Կյուիտի Տոկուդա (սեպտեմբերի 12, 1894(1894-09-12)[1][2], Նագո, Օկինավա, Ճապոնիա - հոկտեմբերի 14, 1953(1953-10-14)[1][2], Պեկին, Չինաստան), Ճապոնիայի բանվորական շարժման գործիչ, Ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) հիմնադիրներից։
Ծնվել է տպագրիչ-բանվորի ընտանիքում։ Մասնակցել է Տոկիոյում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ելույթներին («Բրնձային խռովություններ», 1918)։ Տոկիոյի Նիհոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց (1920) հետո քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալել։ Մասնակցել է 1922 թ. հունվար-փետրվարին Մոսկվայում կայացած Հեռավոր Արևելքի կոմունիստական և հեղափոխական կուսակցությունների 1-ին համագումարին։ ՃԿԿ 1-ին համագումարում (1922) ընտրվել է ՃԿԿ ԿԿ անդամ։ Կյուիտի Տոկուդա 1923-1927 թթ. ՃԿԿ այլ ղեկավարների հետ գլխավորել է աջ օպորտունիստական լիկվիդատորական և ձախ օպորտունիստական աղանդավորական թեքումների դեմ կուսակցության պայքարը։ 1926-1927 թթ. երկու անգամ անլեգալ մեկնել է Ճապոնիայից և մասնակցել Կոմինտերնի գործկոմի աշխատանքներին։ 1928 թ. ձերբակալվել է և մոտ 7 տարվա դատական քաշքշուկից հետո դատապարտվել 10 տարվա բանտային կալանքի։ Ազատվել է միայն 1945 թ.՝ երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո։ 1945 թ. դեկտեմբերին ընտրվել է կուսակցության ԿԿ գլխավոր քարտուղար։ 1946 թվականից Ճապոնիայի պառլամենտի անդամ էր։ Նոր ձերբակալումից խուսափելով՝ 1950 թվականի ամռանն անցել է ընդհատակ և, չնայած առողջական ծանր վիճակին, շարունակել է ղեկավարել ՃԿԿ։ Մահացել է Չինաստանում, ուր մեկնել էր բուժման։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|