, որոնք վերամշակվում էին Սպիտակի շաքարի գործարանում։ Գյուղի կուլտիվացված գյուղատնտեսական հողերը տարածված են Բազումի լեռնաշղթայի հովիտներում։ Գյուղի տարածքը հիմնականում ծածկված է տափաստանային բուսականությամբ։ Գյուղի տարածքում աճում են նաև բազմաթիվ վայրի բույսեր որոնց մի մասը հանդիսանում է նաև բուսաբուժության համար շատ օգտակար։
1988 թ.-ից հետո ցանքատարածությունները զգալի կրճատվեցին, քանի որ գործարանը երկրաշարժից հիմնովին ավերվել էր։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Գյուղը հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Գյուղի շրջակայքում կան 2 գյուղատեղիների և «Ճշմարտանց ձոր» կոչված վայրում բերդի ավերակներ։ Գյուղում են գտնվում «Արևշողի ժամ» (XIX դար), Սբ. Սահակ, Սբ. Գրիգոր մատուռները։ Նաև Արևաշողում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Սամվել Ադամյանը։ Այդ հրաշագեղ եկեղեցին օրհնել և օծել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ վեհափառը։ 2005 թվականի դեկտեմբերի 9-ին կայացավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը։
2021 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գյուղապետարան, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ, մշակույթի տուն, սպորտային համալիր և կապի հանգույցը գործում են առանձին շինություններում[7]։
|