Ժիրայր, Հարություն-Մարտիրոս Պոյաճյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1856 |
Ծննդավայր | Հաճըն, Կիլիկիա |
Մահացել է | 1894 մարտի 24[1] |
Մահվան վայր | Յոզղաթ (Սեբաստիայի նահանգ) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիդայի, քաղաքական գործիչ և ուսուցիչ |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն[2] |
Ժիրայր, Հարություն-Մարտիրոս Պոյաճյան (ծնվ. 1856, Հաճըն, Կիլիկիա - 1894, Յոզղաթ, Սեբաստիայի նահանգ), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ։
Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) եղբայրը։
Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ակտիվորեն զբաղվել է հեղափոխական գաղափարների տարածմամբ, հայոց պատմության, հայերեն երգերի, զինվորոկան վարժանքների ուսուցմամբ։
Ծնվել է 1856 թվականին Հակոբ և Սառա Պոյաճյանների ընտանիքում։ Ժիրայրի եղբայրը՝ Համբարձումը և քույրը՝ Հայկանուշը, իրենց ևս նվիրվել են օսմանյան տիրապետության դեմ պայքարին[1]։
1872-1874 թվականներին սովորել է ծննդավայրի Վարդանյան դպրոցում, ապա՝ Կոստանդնուպոլսում։ Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է ուսուցչությամբ։
1875 թվականին մեկնել է Ռուսաստան և այնտեղ է մնացել մինչև 1889։ Այնուհետև մեկնել է Երուսաղեմ, իսկ ապա Հաճըն, որտեղ կրկին զբաղվել է ուսուցչությամբ։ Դրանից հետո ուսուցչությամբ է զբաղվել Գրգաղաճ գյուղում, որտեղ երեխաները թրքախոս էին։ Նա ձեռնամուխ է եղել հայոց պատմություն և հայերեն երգեր սովորեցնելուն, որի պատճառով էլ հետապնդվել է թուրքական ոստիկանության կողմից։
Հալածանքներից խուսափելու համար նա մեկնել է Այնթափ, իսկ այնուհետև Տեորթ Յոլ, որտեղ էլ ուսուցչությամբ է զբաղվել և աշակերտներին նույնիսկ զինավարժության մարզանք է սովորեցրել։ Այստեղ էլ նա դարձել է կասկածելի անձնավորություն և ստիպված է եղել մեկնել Ադանա, իսկ այնուհետև Հաճըն[1]։
Հաճընում նա սկսել է հեղափոխական գաղափարներ տարածել։ Բանտից խուսափելու համար Ժիրայրը տեղափոխվել է Էվերեկ, իսկ այնուհետև Ենիճե, Թոմարզա, Չոմագլը, Կեսարիա, Յողզատ, Տիվրիկ, Բինկյան և Երիզա։ Վերջին երկու քաղաքներում նա զբաղվել է ուսուցչությամբ։ Աշակերտներին նաև սովորեցրել է զինավարժություն և տեղագրություն, ինչպես նաև հեղափոխական գաղափարներ է սերմանել։
Սնիճան գյուղում, որտեղ կար 35 տուն հայ և 40 տուն թուրք բնակիչ, տեսել է աշխատավոր ժողովրդի վիճակը։ Ժիրայրի դրդմամբ հայ և թուրք բնակիչները միացել են և գյուղը հսկող Օսման բեյին պահանջ են ներկայացրել հարկերը նվազեցնելու։ Նրանց են միացել նաև հարևան գյուղերի հայ և թուրք բնակիչները։ Օսման բեյը դիմել է կառավարությանը, որը զորք է ուղարկել, սակայն տեսնելով երկու ժողովուրդների համերաշխությունը, չի կարողացել ոչինչ ձեռնարկել։
Սնիճանից հետո Ժիրայրը հաստատվել է Տեորթ Յոլում, որտեղ իր քրոջ՝ Հայկանուշի հետ զբաղվել է ուսուցչությամբ։
Ժիրայրը հայերին հորդորում էր.
![]() |
Սիրէ հայերէնը, նամանաւանդ իմաստասիրէ մեր ազգային անցեալ եւ ներկայ պատմութիւնը. այն ատեն պիտի համոզուիս, թէ հայն աշխարհի համար ապրած է եւ յաւիտեան իրաւունք ունի։ | ![]() |
Ժիրայրը ֆիդայիների մի խումբ է կազմել և որպեսզի կառավարության ուշադրությունն իր վրա չշեղի, իր խումբը կոչել է «Չելլո»։
Հայդուկների համար կարևոր հավաքատեղի էր Թալասից ոչ հեռու գտնվող Տերեվանքը, քանի որ այնտեղի վանահայր Դանիել վարդապետը Ժիրայրի ամենաջերմ համախոհն էր։
1892 թվականին Տերեվանքում հայդուկների ժողով է գումարվել, որտեղ որոշվել է նրանց բաժանել 3 խմբի։ Ընդհանուր ղեկավար է դարձել Ժիրայրը, իսկ խմբերի ղեկավարներ են դարձել Կեսարիայի շրջանում Մեծ Չելլոն (Թորոս Ծառուկյան), Հալեպում Միրիջանը, իսկ Սեբաստիայի շրջանում՝ քենիքմացեցնի Վարդոն[1]։
1892 թվականին պատրաստել և տարածել է Աբդուլ Համիդ II-ի վարչակարգը տապալելու կոչով թռուցիկներ։ Թռուցիկի բովանդակությունը եղել է հետևյալը.
Թռուցիկների հետևանքով ձերբակալվել են մոտ 850 հայեր։ Նրանց թվում կային մտավորականներ, առևտրականներ և գյուղացիներ։ Զնդանում հայերին ահավոր խոշտանգումների են ենթարկել։ Նրանցից 56-ը դատապարտվել են։ Ժիրայրը, որ մինչ այդ անորսալի էր թուրքական կառավարության համար, իմանալով, որ իր պատճառով հարյուրավոր հայեր տառապում էին, լեռներից իջել է Թերլիզի գյուղ և հանձնվել իշխանություններին։
Դատավարությունը տևել է 16 օր, որտեղ Ժիրայրը հայտարարել է.
![]() |
Մեր դատը` դատն է այս երկրին, ժողովուրդին ու հայրենիքին աւերումը փութացող վարչաձեւին փոփոխման։ Միլիոնաւոր իսլամ եւ քրիստոնեայ անմեղներ կը տառապին անարդար օրէնքներու տակ։ Մեր նպատակն է ազատել անհատի հոգին եւ ստացուածքը կեղեքումէ եւ յարձակումէ։ Դատարաններու մէջ եղած անարդարութիւնը եւ կաշառակերութիւնը խեղճ ժողովուրդը ենթարկած է թշուառութեան եւ ստրկութեան։ - Ժիրայր[3]
|
![]() |
1894 թվականի մարտի 24-ին Թուրքիայի Անկարա վիլայեթի Յոզղաթ կենտրոնում Ժիրայրին հրապարակավ բերել են կախաղանի մոտ[1][4]։ Նրան հարցրել են, թե արդյոք կուզենա վերջին խոսք ասել, Ժիրայրն ասել է «այո» և հրապարակայնորեն սկսել է մերկացնել թուրքական կառավարությանը։ Թուրքական պաշտոնյաները մեռնողի վերջին խոսքը խանգարելու նպատակով նվագախմբին կարգադրում են նվագել։ Ժիրայրը մինչև վերջ ասել է իր ճառը, ապա ինքն իր ձեռքով թոկը գցել է վիզը և ոտքերի տակից հրել աթոռն ու կախվել։
Հաջորդ օրը հայկական եկեղեցին մերժել է ընդունել Ժիրայրի դին։ Մարմինը թաղել են բողոքականների գերեզմանոցից 20-30 մետր հետո, իսկ որոշ ժամանակ անց Ժիրայրի ընկերներից մեկի բակում։ Երբ այդ ընկերը մեկնել է Ամերիկա, դին վերաթաղվել է մի ուրիշ ընկերոջ բակում։ 1908 թվականին Երիտթուրքական հեղափոխությունից հետո Ժիրայրի դին հանդիսավոր կերպով հանվել է հողից և վերաթաղվել հայկական եկեղեցու բակում[1]։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 376)։ ![]() |
|