Ժան դը Բրյունոֆ ֆր.՝ Jean de Brunhoff | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա կամ Փարիզ, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 16, 1937[1][2][3][…] (37 տարեկան) |
Վախճանի վայր | Montana, Շվեյցարիա |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Մասնագիտություն | մանկագիր, նկարազարդող, կոմիքսների արտիստ և սցենարիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա և Էլզասի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Babar the Elephant? |
Ամուսին | Cecile de Brunhoff? |
Զավակներ | Thierry de Brunhoff?, Laurent de Brunhoff?[5] և Mathieu de Brunhoff? |
Ազգականներ | Emile Sabouraud?, Raymond Jacques Émile Sabouraud?, Moritz von Haber?, Salomon von Haber?, Մարի-Կլոդ Վայան-Կուտյուրյե և Lucien Vogel? |
Ներշնչվել է
| |
Jean de Brunhoff Վիքիպահեստում |
Ժան դը Բրյունոֆ (ֆր.՝ Jean de Brunhoff, դեկտեմբերի 9, 1899[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա և Փարիզ, Ֆրանսիա[4] - հոկտեմբերի 16, 1937[1][2][3][…], Montana, Շվեյցարիա), ֆրանսիացի գրող և նկարիչ, համաշխարհային ճանաչում ձեռք բերած Բաբար փղի մասին պատկերագրքերի շարքի ստեղծող։ Դը Բրյունոֆի վաղ մահից հետո շարքը շարունակել է նրա որդին՝ Լորանը։
Ժան դը Բրյունոֆը ծնվել է 1899 թվականին Փարիզում։ Նա փարիզյան հրատարակիչ Մորիս դը Բրյունոֆի և նրա կնոջ՝ Մարգերիտի չորս երեխաներից ամենակրտսերն էր[7]։ Սովորել է բողոքական դպրոցներում, ներառյալ՝ հեղինակավոր École alsacienne-ը[8]։ 1917 թվականին ընդունվել է Սորբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, սակայն 1918 թվականին զորակոչվել է ռազմաճակատ[9]։ Պատերազմից հետո նա նկարչություն է սովորել Ռենի գեղարվեստի դպրոցում և Օտոն Ֆրիեզի «Գրանդ Շոմիեր» ակադեմիայում՝ նկարել դիմանկարներ, լանդշաֆտներ և նատյուրմորտներ[7][10][11]։
1924 թվականին Ժանն ամուսնացել է Սեսիլ Սաբուրոյի հետ, որը դաշնակահարուհի էր, երաժշտության դպրոցի շրջանավարտ[7]։ Նրանք ունեցել են երեք որդի՝ Լորան (1925), Մաթյո (1926) և Թիերի (1934)[11]։ 1930 թվականի ամռանը, երբ ընտանիքը հանգստանում էր Շեսիում, Սեսիլը Լորանին և Մաթյոյին պատմել է իր հորինած հեքիաթը, որի գլխավոր հերոսը փոքրիկ որբ փղիկն էր։ Հեքիաթն այնքան է դուր եկել երեխաներին, որ հայրը որոշել է գրի առնել այն և նկարազարդել[11][12]։ Հենց Ժանն է փոքրիկ փղին տվել Բաբար անունը․ նա նաև զգալիորեն զարգացրել և լրացրել է սկզբնական սյուժեն[7]։ Առաջին գրքում, որը կոչվում է «Բաբարի պատմությունը» (L'Histoire de Babar), որսորդը սպանում է փղիկի մորը, ինչից հետո նա փախչում է անտառից քաղաք, բնակություն հաստատում մի տարեց կնոջ մոտ և սովորում ապրել մարդկանց նման։ Այնուհետև Բաբարը վերադառնում է անտառ, ամուսնանում է իր զարմիկ Սելեստինի հետ և դառնում փղերի թագավորը[13][14]։ Երբ 1931 թվականին գիրքը հրատարակում է Jardin des Modes հրատարակչությունը, Սեսիլը հրաժարվում է համահեղինակությունից և չի մասնակցում Բաբարի մասին հետագա պատմությունների ստեղծմանը[7][15]։
Բաբարի մասին առաջին գրքին հաջորդել են ևս վեցը՝ «Բաբար թագավորը» (Le Roi Babar, 1933), «Բաբարի այբուբենը» (ABC de Babar, 1934) և այլն[13][16]։ Դրանք մեծ հաջողություն են ունեցել ինչպես գրքերի, այնպես էլ նկարազարդումների մեծ ձևաչափի շնորհիվ, որոնք հաճախ զբաղեցնում էին ամբողջ բացվածքը (որն այն ժամանակ նորություն էր)։ Վառ ջրաներկները՝ զուգորդված գծագրի պարզության և մտածված կոմպոզիցիայի հետ, ստեղծում էին ուրախ, տոնական տրամադրություն[7][11]։ Ըստ Մորիս Սենդակի՝ Ժան դը Բրյունոֆի ստեղծագործությունները «ընդմիշտ փոխել են պատկերազարդ գրքի դեմքը»[16]։
1930-ական թվականների սկզբին դը Բրյունոֆի մոտ ախտորոշվել է ողնաշարի տուբերկուլյոզ։ 1937 թվականին, երեսունյոթ տարեկան հասակում, նա մահացել է և թաղվել Պեր Լաշեզ գերեզմանատանը[16][11]։ Բաբարի մասին վերջին երկու գրքերը հրատարակվել են հետմահու[16]։
Ժան դը Բրյունոֆի մահից հետո Բաբարի մասին գրքերի շարքը շարունակել է նրա որդին՝ Լորանը, որը մանուկ հասակում սիրում էր հետևել իր հոր աշխատանքին[12]։ Նրա աշխատանքները հաճախ մակարդակով զիջում են Ժանի աշխատանքներին[14], սակայն Լորան դը Բրյունոֆին հաջողվել է ոչ միայն երկարացնել հոր ստեղծած կերպարի կյանքը, այլև, առանց ոճի արմատական փոփոխությունների, նրան մոտեցնել հաջորդ սերունդներին[17][12]։
Բաբարի մասին գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով[11], բրիտանական հրատարակության նախաբանը գրել է Ալան Ալեքսանդր Միլնը[14]։ Դրանց հիման վրա նկարահանվել են բազմաթիվ մուլտֆիլմեր ու անիմացիոն սերիալներ[11]։ 1940 թվականին Ֆրանսիս Պուլենկը ստեղծել է համանուն կոմպոզիցիա պատմողի և դաշնամուրի համար՝ հիմնված «Բաբարի պատմությունը» գրքի վրա (Histoire de Babar le petit éléphant)[11][18]։ Բաբարը շարունակում է հայտնի մնալ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ արտերկրում[12]. նրան անվանում են «Աշխարհի ամենամանկական կերպարը[19]»՝ «մանկության համընդհանուր խորհրդանիշ[16]»: Սիլվեն Թեսոնը Բաբարի ֆենոմենի մասին գրել է. «Հայր և որդի Բրյունոֆները հանճարեղ են նրանով, որ երկրային կաթնասունների մեջ ամենածանրից նրանք ստեղծել են նրբության մարմնացում[12]»: Միշել Պաստուրոյի համար կարևորն այն է, որ Բաբարը «... ոչ մի կերպ չի հիշեցնում Ուոլթ Դիսնեյի ֆիլմերի հերոսներին՝ խառնաշփոթ և երբեմն գռեհիկ։ Նա բոլորովին այլ է՝ գեր, մոխրագույն, բարեսիրտ, ազնիվ, սակավախոս»։
Ժան դը Բրյունոֆի ստեղծագործությունների բնօրինակները պահվում են Ֆրանսիայի Ազգային գրադարանում և Նյու Յորքի Մորգանի գրադարանում։ 2011 թվականին, ի պատիվ Բաբարի ութսունամյակի, ազգային գրադարանում և դեկորատիվ արվեստի թանգարանում տեղի ունեցան նրան նվիրված ցուցահանդեսներ[12]։ Շեսիում, որտեղ «ծնվել է» Բաբարը, Ժան դը Բրյունոֆի անունով կոչվել է հրապարակ (Place Jean de Brunhoff)[20]։