Միխայլո Միլովանովիչ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1879[1] |
Ծննդավայր | Gostinica, Սերբիա |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1941 (62 տարեկան) |
Մահվան վայր | Ուժիցե, Սերբիա |
Քաղաքացիություն | Սերբիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և գրող |
Թեմաներ | գեղանկարչություն[2], քանդակագործություն[2] և Ստեղծագործական և մասնագիտական գրություն[2] |
Անդամակցություն | Association of Fine Artists of Serbia? |
Mihailo Milovanović Վիքիպահեստում |
Միխայլո Միլովանովիչ (սերբերեն՝ Михаило Миловановић․ փետրվարի 24, 1879[1], Gostinica, Սերբիա - նոյեմբերի 28, 1941, Ուժիցե, Սերբիա), սերբ նկարիչ, քանդակագործ, գրող։ Համարվում է 20-րդ դարի առաջին կեսի սերբ մեծագույն նկարիչներից մեկը[3]։ Եղել է Սերբիայի նկարիչների ընկերակցության (Udruženja likovnih umetnika Srbije) հիմնադիրներից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, լինելով սերբական բանակի գերագույն հրամանատարության մարտանկարիչ, մասնակցել է ռազմական գործողությունների, ստեղծել վոյեվոդներ Ռադոմիր Պուտնիկի, Ժիվոյին Միշիչի, Պետար Բոյովիչի, Ստեպա Ստեպանովիչի, Սերբիայի թագավոր Պետար Առաջինի, ռեգենտ Ալեքսանդր Կարաջորջևիչի, գեներալ Պավլե Յուրիշիչ Շտուրմի դիմանկարները[4]։
1905 թվականին Միխայլոն ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որտեղ աշակերտել է Լյուդվիգ ֆոն Հերտերիխին, անվանի դիմանկարիչ Հուգո ֆոն Հաբերմանին։ Ակադեմիան ավարտել է 1909 թվականին[5]։ Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ ծանոթացել է իր մի քանի հայրենակիցների հետ[6]։
1912 թվականին վերադարձել է Սերբիա, և երբ սկսվել է բալկանյան առաջին պատերազմը, որպես կամավոր՝ միացել է սերբական բանակին, եղել առաջին գծում, նկարներ արել՝ իր մի քանի գործընկերների նման[6]։ 1915 թվականին մասնակցել է Ալբանիայով սերբական բանակի ծանր նահանջին։
Միխայլո Միլովանովիչը սպանվել է 1941 թվականի նոյեմբերի վերջերին Ուժիցեում[7], Իոսիպ Բրոզ Տիտոյի հրամանատարությամբ կռվող կոմունիստ պարտիզանների կողմից․ ենթադրվում է, որ վերջիններս նրան անգլիական լրտեսի տեղ էին դրել[8]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և Հարավսլավիայում սոցիալիստական կարգերի օրոք նկարչի անունը մոռացության է մատնվել, այն տարիներին արվեստի ասպարեզի հեղինակությունները նրա բազմաթիվ ստեղծագործություններ վերագրել են մեկ այլ նկարչի՝ Միլան Միլովանովիչին[9]։
Ուժիցեի ազգային թանգարանում պահվում են Միխայլո Միլովանովիչի մի շարք աշխատանքներ և արխիվային փաստաթղթերի կրկնօրինակներ, որոնք նվիրվել են թանգարանին[10]։
Միլովանովիչն իր ուժերը փորձել է նաև քանդակագործության և գրականության ասպարեզներում․ նա ստեղծել է մի շարք հուշարձաններ, գրել է «Լենդինայի ջրաղացը» (Lendina vodenica) վեպը, որը լույս է տեսել հեղինակի մահից ավելի քան հիսուն տարի անց։
Միխայլո Միլովանովիչը պարգևատրվել էր ալբանական Հիշատակի շքանշանով, Սուրբ Սավայի թագավորական շքանշանով, Հարավսլավական թագի շքանշանով[11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայլո Միլովանովիչ» հոդվածին։ |
|