Էդմունդ Վնուկ-Լիպինսկի Edmund Wnuk-Lipiński | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1944[1][2] Սուխա, Gmina Lubiewo, Tuchola County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | հունվարի 4, 2015[2] (70 տարեկան) Վարշավա, Լեհաստան |
Գերեզման | Wawrzyszewski Cemetery |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | սոցիոլոգ, գրող, համալսարանի դասախոս և գիտաֆանտաստիկ գրող |
Հաստատություն(ներ) | Նոտր Դամ համալսարան և Եվրոպական քոլեջ |
Գործունեության ոլորտ | հասարակագիտություն և political sociology? |
Ալմա մատեր | Faculty of Philosophy and Sociology, University of Warsaw? և Վարշավայի համալսարան (1966)[3] |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն |
Պարգևներ | |
Edmund Wnuk-Lipiński Վիքիպահեստում |
Էդմունդ Վնուկ-Լիպինսկի (լեհ.՝ Edmund Wnuk-Lipiński, մայիսի 4, 1944, Սուխա, Պոմերանիա, Վարտելանդ, Երրորդ Ռայխ - հունվարի 4, 2015, Վարշավա, Լեհաստան), լեհ սոցիոլոգ, քաղաքագետ և գրող։
Էդմունդ Վնուկ-Լիպինսկին ծնվել է 1944 թվականի մայիսի 4-ին Սուխայում[4]։ 1966 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի սոցիոլոգիայի բաժինը։ 1992 թվականին ստացել է Վարշավայի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսորի կոչում[5]։
1991 թվականին հիմնադրել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և մինչև 1993 թվականը եղել է նրա տնօրենը[4]։ 1995-1996 թվականներին եղել է Հասարակական աշխատանքների ինստիտուտի ղեկավար[6]։ Դասախոսություններ է կարդացել Վիեննայի հումանիտար գիտությունների ինստիտուտում, Նոտր-Դամի համալսարանում, Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում, Կանադայի, Նորվեգիայի, Բուլղարիայի և Գերմանիայի համալսարաններում[7]։ 2006-2012 թվականներին եղել է Վարշավայի «Collegium Civitas» համալսարանի ռեկտորը, այնուհետև սոցիոլոգիայի ամբիոնի ղեկավարն ու պատվավոր ռեկտորը[4][8]։ Եղել է Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի և Յագելոնսկի ինստիտուտի խորհրդի անդամ[9]։
Եղել է «Սոլիդարնոստ» շարժման սոցիալական քաղաքականության խորհրդական և դեմոկրատական ընդդիմության կողմից մասնակցել Կլոր սեղանին[10]։ 1989-1991 թվականներին գլխավորել է Քաղաքացիական խորհրդարանական ակումբի գիտական խորհրդատուների թիմը[11]։ 2008 թվականից եղել է Լեհաստանի նախագահին կից կրթության և հետազոտությունների հարցերով խորհրդի անդամ[12][13]։ 2010 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Բրոնիսլավ Կոմորովսկուն սատարող կոմիտեի անդամ[14]։
Էդմունդ Վնուկ-Լիպինսկին մահացել է 2015 թվականի հունվարի 4-ին Վարշավայում՝ ծանր հիվանդությունից հետո, 70 տարեկանում[4][15]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հունվարի 9-ին Վարշավայի Սուրբ Աննա եկեղեցում, հուղարկավորությունը՝ Վավժիշևսկի գերեզմանատանը[16][17][18]։
2010 թվականի հոկտեմբերի 5-ին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Էդմունդ Վնուկ-Լիպինսկուն շնորհել է Լեհաստանի վերածննդի շքանշան «գիտա-հետազոտական, կրթական և սոցիալական գործունեության բնագավառներում ունեցած ակնառու ձեռքբերումների, Լեհաստանում և ամբողջ աշխարհում գիտության ժողովրդականացման համար»[19]։
Որպես գրող՝ Վնուկ-Լիպինսկին մասնագիտացել է սոցիալական ֆանտաստիկ գրականության բնագավառում, որում նկարագրվում է սոցիալական տարբեր խմբերի մարդկանց և տոտալիտար պետության կառավարության հարաբերությունները[20]։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից է «Apostezjon» եռերգությունը՝ բաղկացած «Wir pamięci» (1979), «Rozpad połowiczny» (1988) և «Mord założycielski» (1989) գրքերից[21]։ 1988 թվականին Վնուկ-Լիպինսկին իր «Rozpad połowiczny» գրքի համար ստացել է Յանուշա Ա․ Զայդելի անվան մրցանակ[22]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Վնուկ-Լիպինսկի» հոդվածին։ |
|