Մարքիզուհի Սանտա Կրուսի դիմանկարը (Գոյա)

Մարքիզուհի Սանտա Կրուսի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա
տարի1805[1]
բարձրություն124,7 սանտիմետր[1]
լայնություն207,7 սանտիմետր[1]
ստեղծման երկիր Իսպանիա
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան
Ծանոթագրություններ
 Marquesa de Santa Cruz (Goya) Վիքիպահեստում

«Մարքիզուհի Սանտա Կրուսի դիմանկարը» (իսպ.՝ Retrato de la Marquesa de Santa Cruz), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարը՝ ստեղծված 1805 թվականին։ Այժմ գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում։

Նկարում պատկերված Խոակինա Թելես-Խիրոնը (Joaquina Téllez-Girón) եղել է Օսունայի դուքսի դուստրը և ամուսնացած է եղել Խոսե Սիլվա-Բասանի (Jose Silva-Bazán) հետ, որը 1802 թվականին ժառանգել է մարքիզ Սանտա Կրուս տիտղոսը, իսկ ավելի ուշ դարձել է Պրադոյի առաջին տնօրենը։ Խոակինա Թելես-Խիրոնը եղել է իր ժամանակների Իսպանիայի ամենահարգված կանանցից մեկը, ծանոթ է եղել բազմաթիվ գրողների և պոետների հետ։ 1788 թվականին Գոյան «Դուքս Օսունայի ընտանիքը» նկարում պատկերել է նրան, երբ նա դեռ աղջնակ էր. այս նկարը ևս գտնվում է Պրադո թանգարանում։ 1805 թվականին արված դիմանկարում Գոյան մարքիզուհուն պատկերել է քնարական պոեզիայի մուսա Էվտերպայի դերում՝ բազմոցին պառկած և քնարը ձախ ձեռքում։ Այսօրինակ կերպարի ընտրությունը պայմանավորված էր մարքիզուհու՝ պոեզիայի նկատմամբ ունեցած բուռն սիրով։

Երկար տարիներ դիմանկարը գտնվել է մասնավոր հավաքածուում՝ Բիլբաոյում։ Հավաքածուի տերը ֆինանսական դժվարությունների և ժառանգության հետ կապված խնդիրների պատճառով 1980-ական թվականների սկզբին ստիպված է եղել վաճառել նկարը, և այն, ձեռքից ձեռք անցնելով, հայտնվել է լորդ Ուիմբորնի (Wimborne) հավաքածուում, իսկ 1986 թվականին Ուիմբորնը ցանկացել է այն վաճառել լոնդոնյան աճուրդում։ Միջազգային դատարան հայց ներկայացնելուց և մոտավորապես 6 մլն դոլար վճարելուց հետո իսպանական կառավարությանը հաջողվել է կանխել աճուրդը և ձեռք բերել «Մարքիզուհի Սանտա Կրուսի դիմանկարը», որը ցուցադրվում է Պրադո թանգարանում։

«Մարքիզուհի Սանտա Կրուսի» դիմանկարը Գոյայի այն նկարներից է, որում զգալի է կլասիցիզմի և, առաջին հերթին, այնպիսի ժամանակակիցների ազդեցությունը, որպիսիք են Դավիդը («Տիկին Ռեկամյեի դիմանկարը») և Կանովան («Պաոլինա Բոնապարտեի դիմանկարը Վեներայի կերպարով»), վարպետներ Գվերչինոն («Դիդոնայի մահը») և Ռեմբրանդը («Դանայա»

Դիմանկարում մարքիզուհու դիրքը հիշեցնում է առավել վաղ շրջանի «Մերկ մախան» ստեղծագործությունը, սակայն այս պարագայում Գոյան հետևում է գեղանկարչության ավանդական կանոններին և կոմպոզիցիան համալրում է առասպելական սյուժեներ հիշեցնող բազում դետալներով։ Այդ ամենի մեջ կարելի է նշել տերևները և խաղողի ողկույզները (հմմտ. «Բաքոս» Կարավաջո) կամ Էվտերպային պատկանող քնարը (հմմտ. «Պառնաս» Ռաֆայել)։ Այս ամենը դասական դպրոցի տարրեր են, որոնցից Գոյան հեռացել է աստիճանաբար։

Քնարի դեկորում գործածվել է նաև ազգային դեկորատիվ տարր. ռեզոնատորային բացվածքն արվել է լաուբուրայի տեսքով, որը հայտնի «բասկյան խաչ» անվանումով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Pierre Gassier, Goya, 1989, Roma, New Compton
  • A. E. Pérez Sánchez, Goya, Milano, 1990
  • F. Calvo Serraler, Goya, Milano, 1996
  • Renato Barilli, L’alba del contemporaneo: l’arte europea da Füssli a Delacroix, 1996, Feltrinelli
  • Janis Tomlinson, Goya, 2002, Phaidon
  • R. M. e R. Hagen, Francisco Goya, 2003, Roma, Editoriale L’Espresso
  • R. Maffeis (a cura di), Goya — La vita e l’arte — I capolavori, 2003, Milano, Rizzoli
  • Giuliano Serafini, Francisco Goya, 2004, Giunti