Էստոնիայի ազգային զարթոնք

Էստոնիայի ազգային զարթոնք (էստ․՝ Ärkamisaeg), պատմական ժամանակաշրջան, երբ էստոնացիները պայքարում էին իրենց անկախության ճանաչման համար։ Այն սկսել է 1850-ական թթ., երբ հասարակ ժողովրդին շնորհվեցին որոշակի իրավունքներ, և ավարտվել է 1918 թ., երբ հռչակվեց Էստոնիայի Հանրապետությունը։ Սովորաբար այդ անվանումը վերագրվում է նաև 1987-88 թթ-ին[1]։ Էստոնացիների ազգային զարթոնքի շրջան համարվում է 19-րդ դարը, սակայն դեռ 18-րդ դարում առաջընթաց էր նկատվում տարբեր բնագավառներում։ 1739 թ. թարգմանվեց Աստվածաշունչը։ Էստոնիայում հրատարակվող գրքերի ընդհանուր քանակը 1750-ական թթ. կազմում էր 18, իսկ 1790-ական թթ. արդեն դարձավ 54 հատ։ 18-րդ դարավերջին էստոնացի չափահասների կեսից ավելին գիտեր կարդալ։ 1820-ական թթ. իրենց գործունեությունն են սկսում էստոնացի մի շարք լուսավորիչներ, ինչպիսիք են Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելմանը (1798–1850), Ֆրիդրիխ Կրեյցվալդը (1803–1882) և այլք։ Ղեկավար դասակարգը հիմնականում պահպանում էր գերմաներենը որպես հաղորդակցման միջոց, որ նրանց կենցաղ էր մտել դեռ 13-րդ դարում։ Գարլիեբ Մերկելը (1769–1850) առաջինն էր, որ էստոնացիներին մյուսներին հավասար ազգ էր համարում։

Կառլ Ռոբերտ Յակոբսոն

19-րդ դարի կեսերին էստոնացիները, որոնց առաջնորդում էին Կառլ Ռոբերտ Յակոբսոնը (1841–1882), Յակոբ Հուրտը (1839–1907) և Յոհան Վոլդեմար Յանսենը (1819–1890), ավելի մեծ ոգևորությամբ էին գործում՝ օրինակ ունենալով հարևան ֆինների ազգային շարժումն ու, որոշ չափով, նաև Երիտասարդ լատվիացիների ազգային շարժումը։ Մեծ նշանակություն ունեցան «Կալևիպոեգ» ազգային էպոսի հրատարակում 1862 թ. ու Էստոնական երգի առաջին փառատոնի կազմակերպումը 1869 թ.։ Մինչ 1860-ական թվականների վերջը էստոնացիները շարունակում էին պայքարը գերմանացիներին չձուլվելու համար։ Մինչ ռուսաֆիկացման փորձերը, որ տեղի ունեցան 1880-90-ական թթ., էստոնացիները դրական վերաբերմունք ունեին Ռուսական կայսրության նկատմամբ[2]։

1881 թ. էստոնական 17 կազմակերպություններ Կառլ Ռոբերտ Յակոբսոնի գլխավորթւոյամբ նամակ գրեցին Ռուսաստանի Ալեքսանդր III կայսրին՝ խնդրելով էստոնացիներին ու Բալթիկայի գերմանացիներին զեմստվոներում հավասար թվով ներկայացուցիչներ ունենալու իրավունք տալ, և ավանդաբար էթնիկ էստոնացիներին պատկանած տարածքների միավորել մեկ ադմինիստրատիվ միավորի կազմում։ 1891 թ. սկսեց լույս տեսնել էստոնական առաջին օրաթերթը, որ կոչվում էր «Postimees»։ 1897 թ. Ռուսաստանի կայսրությունում անցկացված մարդահամարի տվյալներով[3]` էստոնացիները գրագիտության մակարդակով երկրորդ տեղում էին` զիջելով միայն Ֆիննական Մեծ Իշխանության ֆիններին։ Ըստ այդ տվյալների՝ գրագետ էր Բալթիկայում ապրող 10 տարեկանից բարձր տարիք ունեցող էստոնացիների 96.1%-ը։ Քաղաքների բնակչության կազմում ավելանում էր էստոնացիների էիվը, և 1897 թ. էթնիկ էստոնացիները կազմում էին էստոնական քաղաքների բնակչության երկու երրորդը։

1880-ական թթ. սկսվեց ռուսաֆիկացման քաղաքականությունը, ինչի հետևանքով ուժեղացավ անկախության համար պայքարը։ Էստոնացիները պայքարում էին մամուլի ու ցույցերի անցկացման ազատության, ընտրության իրավունքի և, իհարկե, Էստոնիայի անկախության համար։ Էստոնացիների ձեռքբերումները նվազագույնն էին, սակայն 1905-17 թթ. հարաբերական խաղաղությունը նրանց թույլ տվեց առաջ տանել անկախ պետություն ունենալու գաղափարը։ 1917 թ. Փետրվարյան հեղափոխության հետևանքով էստոնական տարածքներն առաջին անգամ միավորվեցին մեկ ադմինիստրատիվ միավորի՝ Էստոնական ավտոնոմ նահանգի կազմում։ 1917 թ. Ռուսաստանի բոլշևիկյան հեղափոխությունից ու գերմանացիների՝ ռուսական բանակի նկատմամբ տարած հաղթանակներից հետո Էստոնիան իրեն հռչակեց անկախ հանրապետություն 1918 թ. փետրվարի 24-ին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]