Հենրիկ Արցտովսկի լեհ.՝ Henryk Arctowski | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1871[1][2] Վարշավա, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | փետրվարի 21, 1958[1][2] (86 տարեկան) Վաշինգտոն, ԱՄՆ[3] |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, երկրաբան և օդերևութաբան |
Հաստատություն(ներ) | Սմիթսոնյան ինստիտուտ, Լվովի համալսարան և Նյու Յորքի հանրային գրադարան |
Գործունեության ոլորտ | Օդերևութաբանություն |
Անդամակցություն | Լվովի գիտական ընկերություն և Polskie Towarzystwo Geologiczne? |
Ալմա մատեր | Լյեժի համալսարան և Փարիզի գիտությունների ֆակուլտետ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1], անգլերեն[1] և լեհերեն[1] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Jane Arctowska? |
Henryk Arctowski Վիքիպահեստում |
Հենրիկ Արցտովսկի (անգլ.՝ Henryk Arctowski,, ծնունդով՝ Հենրիկ Արցտ հուլիսի 15, 1871[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 21, 1958[1][2], Վաշինգտոն, ԱՄՆ[3]), լեհ գիտնական, բևեռախույզ։ Մասնակցել է անտարկտիկական առաջին ձմեռմանը, համաշխարհային ճանաչում ունեցող օդերևութաբան է։ Նրա պատվին են անվանակոչվել աշխարհագրական մի շարք օբյեկտներ, լեհական անտարկտիկական կայանը, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի մի շքանշան։
Հենրիկ Արցտովսկին ծնվել է 1871 թվականի հուլիսի 15-ին Վարշավայում, վյուրթեմբերգյան արմատներով ընտանիքում։ 1888 թվականին ընդունվել է Լիեժի համալսարան, որտեղ ուսանել է մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, իսկ ավելի ուշ Սորբոնում սովորել է քիմիա և երկրաբանություն։ Ուսումն ավարտելուց հետո 1893 թվականին վերադարձել է Լիեժ, որտեղ աշխատել է պրոֆեսոր Շպրինգի լաբորատորիայում[5]։ 1893 թվականին դիմել է բելգիական կառավարությանը՝ խնդրելով, որ ազգանունը փոխեն Արցտովսկի։
1895 թվականին մասնակցել է Բելգիայի անտարկտիկական արշավախմբի աշխատանքներին, որն առաջինն էր, որ ձմեռելու էր հարավային բևեռում։ Արշավախմբի նրա ընկերներից էին Ռուալ Ամունդսենը, Ֆրեդերիկ Կուկը և Էմիլ Ռակովիցան։ Արցտովսկին զբաղվել է գիտական աշխատանքի կոորդինացմամբ, և ինքն էլ կատարել է ֆիզիկական որոշ դիտարկումներ։ Նրա օգնականը եղել է ազգությամբ լեհ Անտոնի Դոբորովոլսկին։
Անտարկտիկայից վերադառնալուց հետո Հենրիկն ապրել է Բրյուսելում՝ Բելգիայի թագավորական աստղադիտարանում (այն ժամանակ ղեկավարը Ժորժ Լեկոնտն էր, որը գիտարշավի ղեկավարի օգնականն էր)՝ վերլուծելով գիտարշավի արդյունքները։ Նա հրապարակել ու կարդացել է դասախոսություններ ինչպես Բելգիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, շուտով ստացել է Բելգիայի քաղաքացիություն։ Լոնդոնում նա հանդիպել է ամերիկացի դերասանուհի և օպերային երգչուհի Արիան Ջեյն Էդիին, և 1909 թվականին նրանք ամուսնացել են։ Կնոջ հետ տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1911-1919 թվականներին գլխավորել է Նյու Յորքի հանրային գրադարանի գիտական բաժանմունքը[5]։ 1915 թվականին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն[6]։ Դարձել է «Հետազոտողների ակումբի» անդամ, որը հիմնադրել էր արշավախմբի նրա ընկեր Ֆրեդերիկ Կուկը։
1920 թվականին Արցտովսկին վերադարձել է արդեն անկախ Լեհաստան։ Իգնացի Յան Պադերևսկին նրան առաջարկել է կրթության նախարարի պաշտոն, սակայն գիտնականը հրաժարվել է և Յան Կազիմիրի համալսարանում ստանձնել երկրաֆիզիկայի ու օդերևութաբանության պրոֆեսորի պաշտոն։ Այս շրջանում Արցտովսկին գիտական ակտիվ գործունեություն է ծավալել. նրա և իր օգնականների ջանքերով տպագրվել է ավելի քան 140 գիտական աշխատանք։ Նա մասնակցել է նաև Գեոդեզիայի և գեոֆիզիկայի միջազգային միության գործունեությանը։ 1939 թվականին Արցտովսկին կնոջ հետ մեկնել է ԱՄՆ՝ IUGG համաժողովին մասնակցելու նպատակով։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, և նրանք այլևս երբեք չեն վերադարձել հայրենիք[5][6][7]։
Ամերիկայում Արցտովսկին դարձել է Սմիթսոնյան ինստիտուտի գիտաշխատող և չի դադարեցրել գիտական գործունեությունը մինչև իր մահը, նույնիսկ երբ 1950 թվականին ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից հիվանդության պատճառով։
Մահացել է 1958 թվականի փետրվարի 21-ին Բեթեսդայում (Մերիլենդ)։
Արցտովսկու անունով է կոչվել այն էֆեկտը, երբ լույսը, մթնոլորտում բեկվելով սառույցի բյուրեղներին, արևի շուրջ ստեղծում է լույսի երկու լրացուցիչ սիմետրիկ աղեղներ[8]։ Նրա պատվին են կոչվել նաև աշխարհագրական օբյեկտներ՝ Արցտովսկու լեռը և Արցտովսկու սառցադաշտը Շպիցբերգենում, Արցտովսկու գմբեթը, Արցտովսկու ծովախորշը, Արցտովսկու թերակղզին, Արցտովսկու նունատակը, Արցտովսկու պիկը Անտարկտիդայում։ Բացի այդ, նրա անունն է կրում լեհական հետազոտական կայանը Քինգ Ջորջ կղզում, և լեհական ռազմական ուժերի ORP Arctowski հետազոտական նավը։ Գիտնականի կինը սահմանել է Արցտովսկու հուշամեդալ, որով երկու տարին մեկ գիտությունների ակադեմիան պարգևատրում է «Արեգակի ֆիզիկայի և Երկիր-Արեգակ հարաբերությունների ուսումնասիրման» ոլորտում ձեռքբերումների համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Արցտովսկի» հոդվածին։ |
|