Ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Վայր | Մաշտոցի պողոտա |
Հասցե | Երևան, 0002, Մ․ Մաշտոցի պողոտա 70002 |
Հիմնադրվել է | 1972 |
Հիմնադիր | Հենրիկ Իգիթյան |
Կայք | mamy.am(հայ.) |
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, ստեղծվել է 1972 թ. գլխավորապես Հենրիկ Իգիթյանի, քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի և ժամանակի ականավոր հայ նկարիչների ջանքերով[1]։
Ներկայացված են հիմնականում հայ ժամանակակից նկարիչների՝ Մինաս Ավետիսյանի, Վրույր Գալստյանի, Հակոբ Հակոբյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Էմիլ Գազազի, Սարգիս Համալբաշյանի, Աշոտ Ղազարյանի (Աշոտ-Աշոտ) և այլոց ստեղծագործությունները։
Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն էին և 1960-ական թվականների՝ Հայաստանի ու Սփյուռքի նկարիչների գործեր։ Հետագայում ցուցանմուշների քանակն ավելացել է ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստական ֆոնդի և ձեռքբերումների շնորհիվ։ Թանգարանում ցուցադրվում են Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Գայանե Խաչատուրյանի, Վրույր Գալստյանի, Վաղարշակ, Հենրի ու Ռոբերտ Էլիբեկյանների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Վարուժան Վարդանյանի, Աշոտ Բայանդուրի, սփյուռքահայ նկարիչներ Ժիրայր Օրագյանի, Ժանսեմի, Գառզուի, Ասատուր Պզտիկյանի և ուրիշների գործերից։ Թանգարանի հավաքածուն համալրվել է միջին ու երիտասարդ սերնդի՝ Սարգիս Համալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Կամո Նիգարյանի, Տիգրան Մատուլյանի, Թենի Վարդանյանի և այլ ճանաչված նկարիչների աշխատանքներով։ 2004 թվականին բարերար Գրիգոր Մուրադյանը թանգարանին է նվիրել ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազի աշխատանքներից։ Թանգարանը մայրաքաղաքի տարբեր ցուցասրահներում («Գևորգյան», «Ակադեմիա» և այլն), Հայաստանի նկարիչների միության դահլիճներում հաճախակի կազմակերպում է ցուցահանդեսներ, հրատարակել է մի շարք ալբոմներ՝ «Քոչար», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան», «Հովնաթանյանից Մինաս», «Թանգարան», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան», «Աշոտ Հովհաննիսյան» և այլն։ 2006–2007 թվականներին Ֆրանսիայում՝ «Հայաստանի տարի», 2007 թվականին Հռոմում՝ «Հայ մշակույթի օրեր» ծրագրերի շրջանակներում թանգարանը կազմակերպել է նոր ցուցադրություններ, տպագրել կատալոգներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)» հոդվածին։ |