Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Մեխմանդար, Մեհմանդար, Միհմանդար, Շալլու, Շոռլու, Մեհմանդար անվանումները։ Հովտաշատ է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, Հրազդան և Արաքս գետերի միջագետքում։ Ծովի մակարդակից ունի 832 մ բարձրություն։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Հովտաշատի մշտական բնակչությունը կազմել է 3207, առկա բնակչությունը՝ 3139 մարդ[1]։ Նախկինում եղել է ադրբեջանաբնակ[3]։ Հովտաշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Գյուղն ունի առկա 1009 տնտեսություն, դպրոց, գրադարան։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1035 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 784 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, կազմելով 22 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և ձկնաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են 102 հա, խոտհարքերը՝ 26 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։