Ժիլ Բրալթար ֆր.՝ Gil Braltar | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | երգիծանք |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նախորդ | Ճանապարհ դեպի Ֆրանսիա |
Հաջորդ | Երկու տարի արձակուրդ |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակված է | Le Petit Journal |
Հրատարակման տարեթիվ | հունվարի 2, 1887 |
Gil Braltar Վիքիպահեստում |
Ժիլ Բրալթար (անգլ.՝ Gil Braltar), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի երգիծական պատմվածքը։ Այն գրվել է 1886 թվականին։ Բնօրինակի նախնական հրատարակությունը կայացել է 1887 թվականի հունվարի 2-ին «Petit Journal» ամսագրում։ Այն մտել է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրքային առաջին հրատարակությունը լույս է տեսել 1887 թվականի հոկտեմբերի 3-ին «Ճանապարհ դեպի Ֆրանսիա» վեպի հետ միասին։ Նկարազարդումները կատարվել են Ժորժ Ռուի կողմից։
Իրադարձությունները տեղի են ունենում Անգլիայի գաղութ Ջիբրալթարում։ Ջիբրալթարը Եվրոպայի և Աֆրիկայի միջև գտնվող տասնութ կիլոմետրանոց Ջիբրալթարի նեղուցում գտնվող ամրոց է։ Նրա հրամանատարը՝ մի այլանդակ արտաքինով, բրիտանական գեներալ Մակ Կեկմեյլն է։
Պատմվածքի գլխավոր հերոսը Ժիլ Բրալթարն է, որը շատ հայրենասեր է։ Նրա ուղեղը մի քիչ ցնորված է։ Մոտ տասը տարի նրա մասին ոչ մեկը տեղեկություն չուներ և նրան համարում էին մահացած։ Բայց նա ոչ մի տեղ չի հեռացել իր հայրենիքից, այլ ապրում է իր նման՝ դատողությունից զուրկ վայրենիների հետ, որոնք ենթարկվում են միայն կենդանական բնազդներին, Սան Միգելի քարանձավներում։
Գիշերը, հանկարծակի, գեներալի սենյակ է մտնում համհարզը և հաղորդում, որ քաղաքը գրավված է, ենթադրաբար, իսպանացիների կողմից։ Որոշ ժամանակ անց սենյակ է ներխուժում մի տարօրինակ արարած և գեներալին առաջարկում է հանձնվել։ Գեներալի բացասական պատասխանից հետո, սենյակ են ներխուժում հարյուրավոր կապիկներ։ Այդ տարօրինակ արարածում բրիտանացիները ճանաչում են Ժիլ Բրալթարին, որը իր վրա էր գցել կապկի մորթի և հանդիսանում էր «Կապիկների բանակի» հրամանատար։ Սակայն, մինչ կապիկները կհասցնեին տիրել սենյակին, բրիտանացի զինվորները հանում են ժիլ Բրալթարի վրայից կապկի մորթին և նա մնում է մերկ։
Շուտով կապիկները, որոնք գրավել էին ամրոցի փողոցները, սկսում են նահանջել։ Նրանց ղեկավարում է նրանց առաջնորդը։ Մի՞թե Ժիլ Բրալթարին հաջողվել էր ազատվել սենյակից։ Նա բոլոր կապիկներին դուրս տարավ ամրոցից։ Ի՞նչը ստիպեց նրանց նահանջել։
Ամեն ինչ պարզվեց այն ժամանակ, երբ գեներալ Մակ Կեկմեյլը հայտնվեց զինվորների առջև։ Այդ նա էր փաթաթվել Ժիլ Բրալթարլ կապկի մորթով և կապիկներին դուրս տարել ամրոցից։ Նա այնքան էր նման կապկի, որ ոչ մեկը ոչինչ չկասկածեց։ Շուտով գեներալի խորամանկությունը արժանի պարգևատրում ստացավ։ Գեներալը պարգևատրվեց Սուրբ Գևորգի շքանշանով։
Իսկ Ժիլ Բրալթարին վաճառեցին Բարնումին, որը Հին և Նոր Աշխարհում, նրան ցուցադրելով հասարակությանը, մեծ գումարներ վաստակեց։ Բարնումը նրան ներկայացնում էր ոչ թե որպես Սան Միգելի վայրենի մարդ, այլ որպես գեներալ Մակ Կեկմեյլ։
Պատմվածքը բաժանված է չորս գլուխների[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլ Բրալթար» հոդվածին։ |