Գյուղ | |||
---|---|---|---|
Երասխ | |||
Երասխ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | ||
Այլ անվանումներ | Սահակյանի կալվածք, Արազդայան | ||
Մակերես | 17,65 կմ² | ||
ԲԾՄ | 810 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼635 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 0234 | ||
| |||
Երասխ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում[2][3][4]՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։
Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում[2]։ Մարզկենտրոն Արտաշատ քաղաքից հեռու է 36 կմ դեպի հարավ-արևելք, մայրաքաղաք Երևանից՝ 60 կմ դեպի հարավ և ծովի մակարդակից բարձր է 810 մ[2]։ Ունի 21.3 կմ2 տարածք։
Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Բնակավայրով է անցնում Երևանը Իրանի սահմանին կապող միջպետական Մ 2 ավտոմոբիլային ճանապարհը, որով հանդիսանում է Հայաստանի հյուսին ու հարավը կապող հանգույց։ Հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում բնակավայրը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Հեյդարաբադ բնակավայրին։ Երասխ գյուղից դեպի արևմուտք է գտնվում հայ-թուրքական շփման գիծը։ Բնակավայրի հյուսիսում է գտնվում Արարատի մարզի Արմաշ և Պարույր Սևակ գյուղերը։
Երասխի կլիման չոր է, խիստ ցամաքային։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է[2]։
1988 թվականին սկսված Արցախյան շարժման և Արցախյան ազատամարտի միջև ընկած ժամանակահատվածում՝ 1990 թվականի սկզբին Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանի Երասխ բնակավայրի շուրջ սկսվել են ռազմական գործողություններ հայկական կամավորական ջոկատների և ադրբեջանական զինված ստորաբաժանումների միջև[5]։
Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի (Գանձակի) հայերի ջարդերից հետո ադրբեջանցի ազգայնականները սկսում են զինված հարձակումներ գործել Խորհրդային Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի վրա։ Ադրբեջանական զինված ստորաբաժանումները, օգտվելով իրենց զբաղեցրած բարձրադիր դիրքից, Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սադարակ քաղաքի մերձակա լեռներից սկսում են հրետակոծել Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանի սահմանամերջ գյուղերը, այդ թվում՝ Երասխը։ Հրետակոծությունների հետևանքով վնասվում են բնակելի տներ, Արարատի գինու կոմբինատը, թռչնաբուծական ֆաբրիկան, արձանագրվում են մարդկային և նյութական կորուստներ։ Ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի օրվա ընթացքում Երասխի հետ շփման գծի երկայնքով տեղակայում են մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինված ուժեր։ Այդ օրերին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարվել է Երասխի դեպքերի ու հետագա հնարավոր զարգացումների մասին։ Անմիջապես հանրահավաքի վայրից դեպի Երասխ են շարժվում կամավորական ուժեր։ Արարատում, Արտաշատում, Մասիսում, Նոր Հաճնում, Էջմիածնում, Հոկտեմբերյանում կազմավորվում են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք զինվում են ինքնաշեն զենքերով և ուղևորվում Երասխ։ Այդ ջոկատներից և առանձին կամավորներից ձևավորվում է աշխարհազորային գումարտակ, որի ընդհանուր հրամանատար է նշանակվում Վ․Սարգսյանը[5]։
1990 թվականի հունվարի 17-ից 19-ը Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանի Երասխ բնակավայրում և հարակից տարածքներում հայկական կամավորական ջոկատների և ադրբեջանական զինված ստորաբաժանումների միջև տեղի են ունենում զինված ընդհարումներ։ Մարտական գործողությունները սկսվում են հունվարի 17-ին։ Հայկական ուժերը զբաղեցրել էին Արաքսի հովտի դիրքերը, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները՝ Երասխի մերձակա բնական բարձրադիր ամրություններում։ Չկարողանալով շոշափելի հաջողությունների հասնել՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարները հունվարի 17-ի գիշերը ռազմական խորհրդի նիստ են հրավիրում՝ որոշելու ռազմական գործողությունների հետագա պլանը։ Հունվարի 18-ին հայկական կամավորական ուժերն անցնում են վճռական հարձակման, ադրբեջանական զինված ստորաբաժանումներին հեռացնում են իրենց զբաղեցրած գրեթե բոլոր բարձրադիր դիրքերից։ Մարտական գործողությունները շարունակվել են նաև հունվարի 19-ին, որի ընթացքում հայկական ուժերը ոչնչացնում են ադրբեջանական բոլոր կրակակետերը և հակառակորդ կողմին հետ մղվել դեպի Նախիջևան[5]։
Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվում է Մովսես Գևորգի Գորգիսյանն[6] (զոհված հունվարի 19-ին)[5], Երվանդ Արտուշի Սաղումյանը[6] (զոհված հունվարի 20-ին)[5], Գևորգ Զեյնալյանը[6], Վարդան Պապիկյանը[6], Ռուբեն Բազիկյանը[6] և Արամայիս Սահակյանը[6]։ Մովսես Գորգիսյանը հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման[6]։ Մարտական գործողություններին մասնակցել են Արշակ Ղամբարյանը (զոհվել է Արցախում)[7], Սամվել Գևորգյանը (զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին Մարտակերտի մատույցներում)[8] և շատ այլ ազատամարտիկներ։
Արցախյան ազատամարտին մասնակցելու նպատակով 1990 թվականին Երասխ գյուղում գտնվող համանուն գինու գործարանի աշխատակիցները կամավորական հիմունքներով ձևավորում են Երասխ կամավորական ջոկատը, որի հրամանատար է նշանակվում Ռ․Թևոնյանը։ 1992 թվականից ջոկատը ընդգրկվել է Արարատի մոտոհրաձգային գումարտակի կազմում։ 1990-1994 թվականներին ջոկատն առանձին և Արարատի մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Հայաստանի Արարատի մարզի Երասխի, Տիգրանաշենի, Վայոց ձորի մարզի Խաչիկ, Արցախի Խոռատունիք (Հորադիզ), Թալիշ, Մատաղիս բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[5]։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով դեպի Արցախի Հանրապետություն ուղևորվող ռուսական ռազմական ավտոշարասյանը ուղկեցող, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային պատկանող Մի-24 ռազմաան ուղղաթիռը նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:30-ին Երասխ գյուղի մոտակայքում խոցվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որոնք տեղակայված էին Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Խոցված ուղղաթիռն ընկել է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ադրբեջանը պաշտոնապես ներողություն է խնդրել ռուսական կողմից ռուսական զինվորական ուղղաթիռը խոցելու համար՝ նշելով, որ պատրաստ է կատարել փոխհատուցում։ Ռուսական կողմը դրական է գնահատել Ադրբեջանի արձագանքը[9]։ Միջադեպի հետևանքով զոհվել են 2 ռուս զինծառայողներ[10]։
Գյուղում առկա է դպրոց[2][11], բուժկետ[2], կապի հանգույց[2], գրադարան[2][12]։
Երասխ գյուղում է գտնվում երկաթուղային համանուն կայարանը, որը Խորհրդային Միության տարիներին Խորհրդային Հայաստանի երկաթուղային գիծը կապում էր Խորհրդային Ադրբեջանի ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության երկաթուղային գիծը, որը շարունակվելով Խորհրդային Հայաստանի Մեղրու շրջանով հասել է Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցությունը ընդհատվել է 1989 թվականի նոյեմբերին։ Հայաստանի անկախությունից հետո գործում է Երասխ-Երևան երթուղին։
Երասխ գյուղի ազգաբնակչության թվային փոփոխությունը 1831 թվականից սկսած[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 34 | 147 | 1194 | 185 | 372 | 519 | 817 | 907 | 729 | 635[13] |
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ այգեգործությամբ և անասնապահությամբ[2]։
Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում է շուրջ 1920 հա։ Համայնքի հողերի հիմնական մասը՝ շուրջ 492 հա, օգտագործվում են որպես վարելահողեր։ Գյուղում առկա է 55 հա պտղատու և խաղողի այգիներ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսեր։ Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Պահուստային հողերը օգտագործում են հիմնականում որպես արոտավայրեր, որոնք կազմում են 63 հա։ Բնակչությունը զբաղվում է նաև կաթնամսատու անասնապահությամբ և մեղվաբուծությամբ[2]։
Երասխ գյուղում գործում է դպրոց։ Այն հիմնադրվել է 1977 թվականին[11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երասխ (Արարատի մարզ)» հոդվածին։ |
|