Գյուղ | ||
---|---|---|
Դաշտավան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Հայկական մարզ | |
Հիմնադրված է | 1897 թ. | |
Մակերես | 3,93 կմ² | |
ԲԾՄ | 830 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1970[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Դաշտավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 28 կմ հեռավորության վրա։
Գյուղը հիմնադրվել է 1897 թվականին։ Նախկինում ունեցել է Շոռլու, Շոռլու Դեմիրչի, Շոռլու Դեմուրչի, Շոռլու Տեմիրճի անվանումները։ Վերանվանվել է Դաշտավան 1978 թվականից։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։ Գյուղն ընկած է Արարատյան դաշտում` Հրազդան գետի ձախ ափին։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրության վրա։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դաշտավանի մշտական բնակչությունը կազմել է 1970, առկա բնակչությունը՝ 1909 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1630 | 716 | 759 | 687 | 1292 | 1570 | 2013 | 1970[1] |
Գյուղն ունի առկա 490 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 263 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 129 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր՝ 63 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Դաշտավանի Սուրբ Մարիամ եկեղեցին ընդգրկված է Արարատյան Հայրապետական թեմի կազմում։ Կառուցվել է 2012-2016 թվականներին։ Եկեղեցու շինարարությունը մեկնարկել է 2012 թվականին։ Օծվել է 2018 թվականի հուլիսի 6-ին՝ ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի, ով սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու տասներկու սյուները, ավազանը, խորանը, խորանի ճակատը և Սուրբ Սեղանը։ Եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի անվամբ[3]։
|