Գյուղ | |||
---|---|---|---|
Բազում | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Բզովդալ | ||
Մակերես | 35.18 կմ² | ||
ԲԾՄ | 1615 մ | ||
Կլիմայի տեսակ | Խիստ փոփոխական | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1116[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | բազումցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բազում, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 1 կմ հյուսիս-արևմուտք՝ Բազումի լեռների հարավային լանջերին։ Վերանվանվել է Բազում 1978 թվականին[3]։
Գյուղն ըստ ենթադրությունների ունի 370 տարվա պատմություն, որի վառ վկայությունն է գերեզմանաքարերի դաջվածքը[4]։
Բնակիչները հիմնադրման պահից մինչ օրս հայեր են[5], որոնց նախնիների մի մասը եկել է Եղվարդից և Իջևանից[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բազումի մշտական բնակչությունը կազմել է 1116, առկա բնակչությունը՝ 988 մարդ[2]։
Բազումի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 232 | 452 | 636 | 803 | 691 | 638 | 887 | 778[7] | 1285 | 1116[2] |
Տեղանքը հիմնականում լեռնային է, սակավահող, կլիման խիստ փոփոխական է և զերծ չի մնում կարկուտներից, սելավներից, հաճախակի են երաշտի տարիները, ինչը մեծ վնաս է հասցնում գյուղմթերքների արտադրությանը։
Գյուղի միջով հոսող Չալարի գետը, որը սկիզբ է առնում Պուշկինի լեռնանցքից, ոռոգում է գյուղի ցանքատարածությունների մոտ 40%-ը։ Գյուղը մեծ մասամբ զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։ Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղական մթերքների արտադրությունը։ Հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային մշակաբույսերի արտադրությամբ։
Գյուղից 1-2 կմ հյուսիս-արևելքում գտնվում է Բերդատեղ վայրը՝ ամրոցի ավերակներով։ Գյուղի հարավային մասում են գտնվում 12-13-րդ դարի եկեղեցին, Կամակատար մատուռը (19-րդ դ.) և 13-19-րդ դարերի մեկ այլ մատուռ[4]։ Գյուղում են գտնվում 4 գերեզմանոց, 2 տապանաքար, ձիթհան և Ք. ա. 2-1-ին հազարամյակների դամբարանադաշտ և բնակատեղի։ Կենտրոնում են գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթող և հուշաղբյուր։
Գյուղն ունի նորակառույց միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 166 աշակերտ։
|