Խուբս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։ Գտնվում էր Քղի քաղաքից 12 կմ արևմուտք, Խաչկոն (Խաչկոնց) լեռան հարավային. ստորոտին, սարավանդի վրա, շրջապատված Սիվրի լեռների ճյուղերով։
Ըստ ավանդության արաբ զորքերը տիրել են Ս. Կարապետ վանքին և միաբաններից հաց են խնդրել՝ անընդհատ կրկնելով «խուբս», որը արաբերենից նշանակում է հաց։ Այստեղից էլ գյուղի անվանումը մնացել է Խուբս։
Գյուղն ուներ փարթամ բուսականություն, բերրի արտեր և ջրառատ էր։
Խուբսը գավառի մարդաշատ հայաբնակ գյուղերից էր։ Եղել է դիմադրողական շարժման կենտրոն։ Կոտորածներն այստեղ սկսվեցին 1914 թվականի մայիսի 25-ից, որի ժամանակ մահացավ 1642 մարդ։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է։ Գյուղն ամայացել է։
1909 թվականին ուներ մոտ 1400 (200 ընտանիք) հայ բնակիչ։ 1915 թվականին փոքրիկ գյուղաքաղաք էր և ուներ 317 տուն՝ 2400 բնակչով, որոնց մեծ մասը XVIII դարում եկել էին Դերսիմից։
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղը նշանավոր էր իր գինիով։ Գյուղն ուներ բաղնիք, շուկա, մի քանի աղբյուրներ և ջրաղաց։
Խուբսն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի (հնում վանք) և Ս. Սարգիս անունով մատուռ։ Գյուղից 2 կմ հեռավորության վրա, բլրի գագաթին գտնվում էր Ս. Փրկիչ վանքը, որը ուխտատեղի էր։ Գյուղից 1-2 կմ հեռու, Սերկևիլ գյուղի մոտ, բարձր բլրի վրա գտնվում էր Ս. Փրկչի վանքը։
Գյուղն ուներ երկսեռ վարժարան, որը դեռ գործում էր Եղեռնի նախօրեին:։ Կ. Պոլսի Միացյալ ընկերությունը 1879 թվականին հիմնել էր վարժարան։ Գյուղում կար նաև մանկապարտեզ[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 97)։ ![]() |