Գյուղ | ||
---|---|---|
Բաղրամյան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1829 թ. | |
Մակերես | 5,5 կմ² | |
ԲԾՄ | 838 մ մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1614[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
| ||
Բաղրամյան (նախկին անվանումը՝ Բաշնալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք, Երևան-Արտաշատ խճուղու (Հ-8) վրա։ Վերանվանվել է Բաղրամյան 1949 թ. հունվարի 1-ին[2]։
Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Նախկինում ունեցել է Բաշնալու անվանումը, 1949 թվականին վերանվանվել է Բաղրամյան։ Գյուղում է գտնվում 19-րդ դարում կառուցված եկեղեցին, որը 2010 թվականին քանդվել է և վերակառուցվում է անհատ բարերարի կողմից։
Գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակերևույթից 838 մ բարձրության վրա, տարեկան ամենաբարձր ջերմաստիճանը տատանվում է +39 +41 աստիճան ամենացածրը -29 -31 աստիճան։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է մոտավորապես 250 մմ, բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բաղրամյանի մշտական բնակչությունը կազմել է 1614, առկա բնակչությունը՝ 1537 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. տեղափոխվել է Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից[2]։
Բաղրամյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 175 | 673 | 558 | 649 | 1139 | 1456[2] | 1518 | 1577[4] | 1875 | 1614[1] |
Գյուղն ունի 460 տնտեսություն, ունի կապի հանգույց, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ, գրադարան և բուժկետ։ Մշակույթի պալատը և մանկապարտեզը գտնվում են անմխիթար վիճակում և չեն գործում։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 306.6 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70 %։ Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործում են որպես վարելահողեր զբաղեցնելով մոտ 174.5 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 33.3 հա և 50.5 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ, զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղրամյան (Արարատի մարզ)» հոդվածին։ |
|