Կամսարականներ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ և նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | Մեծ Հայք |
Տիրույթներ | Արշարունիք և Շիրակ գավառներ |
Ծագում | Կարենյաններ |
Հիմնադիր | Կամսար |
Մեծագույն ներկայացուցիչ | Ներսեհ Կամսարական |
Հիմնում | 3-րդ դար |
Ավարտ | 8-րդ դար |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Քրիստոնեություն |
Կրտսեր ճյուղեր | Պահլավունիներ |
Կամսարականներ, նախարարական տոհմ միջնադարյան Հայաստանում (3-8-րդ դարեր)։
Կամսարականները սերել են պարթև Կարենյան իշխանական տոհմից, որին 3-րդ դարի կեսին կոտորել են Պարսից Սասանյանները։ Փրկված Կարենյաններից Պերոզամատի որդի Կամսարը ապաստանել է Հայաստանում և դարձել է Կամսարականների հիմնադիրը։
Հայոց արքա Տրդատ Մեծը (287-330) Կամսարականներին որպես ժառանգական կալվածք պարգևել է արքունապատկան Շիրակ և Երասխաձոր գավառները՝ նրան դասելով հայ ավագ նախարարների կարգը։ Կամսարականները շուտով խնամացել են Մամիկոնյաններին ու Արշակունիներին, քաղաքական սերտ միություն հաստատել նրանց հետ։ Հայոց զորաբանակին տվել են 600 հեծյալ մարտիկ, հավատարմորեն ծառայել Արշակունիներին, աչքի ընկել արիությամբ, դիվանագիտական, կազմակերպչական հմտություններով։ Կամսարականների իշխանության կենտրոնն էր Արտագերս ամրոցը։
Խոսրով Գ Կոտակ արքայի (330-338) և Վաչե սպարապետի մահից հետո պետության խնամակալությունը և սպարապետության գործը հանձնարարվել է Մամիկոնյանների փեսաներին՝ հազարապետ Արշավիր Կամսարականին և Անդովկ Սյունուն։ Մռուղն դաշտում հաղթելով պարսկական զորքին՝ նրանք պահպանել են երկրի անկախությունն ու Տիրան Արշակունու գահը։ Վերջինիս դավադրական ձերբակալությունից հետո Արշավիրն ու Անդովկը, կրկին ստանձնելով երկրի վերակացությունը, հռոմեական զորքի օգնությամբ Ոսխայի ճակատամարտում հաղթել են պարսկական բանակին և Հայոց գահին հաստատել Տիրանի որդի Արշակ Բ Արշակունուն։
350–ականի վերջին վախճանված Արշավիրին հաջորդել է եղբայրը՝ Ներսեհը։ Արշակ Բ–ի դեմ նախարարների խռովությունը և Արշակավան քաղաքի կործանմանը մասնակցելու համար Ներսեհը և Կամսարականների բազմաթիվ պայազատներ սրատվել են, իսկ նրանց կալվածները միացվել արքունի ոստանին։ Արքայի վրեժից խուսափելով՝ Արշավիրի որդի Սպանդարատը, կնոջ՝ Արշանուշ Արշակունու և որդիների՝ Գազավոնի ու Շավարշի հետ առժամանակ ապաստանել է Հայաստանում։ Ձիրավի ճակատամարտում (371) պարսկական բանակի դեմ ցուցաբերած քաջության համար Պապ թագավորը նրան վերադարձրել է հայրենի կալվածները։
387 թվականի Հայաստանի բաժանումից հետո Սպանդարատի որդի Գազավոնը, որպես հակասասանյան, անցել է Հայաստանի բյուզանդական մասում թագավորող Արշակ Գ–ի կողմը։ Այդ պատճառով Պարսից բաժնում թագավորող Խոսրով Դ-ն բռնագրավել է Գազավոնի տիրությունը։ Արշակ Գ–ի մահից հետո Գազավոնը կարգադրվել է Հայաստանի բյուզանդական մասի վերակացու։ Բյուզանդիայից հիասթափված հայ նախարարները նրա գլխավորությամբ դիմել են Խոսրով Դ–ին՝ վերջինիս գերիշխանությունը ընդունելու ցանկությամբ։ Խոսրով Դ-ն համաձայնվել է, իսկ Գազավոնը նորից ստացել է Շիրակն ու Արշարունիքը։
Դժգոհելով հայոց արքայի քաղաքականությունից Պարսից արքունիքը 391 թվականին Խոսրովի հետ գերել և բանտարկել է նաև Գազավոնին ու նրա որդի Հրահատին, բռնագրավել Կամսարականների կալվածները։ Շավարշը սպանվել է գերության տարվող եղբորն ու արքային ազատելու փորձի ժամանակ։ V դ սկզբին Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևի միջնորդությամբ Պարսից արքունիքը վերահաստատեց Կամսարականների իշխանական գահն ու պատիվը՝ ի դեմս Հրահատի։ Արշակունիների անկումից հետո Կամսարականները ավելի մերձացան Մամիկոնյաններին։
449-451 թվականների հայ ազատագրական պատերազմի ժամանակ Վարդան Մամիկոնյանի կողմում Կամսարականներից կռվել են Արշավիր Բ իշխանը, Թաթ, Վարձ և Աշոտ պայազատները։ Խաղխաղի ճակատամարտում (450) Արշավիրը գլխավորել է Հայոց զորքի աջ թևը, Ավարայրի ճակատամարտում (451)՝ Վարդան և Համազասպ Մամիկոնյանների հետ՝ պահեստազորը։ Ավարայրի ճակատամարտից հետո Տիզբոնում Արշավիրի ատենախոսության շնորհիվ բացահայտվել է Հայաստանում թագավորությունը վերականգնելու Վասակ Սյունու գաղտնի ծրագիրը։ Պարսից ատյանը Վասակին դատապարտվել է մահվան, իսկ Արշավիրին աքսորել Վրկանից աշխարհ։
Պարսից նոր արքա Պերոզը 465 թվականին, երբ հայ աքսորյալներին հայրենիք վերադարձնելու իրավունք է շնորհել, Արշավիրը հաստատվել է հայրենի Արշարունիքում, որտեղ և մահացել է 470–ական թվականներին։ Նրա որդիներ Ներսեհը և Հրահատը, դաստիարակվելով Մամիկոնյան իշխանուհի Ձվիկի ապարանքում, պարսկական նվաճողների դեմ ազատագրական նոր պատերազմում դարձել են Վահան Մամիկոնյանի քաջարի զինվորները և նշանավորվել Ակոռում, Բագավանում տեղի ունեցող հերոսական մարտերում։ Նվարսակի պայմանագրից և Հայաստանի ինքնավարության վերականգնումից հետո, Վահան Մամիկոնյանի միջնորդությամբ Կամսարականների նահապետ դարձավ Ներսեհը։
570 թվականին Արշարունիքի տանուտեր է հիշվում նրա եղբայր Սահակը։ 530-540–ին Բյուզանդիայի հայտնի հայ զորավարներ Նարսեսին, Արատիոսին և Իսակեսին Ղևոնդ Ալիշանը համարում է Կամսարականների տոհմից։ 591-629 թվականներին Հայաստանի համար պարսկա–բյուզանդական ընդհարումների ժամանակ Կամսարականները պայքարել են նվաճողների դեմ։ 629-654 թվականներին Հայաստանում ստեղծված համեմատաբար նպաստավոր պայմաններում Կամսարականների տանուտեր Ներսեհ Բ զբաղվել է շինարար աշխատանքներով։ Ներսեհ Գ-ն 689-693–ին վարել է Հայոց իշխանի պաշտոնը, կրել բյուզանդական «կոմս» տիտղոսը։ Ներսեհի թողած արձանագրություններից մեկում հիշվում են նրա տիկնոջ՝ բարեգործ Շուշան Մամիկոնյանի և որդի Հրահատի անունները։
Համաձայն Թումանոֆֆի[1] | Համաձայն Սետտիպանիի[2] | Այլ կոչումներ | Նշումներ | ||
---|---|---|---|---|---|
Տարիներ | Անուն | Տարիներ | Անուն | ||
?-325 | Կամսար | 313-325 | Կամսար | ||
315-355 | Արշավիր Ա | 315-353/9 | Արշավիր Ա | սպարապետ | ամուսնացել էր Վաչե Մամիկոնյանի դստեր հետ |
-359- | Ներսեհ Ա | ||||
355-378/387 | Սպանդարատ | 353/9-369/378 | Սպանդարատ Ա | ամուսնացել էր Արշանուշի՝ Խոսրով Դ-ի դստեր հետ | |
378/387-? | Շավարշ | 378-392 | Գազավոն Ա | ||
392-? | Շավարշ | ||||
-415- | Հրահատ Ա | -414- | Հրահատ Ա | ||
?-428 | Սպանդարատ Բ | ||||
-428- | Գազավոն Ա | -433- | Գազավոն Բ | ||
449 - 460 | Արշավիր Բ | -455- | Արշավիր Բ | ամուսնացել էր Վարդանույշի՝ Վարդան Մամիկոնյանի դստեր հետ | |
460 - 487 | Վահան Ա | -485- | Ներսեհ Բ | ||
487- ap.505 | Իսահակ Ա | 490-505 | Սահակ Ա | կառուցել է Տեկորի տաճարը | |
505-555 | Գազավոն Բ | ?-530 | Ներսեհ Գ | ||
Գազավոն Գ | |||||
555-571 | Զաուրոկ | 555-571 | Զաուրակ | ||
Արշավիր Գ | |||||
-615- | Սահակ Բ | ||||
-629- | Եվսերկ | ||||
591-637 | Նարսես Ա | 615-637 | Ներսեհ Դ | պարսից զորավար | |
637 | Վահան Բ | Վահան Բ | |||
689-691 | Նարսես Բ | 688-691 | Ներսեհ Ե | Հայոց իշխան 689 - 693 | |
691- | Նարսես Գ | ամուսնացել էր Շուշանի հետ | |||
720 | Հրահատ Բ | -696- | Հրահատ Բ | ||
-696- | Գրիգոր | ||||
740 | Արտավազդ | 726-732 | Արտավազդ | Հայոց իշխան 726 - 732 | ամուսնացել էր Գրիգոր և Մուշեղ Մամիկոնյանների քրոջ՝ Շուշանի հետ |
750-785 | Նարսես Դ | -785 | Ներսեհ Զ |
Կամսարականների տոհմի ներկայացուցիչներն աչի են ընկել շինարարական ու մշակութանպաստ գործունեությամբ։ Ներսեհ Գ-ն է կառուցել Թալինի Կաթողիկե և Սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Կամսարականներն են հովանավորել Մրենի տաճարի, Կամրջաձորի վանքի (նույնացվում է ժամանակակից Զոր գյուղի եկեղեցու հետ), Խծկոնքի համալիրի Սուրբ Կարապետ եկեղեցու, Ծպնի գյուղի եկեղեցիների (բոլորն էլ այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում) կառուցումը։ Կամսարականներն են հիմնադրել Բագրատունյաց Հայաստանի ապագա մայրաքաղաք Անին։
Կամսարականների տոհի զինանշանի վրա ցուլի (գուցե՝ եզան) պատկերն է դաջված եղել (հատկանշական է, որ «կամսար» բառը պարսկերեն նշանակում է «եզան գլուխ ունեցող»)։ Մեզ հասած միակ օրինակը պահպանվել է Ծպնիի եկեղեցում (Կարսի մարզ, Նախիջևան գյուղի հյուսիսարևմտյան կողմում)։ Այն և՛ արտաքուստ, և՛ ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Կառուցվել է 7-րդ դարում։ Եկեղեցիների այդ տիպին են պատկանում Արթիկի շրջանի Լմբատավանքը և Ապարանի շրջանի Լուսագյուղի Վերին վանքը։
Եկեղեցու ներսում այլ պատկերների թվում փորագրված է Կամսարականների զինանշան-հարթաքանդակը։ Այն զբաղեցնում է շարաքարերից զգալիորեն մեծ մի ամբողջական քարի երես։ Ցուլը պատկերված է կանգնած՝ գլխով՝ ձախ ուղղությամբ։ Կենդանին հզոր կառուցվածք ունի, ողնաշարը ուղիղ ու ձիգ է, ոտքերը ամուր և կորովի. գլխով շրջված դեպի դիտողը։ Արտաքին նշաններից երևում է, որ ցուլը ցանկացած վայրկյան պատրաստ է հարձակման և հարվածի։ այդ են հաստատում աչքերի ուռած ելուստները, հուր ցայտելու պատրաստ ռունգերը, վզի ձգվածությունը, դեպի վեր ծռված առջևի ոտքերը (ցուլը մարտից առաջ միշտ ոտքով փորում է գետինը) և ձգված պոչը։ Ցուլի պատկերը շարժուն է, թափանցիկ, կենդանի, թեև քանդակագործը ոչ մի մանրամասն չի շեշտել, բացի կենդանու եղևնանախշ պարանոցից։
Որդեգրելով ցուլի պատկերը՝ Կամսարականները, հավանաբար, իրենց վերագրել են առասպելական ուժի, աննկուն կռվողի, ցանկացած նպատակ իրագործողի խորհրդանիշ-գաղափարներ, որոնք լիովին կարողացել են ապացուցել իրենց հայրենանվեր գործունեությամբ[3]։
8-րդ դարի վերջին Կամսարականներն ամբողջ Շիրակն ու Արշարունիքը վաճառեցին Բագրատունիներին։ Այնուհետև Կամսարականների շառավիղները հանդիպում են Փոքր Ասիայում և Բյուզանդական կայսրության այլ շրջաններում։ Կամսարականների մի մասը, հաստատվելով այնտեղ, նկատելի հետք է թողել այդ երկրի պատմության մեջ։
Ղևոնդ Ալիշանը վկայություն ունի այն մասին, որ Բյուզանդիայի հայազգի զորավարներ Նարսեսը, Իսակեսը եւ Արատիոսը եղել են Կամսարականների գերդաստանից։
Կամսարականների հետնորդները մինչ այժմ շարունակում են ապրել Հայաստանում և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հայկական գաղթօջախներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 215)։ |