Հեռավորությունը Վաղարշապատից՝ 2 կմ, մարզկենտրոնից 21 կմ հեռավորության վրա։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Քասաղ գետի հովտում, ծովի մակարդակից ունի 880մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գյուղում պահպանվել են Սբ. Աստվածածին եկեղեցու ավերակները։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծիածանի մշտական բնակչությունը կազմել է 1056, առկա բնակչությունը՝ 1012 մարդ[6]։ Մինչև 1918 թ. գյուղն ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն, այնուհետ եղել հայաբնակ[7]։ Ծիածանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[8].
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից և Պարսկահայաստանից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1190 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 62%, հետաշխատունակներ՝ 7%։
Գյուղն ունի 225 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Զանգվի ջրանցքի և Քասաղ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (161 հա), պտղատու (12 հա) և խաղողի այգիները (3 հա)։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղատնտեսական մթերքների իրացումը։