Տեսակ | քաղաքային զբոսայգի |
---|---|
Երկիր | Չինաստան |
Վարչատարածք | Central and Western District? |
Տեղագրություն | Tamar? |
Հիմնվել է | 2011 |
Բացվել է | հոկտեմբերի 10, 2011 |
Մակերես | 1,76 |
Անվանված է | Tamar? |
Թամար զբոսայգի (անգլ.՝ Tamar Park, չինարեն՝ 添馬公園), ոչ մեծ հասարակական զբոսայգի, որը գտնվում է Չինաստանի Հոնկոնգի քաղաքի Ծովակալություն կոչվող գործնական թաղամասում (Կենտրոնական և Արևմտյան շրջան)։ Զբոսայգու մակերեսը 17,6 հազար մ² է, այն զբաղեցնում է Թամար միկրոշրջանի տարածքի 80 %-ը։ Զբոսայգին հասարակության համար բացվել է 2011 թվականի հոկտեմբերի 10-ին, այն գտնվում է Հոնկոնգի մշակույթի և ազատ ժամանցի դեպարտամենտի ղեկավարման տակ։ Զբոսայգին հանդիսանում է Թամարի զարգացման ծրագրի մաս (Tamar Development Project)։ Զբոսայգու շրջակայում գտնվում են կենտրոնական կառավարական գրասենյակը, օրենսդիր խորհրդի համալիրը և Հոնկոնգի ղեկավարի նստավայրը[1][2][3][4]։
Թամար զբոսայգին գործում է շուրջօրյա և բաց է ամեն օր։ Այն առանձնանում է իր նրբագեղ պարզությամբ և «Մշտականաչ» («Perpetual Green» կամ «Land Always Green») դիզայներական ոճին բնորոշ կառուցվածքային տարրերով։ Զբոսայգուց երևում է Վիկտորիա ծովախորշի և Կուլուն թերակղզու հարավային ափի համայնապատկերը։ Գործնական և վարչական շրջանի ընդարձակ խոտածածկ տարածքները այցելուներին հնարավորություն են տալիս ազատ զբոսնել, ինչպես նաև նստել կամ պառկել բաց երկնքի տակ։ Զբոսայգում կա նաև ոչ մեծ այգի, ջրամբար, լողացող հարթակ, ամֆիթատրոն և սրճարան[1][5][6]։
Թամարի զարգացման ծրագիրը (Tamar Development Project) հրապարակվել է Հոնկոնգի ղեկավար Դոնալդ Ցանգի կողմից։ Նա իր ուղերձում առաջարկեց 2006 թվականի ֆինանսական բյուջեում ներառել կենտրոնական կառավարական գրասենյակի, օրենսդիր խորհրդի համալիրի և Հոնկոնգի ղեկավարի գրասենյակի տեղափոխումը Թամար վարչական միկրոշրջան (Ծովակալության շրջան)[7]։
Բրիտանական ժամանակահատվածում այդ վայրում գտնվել է Հոնկոնգում Բրիտանական սահմանային ուժերի շտաբը, որը միավորում էր Բրիտանական բանակի, Թագավորական նավատորմիղի և Թագավորական ռազմաօդային ուժերի հրամանատարության կազմերը։ Շտաբի մոտ գտնվում էր ռազմանավերի ոչ մեծ խարսխային կայան։ Այդ վայրն անվանվել է ի պատիվ HMS Tamar բրիտանական զինվորական փոխադրամիջոցի, որը գտնվել է Հոնկոնգում 1897 թվականին և մնացել է բրիտանական գաղութում մինչև 1941 թվականի ճապոնական օկուպացիան (նավը ոչնչացվել է՝ այն բռնագրավվելուց և թշնամու կողմից օգտագործելուց խուսափելու համար)[8][9]։
1979 թվականին ռազմածովային բազայի տարածքում կառուցվել է 28 հարկանի շենք՝ Փրինս-օֆ-Ուելս-բիլդինգը (Prince of Wales Building), որում մինչև 1997 թվականը գտնվել է Հոնկոնգում բրիտանական զորքերի շտաբը, իսկ այժմ տեղակայված է Չինաստանի ազգային-ազատագրական բանակի հոնկոնգյան կայազորի շտաբը։ Շինության շուրջը գտնվել են Կենտրոնական բանակային զորանոցները, իսկ ապագա զբոսայգու և կառավարական թաղամասի հողատարածքն իրենից ներկայացնում էր ընդարձակ ամայի տարածություն, որի վրա անցկացվել են բազմամարդ միջոցառումներ (այդ թվում՝ տարբեր ցուցահանդեսներ, տոնավաճառներ, համերգներ, թատերական և կրկեսային ներկայացումներ, կինոփառատոներ)[10][11]։
2007 թվականի մարտին կառավարությունը ներկայացրեց Թամար թաղամասի վերակառուցման 4 նախագիծ, որոնք ներառում էին նաև հասարակական վայրերի ստեղծում[12]։ Վերջնական նախագծի հաստատումից հետո՝ 2008 թվականի փետրվարին սկսեցին կառուցողական աշխատանքները, 2011 թվականի հունվարին կառավարական համալիրը գործնականորեն պատրաստ էր[13], 2011 թվականի օգոստոսին փոխվարչապետ Լի Կեցյանը բացել է Կենտրոնական կառավարական գրասենյակը[14][15], իսկ նույն թվականի հոկտեմբերին զբոսայգու դռները բացվել են նաև հանրության առջև[5]։
Կառավարական համալիրի և Թամար զբոսայգու նախագիծը ստացել է մի շարք հեղինակավոր ճարտարապետական մրցանակներ։ Այն դարձել է 2008 թվականի դիզայնի և շինարարության մրցույթի (Design and Build Competition) հաղթող, ստացել է 2012 թվականի Skyrise Greenery Awards արծաթե պարգևը, գրավել է 2013 թվականի Հոնկոնգի ճարտարապետության դեպարտամենտի ամենամյա մրցանակը (ArchSD Award), հայտնվել է Ճարտարապետների միջազգային միության 2014 թվականի ցանկում՝ որպես «Հարմարավետ հանրային վայր», 2014 թվականին՝ Ուրբանիզացված տարածքների ամերիկյան ինստիտուտի (Urban Land Institute) կողմից, առաջադեմ փորձի համար, ստացել է գլոբալ մրցանակ[16]։
Կառավարական համալիրի և զբոսայգու կոնցեպցիան արտացոլում են չորս հիմնական թեմաներ․ բաց լինել («դուռը միշտ բաց է»), բավականություն («երկիրը միշտ կանաչ է»), հաստատունություն («երկինքը կլինի կապույտ») և կապ («մարդիկ միմյանց հետ կլինեն կապված»)։ Զբոսայգին արտացոլում է Հոնկոնգի բաց լինելը և դյուրըմբռնելիությունը նոր մտքերի և տարբեր մշակույթների համար, իսկ Կենտրոնական կառավարական գրասենյակի կամարը («բաց դուռ») խորհրդանշում է քաղաքը, որը հպարտանում է իր ղեկավարման թափանցելիությամբ և մարդկանց նկատմամբ բաց լինելով[16][17]։
Զբոսայգին իր բուսականությամբ գտնվում է ուշադրության կենտրոնում, իսկ ճարտարապետությունը օժանդակ դեր է խաղում, խնդիր ունենալով ընդգծել կանաչ տարածության գերակայությունը։ Կամարը («դուռ») այսպես ասած զիջում է առաջնայնությունը բնությանը և լանդշաֆտին։ Զբոսայգու «կանաչ գորգը»՝ Կենտրոնական կառավարական գրասենյակի կամարով, կապում է քաղաքը ծովախորշին։ Իր օբյեկտների (քանդակների փոքրիկ բակ, Օրենսդիր խորհրդի այգի և հրապարակ, Ամֆիթատրոն, Թամարի անկյուն) շնորհիվ, զբոսայգին հաճույք է պատճառում այցելուներին և զարդարում իրենց ազատ ժամանցը[17]։
Կառավարական համալիրը և զբոսայգին մարմնավորում են ձգտումը դեպի կայուն («կանաչ») աշխարհ և շրջակա միջավայրի պահպանությունը։ Թամար թաղամասը խորհրդանշում է ավելի մաքուր ապագան և երկարատև ծրագրավորումը, որը նպաստում է «կապույտ երկնքին» վերադառնալուն։ Զբոսայգու շինությունների դասավորվածությունը և ազատ տարածքները, ինչպես նաև Կենտրոնական կառավարական գրասենյակի կամարի տեսքով կառուցվածքը թույլ են տալիս, որ օդն ազատ տեղաշարժվի բլուրներից դեպի ծով, իսկ արևի ճառագայթներին թափանցել հարավային հատվածից։ Բացի սրանից ճակատային համակարգերի նորարարական դիզայնը հնարավորություն է տալիս շոշափելիորեն մեծացնել շրջակա միջավայրի կայունությունը[17]։
Զբոսայգու և կառավարական համալիրի դիզայնը («դիզայն մարդկանց համար») այցելուներին հնարավորություն է տալիս հանդիպել և շփվել մեկ տեղում։ Դիզայնը սկսվում է քաղաքային կառուցվածքի մասին ներկայացմամբ և միմյանց է կապում Հոնկոնգի հիմնական կանաչ գոտիները (Հոնկոնգի զբոսայգուց և Ծովակալության զբոսայգիներից մինչև մերձափնյա զբոսավայրեր)։ Այս կապը մեծացնելու նպատակով, Օրենսդրական խորհրդի համալիրը և Հոնկոնգի ղեկավարի գրասենյակը տեղակայված են զբոսայգու կողմերում՝ Կենտրոնական կառավարական գրասենյակի արևելյան և արևմտյան թևերի առանցքներին։ Այսպիսով կառավարական համալիրի բոլոր բաղադրիչները երիզավորում են զբոսայգին և շրջված են դեպի ծովափը, ինչը ստեղծում է ողջ տարածքի միատարրությունն ու ամբողջականությունը[17]։
Թամար զբոսայգին տեղակայված է Ծովակալության կենտրոնական մասում։ Հյուսիսից զբոսայգին է և կառավարական համալիրի շինությունները, որոնք միասին կազմում են մի ամբողջական ներդաշնակություն, սահմանափակված են Վիկտորիա ծովախորշի ափի զբոսավայրով, արևելքից սահմանափակվում է «Թիմմեյ ավենյու» և «Լեգիսլեյտիվ կոնսիլ ռոուդ» փողոցներով, հարավից՝ «Կոննաուտ ռոուդ սենտրալ» և «Խարկկորտ Ռոուդ» փողոցներով, արևմուտքից՝ «Թիմվա ավենյու» փողոցով։ Միջին հատվածով Թամար զբոսայգին հատում է «Լունվո ռոուդ» փողոցը, որն անցնում է ոչ մեծ ավտոճանապարհային թունելով[18]։
Կենտրոնական կառավարական գրասենյակից հարավ տեղակայված է Հոնկոնգի մետրոպոլիտենի Ծովակալություն կայարանը (այստեղ կարելի է նստել Այլենդ և Չհյունվան ուղղությունների գնացքները)։ Մետրոյի կայարանի և կառավարական համալիրի միջև, Կոննաուտ ռոուդ սենտրալ փողոցի ներքևում հետիոտն անցում է անցկացված։ Զբոսայգուն հարող փողոցներում կան քաղաքային ավտոբուսների և միկրոավտոբուսների տարբեր երթաշրջանային ուղիներ (գլխավոր կանգառները գտնվում են Հարկորտ ռոուդ և Թիմմեյ ավենյու փողոցներում)։ Հարևան՝ Լունվույ ռոուդ փողոցում կա տաքսիների ավտոկայանատեղի[19][20]։ Կենտրոնական և Արևմտյան շրջանների զբոսավայրերով կարելի է հասնել լաստանավային կենտրոնական կառանման տեղամաս, որը տեղակայված է Միջազգային ֆինանսական կենտրոնի դիմաց[1]։
Նախագծի համաձայն՝ Թամար զբոսայգում, փողոցների ճամփեզրերին և կառավարական շինությունների շրջակայքում մոտ 400 ծառ կա տնկված։ Բակի շրջակայքում արձանների և շուշաններով ջրավազանի հետ (ջրավազանը ձևականորեն պատկանում է Օրենսդրական խորհրդի համալիրին) կան դեկորատիվ թփեր[2]։ Զբոսայգում հանդիպում են մելիազգիների տարբեր տեսակներ (այդ թվում «Chukrasia tabularis» տեսակը)[21], մագնոլիազգիներ (լատին․՝ Magnoliaceae) (այդ թվում Michelia chapensis)[22], դափնազգիներ (լատին․՝ Lauraceae) (այդ թվում կամֆարայի ծառ և Cinnamomum burmannii)[23], թթազգիներ (լատին․՝ Moraceae) (այդ թվում Բենջամինի թզենի և մանրապտուղ թզենի, կամ չինական բանյան՝ Ficus microcarpa)[24], ֆիլանտազգիներ (այդ թվում «Phyllanthus myrtifolius»)[25], բակլազգիներ (այդ թվում «Bauhinia blakeana» և «Phanera variegata»), էլեոկարպազգիներ (այդ թվում «Elaeocarpus hainanensis»), Ապոկինացեա ընտանիքի բույսեր (այդ թվում պլյումերիաներ), դավալիաազգիներ (այդ թվում «Nephrolepis auriculata»)։ Բենջամինի թզենին օգտագործվում է կանաչ (դալար) ցանկապատեր ստեղծելու համար, «Chukrasia tabularis» և «Michelia chapensis» բույսերը ծառայում են ստվերային գոտիների ստեղծման համար, սիզամարգերում ցանված է «Axonopus compressus» բուսատեսակը[3][26][27]։
Զբոսայգու բաց օբյեկտների շարքին են դասվում այգին իր ծառերով, ծաղկաթմբերի տեսք ունեցող թփերով և կանաչ ցանկապատերով, ընդարձակ սիզամարգերը («կանաչ գորգեր») նստարաններով և փակ տաղավարներով, ամֆիթատրոնը, դեկորատիվ բույսերով անկյունը, օվալաձև բետոնե «լողացող հարթակը», ջրամբարները՝ արհեստական լճակների և շատրվանների տեսքով։ Ամֆիթատրոնը նախատեսված է 240 հոգու համար և կոչված է տարբեր մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացման համար։ Զբոսայգում կան նաև մեծ պատշգամբով սրճարան, հասարակական զուգարաններ և երեխաների խնամքի համար նախատեսված սենյակներ[1][28][29]։
Թամար զբոսայգուն հարավից հարում է Կենտրոնական կառավարական գրասենյակը, արևելքից՝ Օրենդրական խորհրդի համալիրը, արևմուտքից Հոնկոնգի ղեկավարի գրասենյակն է հարում։
Հոնկոնգի կառավարական մի շարք հաստատությունների վարչական շինությունները, որոնք ցրված էին քաղաքով մեկ, 2011 թվականին տեղափոխվեցին Կենտրոնական կառավարական գրասենյակ։ Դրա շինարարությունը իրականացվել են հոնկոնգյան՝ Gammon Construction (որը մտնում է Jardine Matheson ընկերության մեջ) և Hip Hing Construction (այն մտնում է New World Development ընկերության մեջ) ընկերությունների կողմից։ Թամար զբոսայգին ծառայում է, որպես կապող օղակ՝ քաղաքի, Կենտրոնական կառավարական գրասենյակի և ափամերձ զբոսավայրի միջև[17][30][31]։
Օրենսդրական խորհրդի համալիրը բաղկացած է խորհրդի կառուցահատվածից և ավելի բարձր՝ 10 հարկանի գրասենյակային կառուցահատվածից, որին հարում է այգին և ոչ մեծ հրապարակը։ Համալիրի արտաքին և ներքին տեսքի դիզայնը խորհրդանշում է Հոնկոնգի Օրենսդրական խորհրդի անկախությունն ու թափանցիկությունը։ Համալիրը կառուցված է էներգախնայող և շրջակա միջավայրի համար անվնաս նյութերից։ Կառուցահատվածները ներառում են խորհրդի նիստերի մեծ դահլիճը՝ լրագրողների և հասարակության համար նախատեսված վերին հարկով, խորհրդի կոմիտեի բաց և փակ նիստերի համար նախատեսված հինգ կոնֆերանս դահլիճներ, լրագրողական կենտրոն, գրադարան, ախիվներ, ուսուցողական պատկերասրահներ, մանկական անկյուն և այլ ծառայողական շինություններ[32]։ Հոնկոնգի ղեկավարի գրասենյակը, ինչպես և կառավարական թաղամասի մնացած մասերը, իր աշխատանքները սկսել է 2011 թվականից[33]։
Թամար զբոսայգին բազմաթիվ բողոք ներկայացնող հավաքների, ցույցերի և քաղաքական հավաքների վայր է հանդիսանում։ 2014 թվականի սեպտեմբերին այստեղ են անցկացվել ուսանողական ելույթները, որոնք 2014-2015 թվականներին արագորեն վերաճեցին զանգվածային խռովությունների[34][35][36][37]։
Տեղացի ուսանողները, Պեկինի իշխանությունների, Հոնկոնգի նկատմամբ, բռնած քաղաքական ուղղությունից գոհ չլինելով, ի սկզբանե բոյկոտեցին կրթական դասարանները։ Երբ Պեկինը չեղարկեց ընդդիմության՝ Հոնկոնգ քաղաքի ղեկավարի ազատ ընտրությունների պահանջը, ուսանողները Թամար զբոսայգում պիկետ կազմակերպեցին[38][39]։ Ուսանողների և ոստիկանների միջև տեղի ունեցած առաջին ընդհարումներից և ընդդիմադիրների զանգվածային ձերբակալություններից հետո բողոքների ալիքը դուրս եկավ Թամարի կառավարական համալիրի տարածքից և տարածվեց Հոնկոնգի այլ թաղամասերում։ Այս շարժումը հայտնի դարձավ «Occupy Central» (Կենտրոնական ֆինանսական շրջանի անունից) կամ «Անձրևանոցների հեղափոխություն» անունով[40][41]։
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի օգոստոսի 2-ի օրվա հոդված: |