Գյուղ | |||
---|---|---|---|
Լուսաղբյուր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Գյուղ | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
ԲԾՄ | 1800 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 917[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Լուսաղբյուր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 42 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Ջաջուռի լեռնանցքի հյուսիսարևելյան մասում՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Լուսաղբյուր 1946 թվականի ապրիլի 26-ին[3]։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և շաքարի ճակնդեղի մշակությամբ։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850-1900 մ բարձրության վրա, տեղակայված է Ջաջուռի լեռնանցքի հյուսիսարևելյան մասում, հաճախակի են հյուսիսային սառը քամիները։ Ձմեռը երկարատև է և ցուրտ, իսկ ամառը կարճ և զով։ Համայնքի վարելահողերի 80% հիմնականում անջրդի են։ Ջրովի հողատարածքները (128 հա) ոռոգվում են Նալբանդի ջրանցքի միջոցով։ Մշտական (կանոնավոր) ոռոգելի է միայն տնամերձ հողերից 30 հա, որի պատճառով էլ արտադրվում է հիմնականում անասնակեր, քիչ քանակությամբ հացահատիկ, կարտոֆիլ և բանջարեղեն։
Լուսաղբյուր գյուղը բնակեցվել է 1828 թվականի Ռուս-պարսկական պատերազմի հետևանքով արևմտյան Հայաստանի Բասեն գավառից արտագաղթված ազգաբնակչությամբ։ Շուրջ 160 տարի առաջ գյուղը կրում էր օտարազգի անուն՝ Աղբոըլաղ, որ նշանակում է սպիտակ ջուր։ Եվ քանի որ սարերից հոսող ջրերն իսկապես սպիտակ, պարզ և զուլալ են, ուստի Աղբուլաղը վերանվանվեց Լուսաղբյուր։ Այս գյուղը նշանավորվել է նրանով, որ այստեղ էր հանգրվանում ռուսական բանակի կայազորը։
Գյուղի հիմնադրման առաջին իսկ տարիներից այստեղ կառուցվեց հայ առաքելական եկեղեցի, որին վիճակված էր այն նույն ճակատագիրը ինչ բոլոր գյուղական եկեղեցիներին։ 1920 թվականին այն փակվեց, իսկ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ հիմնահատակ ավերվեց։ Սբ. Փրկիչ մատուռը, որ միջնադարյան կառույց է համարվում, գտնվում է գյուղից 1.5 կմ արևմուտք։ Այն վերջերս է վերակառուցվել և վերաոծվել, դառնալով սրբատեղի գյուղի բնակիչների համար։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 917, առկա բնակչությունը՝ 881 մարդ[2]։ 1831 թվականից ի վեր բնակեցված է հայերով[4], որոնց նախնիների մի մասը 1829-1830 թվականներին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Վանի, Մուշի և Բասենի շրջանների գյուղերից[3]։
Լուսաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 152 | 768[4] | 1210 | 941 | 1350 | 1210 | 1056 | 779[6] | 998 | 917[2] |