Միրանդա Սինգս | |
---|---|
Միրանդա Սինգս (անգլ.՝ Miranda Sings), կատակերգական կերպար, որը հայտնի է դարձել համացանցում։ Ստեղծվել է 2008 թվականին։ Դրա հիմքում ընկած է ամերիկացի կատակերգու, դերասանուհի և Յություբի հայտնի դեմքերից մեկը՝ Քոլլին Բալինջերը[1]։ Բալինջերն իր ՅուԹյուբի ալիքում ցուցադրում է անտաղանդ, եսասեր և ճկուն կերպարի տեսահոլովակները։ Այս տեսահոլովակներում էքսցենտրիկ, ինքնասիրահարված կերպարը շատ վատ երգում է ու պարում, քննարկում ներկայում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք նա չի հասկանում, ցույց է տալիս հիմար «պարապմունքներ», համագործակցում ուրիշ բլոգերների հետ և քննադատում իր անձնական քննադատներին՝ կարդալով ատելության նամակների օրինակներ, որոնք ուղղված են կերպարին։ Նա դրանց պատասխանում է «Haters Back Off!» արտահայտությամբ։
Բալինջերը ստեղծել է կերպարը ծաղրելու համար վատ, սակայն ինքնասեր երգիչներին, ովքեր կարծում են, որ իրենց տեսահոլովակները ՅուԹյուբում տեղադրելն օգնելու է իրենց մտնել շոու բիզնես։ 2016 թվականի հունիսի դրությամբ՝ «Miranda Sings» ՅուԹյուբի ալիքը հավաքել էր 1 միլիարդ դիտում և 6, 5 միլիոն հետևող[2]։ «Daily American» թերթը Միրանդային անվանել է ՅուԹյուբի 7-րդ ամենահայտնի դեմքը[3]։ «NewMediaRockstars»-ը նրա ալիքը ճանաչել է բոլոր ժամանակների համար 38 ալիքը։ Կերպարն ակտիվ գործունեություն է ծավալում նաև ուրիշ սոցիալական ցանցերում։
Սկսած 2009 թվականից, ի հավելումն իր համացանցային տեսահոլովակների, Բալինջերը սկսեց Միրանդա Սինգսի կերպարով ցուցադրել կատակերգական շոուներ սկզբում համեստ վայրերում, իսկ հետագայում թատրոններում Նյու Յորքում, Լոնդոնում և ուրիշ քաղաքներում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում, Եվրոպայում, Կանադայում և այլն։ Նրա շոուները ներառում են Միրանդայի վատ երգեցողությունը և իր պատմությունները, ինչպես նաև շոուի ժամանակ նա լսարանի կամավորներին երգեցողության դասեր է տալիս, երգում է երաժշտական հայտնի դեմքերի հետ և ցուցադրում է կախարդական հնարք, որի ժամանակ նա երգում է, մինչդեռ նրա կոկորդում դանակ է խրված։ Կերպարը խաղացել է վեբ սերիալներում, ինչպես նաև «Վիքտարիուս» հեռուստաշոուի մեկ դրվագում։ 2014 և 2015 թվականներին Բալինջերը ներկայացվել է «Teen Choice» մրցանակների համար իր Միրանդայի տեսահոլովակների համար, հաղթելով 2015 թվականին[4]։ Նա նաև ներկայացվել է 2015 թվականի «Streamy» մրցանակի համար, հաղթելով մեկը[5]։ 2014 թվականին նա հայտնվել է «Comedians in Cars Getting Coffee»-ի մի դրվագում և «The Tonight Show»-ում։ 2015 թվականի հուլիսին նա թողարկել է «New York Times»-ում առաջին հորիզոնականը զբաղեցրած գիրք, գրված Միրանդայի անունից, «Selp-Helf» անվանումով[6]։ Միրանդան Netflix-ի Haters Back Off սերիալի գլխավոր հերոսն է։
Սկսած 2008 թվականից Բալինջերն ավելի քան 500 տեսագրություն է տեղադրել իր «Miranda Sings» Յություբի ալիքում[2][7]։ Կերպարն այն տեսահոլովակների երգիծանքն է, որոնցում մարդիք ամեն ինչ վատ են անում, սակայն եսասեր են և շարունակում են երգել և նման բաներ կատարել չնայած իրենց քննադատողների խոսքերին[8][9][10]։ Միրանդան ենթադրաբար երիտասարդ աղջիկ է, ով տնային ուսուցում է ստացել և դեռ ապրում է իր մոր և քեռիի հետ։ Նա ինքնահավան է, մանկամիտ և կախվածություն ունի շոու բիզնեսում հայտնի դառնալու մտքից[11]։
Տեսագրություններում Միրանդա կերպարը երգում է ոչ մաքուր, բայց բնականին նման ձայնով և հայտնի երգերի քավերներ է անում։ Երբեմն նա քննարկում է ներկայիս դեպքերը, որոնք նա չի հասկանում, տալիս է հիմար «պարապմունքներ» (tutorials) և այլն։ Նա ունի շատ ինքնահավան վերաբերմունք։ «The Times»-ը կերպարին նկարագրում է որպես ինքնահավան կերպար, որը քննադատության նկատմամբ իմունիտետ ունի։ Նրա տեսագրությունները ցուցադրում են Միրանդայի տկարամտության զարգացումը[8][12]։ Այն դիտորդներին, ովքեր տեսագրությունները լուրջ են ընդունում և քննադատական մեկնաբանություններ են կատարում, Միրանդան պատասխանում է «Haters Back Off!» արտահայտությամբ[13], ասելով այս քննադատներին, որ «նրանք նախանձում են իրեն» և «նրանք իրեն հայտնի են դարձնում»[14][15]։
Կերպարն ունի էքսցենտրիկ դիմագծեր, ինչպիսիք են նրա շարժվող հոնքերը և ծուռ ծիծաղը[16]։ Նրա գլուխը մշտապես թեքված է, նա ունի արտասանության սխալներ, և իր արտասանության մեջ շատ է օգտագործվում «Գ» հնչյունը[11]։ Երգի տեքստի այն բառերը, որոնք նա մոռանում է, իմպրովիզ է անում։ Նա կրում է վառ կարմիր շրթներկ և հագնում է իրեն անհամապատասխան, մոդայից դուրս շորեր (ինչպիսիք են տղամարդու շապիկը և կարմիր տաբատը), և հաճախ շատ ծիծաղելի ձևով է պարում այն երաժշտության տակ, որը նա ներկայացնում է։ Նրա ճակատի մազերը երկու կողմից հավաքված են դեպի հետ՝ դեմքը առավելագույնս բացելու համար[17][18]։ Հասարակության և բարոյախոսության իր տեսակետերը քաղաքականորեն ոչ ճշգրիտ են, և նա ցուցադրում է ուժեղ հակակրանք ցանկացած կասկածելի բանի վերաբերյալ, ինչը նա անվանում է «porn»[19][20]։ Տեսագրությունների մի մասը ցույց է տալիս նրան՝ երգելիս հայտնի երգիչների[21] կամ նվագողների հետ[22]։ Սկսած «2013» թվականից, Միրանդան հաճախ համագործակցել է յություբյան այլ դեմքերի հետ, համարյա թէ միշտ հավաքելով միլիոնավոր դիտումներ[23]։ «People» ամսագիրը ցուցադրել է Միրանդայի, Թայլեր Օքլիի և Բեթանի Մոտայի համագործակցումը[24]։ Մինչև 2013 թվականի մարտը, նրա յություբյան ալիքի դիտողների թիվը հարաբերականորեն քիչ էր, բայց այդ ամսում, նրա հետևողների թիվը հասել է 150, 000-ի[25] և սկսել է աճել շատ ավելի արագ[26]։
Սկսած 2009 թվականի ապրիլից[27], ի լրացումն իր համացանցային տեսագրություններին, Միրանդա Սինգսն ունեցել է կենդանի կատակերգական ներկայացումներ սկզբում փոքր վայրերում, այնուհետև թատրոններում Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Լոնդոնում, Տորոնտոյում, Ամստերդամում, Սիդնեյում և այլ քաղաքներում[28][29][30]։ 2009 թվականին «BroadwayWorld.com»-ը Միրանդային անվանել է «թատրոնի ամենակրքոտ և տարօրինակ աստղը»[31]։
Կենդանի կատակերգական ներկայացման սկզբում Բալինջերը ներկայանում է իր կերպարով և այնուհետև վերափոխվում է Միրանդայի[32]։ Միրանդան երգում է փոփ հիթեր իր «ոչ մաքուր» ձայնով, տալիս է երգեցողության կամ դերասանական դասեր «Broadway»-ի կամ «West End»-ի աստղերին, ինչպիսիք են Սաթթոն Ֆոսթերը և Էնդրյու Ռեննելլսը, և փոփ աստղերի, ինչպիսին է Արիանա Գրանդեն[33], որոնցում նա քննադատում է աստղերի կատարումները, ասելով, որ նրանք ավելի լավ է դուրս գան շոու բիզնեսից։ Ինչպես նաև վրդովված կարդում է «ատելության նամակները», որոնք նա ստացել է և համագործակցում է իր ունկնդիր կամավորների հետ և այլն[34][35]։ Իր տոնական ներկայացման ժամանակ, ի լրացումն վերևում գտնվողներին, Միրանդան ծրագրին ավելացրել է «ամանորյա ներկայացումը»[36]։
Որպես կերպարի անհեթեթ գոռոզության օրինակ, Միրանդան հաղորդել է իր ավելի վաղ ներկայացումներում, որ նա ակնկալել է խաղալ Էլֆաբայի դերը «Wicked»-ում։ 2009 թվականի ընթացքում, որպես իր կատարման մի մասը, նա հայտարարել է, որ ցանկացել էր հանդիպել Չեյեն Ջեկսոնի հետ (չհասկանալով, որ նա համասեռամոլ է) կամ գտնել ուրիշ սիրեցյալ, ով պետք է լինի տաղանդավոր և հայտնի։ Նրան նկարահանել են Ջեկսոնի հետ «Broadway on Broadway»-ում 2009 թվականին[37]։ 2010 թվականին նա իր տեսագրություններում և կենդանի կատակերգական ներկայացումներում հաղորդել է, որ Ջեկսոնը այլևս իր սիրեցյալը չէ (որովհետև նա երբեք Միրանդային հանդիպման չի կանչել), և այդպիսով նա փնտրում էր նոր, հայտնի, տաղանդավոր, հմայիչ սիրեցյալ, ինչպիսիք են Զաք Էֆրոնը[38] և Ջասթին Բիբերը[39]։ 2013 թվականին Բալինջերը սկսել է տեսագրություններ՝ տեղադրել Ջոուի Գրասսեֆայի հետ հանդիպելու վերաբերյալ։ Բանը նրանում է, որ Միրանդան չի կարողանում արտասանել Ջոուիի ազգանունը[40]։ Միրանդան հաղորդել է, որ նրանք նշանված են[41], բայց նա ունի մի քանի ուրիշ սիրեցյալներ, ում նա անվանում է «baes»[42]
2009 թվականին Միրանդան հայտարարել է, որ նա մոդել է, ինչպես նաև երգչուհի/դերասանուհի/պարուհի[8][43]։ Սկսած 2010 թվականից, նա իր հմտությունների շարքին ավելացրել է «կախարդանքը»[44][45]։ 2010 թվականից նրա կենդանի կատակերգական ծրագիրը սկսել է ներառել «կախարդական հնարք», որի ընթացքում նա երգում է, և նրա կոկորդի մեջ դանակ են խրում։ Կատակը դրանում է, որ նա ավելի լավ է երգում, երբ դանակը խրված է լինում իր կոկորդի մեջ[46]։
Իր 2014 թվականի «Selp Helf» շրջագայության ժամանակ նա սովորեցրել է իր (իգական սեռի) ունկնդիրներին, թէ ինչպես գտնել սիրած տղամարդուն՝ Միրանդային նմանվելու միջոցով[47]։ Միրանդան հաշվի էր առնում իր լսարանի կարծիքը, և համագործակցում էր իր ունկնդիրների հետ։ Նա կատարում էր ցանկացած բան, ինչ լսարանն էր ասում, և նույնիսկ իմպրովիզ էր անում։ Բալինջերը՝ Միրանդային կերտող հանճարը, այնքան համոզիչ է իր դերում, որ դու մոռանում ես, որ Միրանդան և Քոլլինը նույն մարդն են և որ այդ կարմիր շրթներկի տակ նորմալ մարդ է թաքնված[48][49]։ Միրանդայի շոուները ներկայացվում են այնպիսի ձևով, որ ծնողներին և երեխաներին ծիծաղեցնում է[50]։ Ինչպես Միրանդան միշտ ասում է, նա հայտնի է ծնվել, պարզապես մարդիք միայն հիմա են դա իմացել[51]։ Նրա շոուներն ավելի խորն են, քան սկզբում երևում է։ Նա զվարճալի է և լավ օրինակ է ծառայում աղջիկների համար։ Երգիծանքն այդքան էլ շլացուցիչ չէ, բայց այն, ինչն այն հաղորդում է անժխտելիորեն դրական է և զվարճալի։ Շոուներն այնքան զվարճալի են, որ երբ Միրանդան ցանկանում է կամավորներ հրավիրել բեմ, համարյա բոլորի ձեռքերը բարձրացած են լինում։
Բալինջերը Միրանդայի շոուներ է տվել 57 քաղաքներում իր 2014 թվականի «Selp Helf» շրջագայության ընթացքում[52]։ Նրա 2015 թվականի գարնան շրջագայության անվանումը եղել է «Miranda 4 Precident»։ Դրա կոնցեպտը դրանում էր, որ Միրանդան ծնվել է նախագահ դառնալու համար և 2015 թվականին կրկին իր նախագահի թեկնածությունն է առաջադրել «ամբողջ աշխարհին օգնելու համար»[53]։ Այս շրջագայության ժամանակ նա քննարկում էր տարբեր տարաձայնություններ և ցուցադրում էր, թէ նա ինչպես է ավելի տաղանդավոր, քան իր հակառակորդները[54]։ 2015 թվականի օգոստոսին Միրանդայի «Ամառային ճամբար» շրջագայությունը ներառում էր սարսափելի պատմություններ, մի շարք խաղեր, ընկերության ձեռնաշղթաներ և այլն։ Այն նաև ներառում էր Բալինջերի ընտանիքի անդամներին, ընկերներին և ամուսնուն՝ Ջոշուա Դեվիդ Էվանսին[55][56]։ 2015 թվականի սեպտեմբերին Միրանդան «Just for Laughs» փառատոնի հաղորդավարն էր Տորոնտոյում, Օնտարիո, Կանադա[57][58], իսկ դեկտեմբերին Բալինջերը թողարկել է իր բեմային ներկայացումներից մեկի ֆիլմ տարբերակը «Vimeo»-ում, «Miranda Sings։ Selp Helf» անվանումով[59]։
Միրանդան եղել է նաև «LaughFest» փառատոնում Միչիգանում 2016 թվականին[60], որտեղ մեկնաբանողներից մեկը նշել է, որ ներկայացված նյութը ոչ միայն մեծերի, այլ նաև ավելի երիտասարդ ունկընդիրների համար է[61]։ 2016 թվականի նոյեմբերին նա շրջագայելու է որպես Միրանդա ԱՄՆ-ում, Անգլիայում, Իռլանդիայում, Գերմանիայում և Դանիայում[62]։
Միրանդային ստեղծողը՝ Քոլլին Բալինջերը կերպարի բնավորության մի մասը ստեղծել է երիտասարդ աղջիկների հիման վրա, ում նա գիտեր քոլեջից։ Նա ասել է Լոնդոնի «The Times» թերթին. «Այնտեղ շատ աղջիկներ են եղել, ովքեր մտածում էին, որ իրոք տաղանդավոր էին, և նրանք...շատ կոպիտ էին և նյարդայնացնող...հետո ես տեսա բոլոր այդ աղջիկներին ՅուԹյուբում, երգելիս իրենց ննջասենյակներում և փորձելով հայտնի դառնալ անտեղյակ այն փաստից, որ նրանք իրականում սարսափելի էին»[63]։ Բալինջերն ասել է «Ես կարծում էի, որ դա շատ հիմար էր, որովհետև չէի մտածում, որ ՅուԹյուբի միջոցով հնարավոր է հայտնի դառնալ»[64]։ Սկզբում, Միրանդայի տեսահոլովակները պետք է լինեին ուղղակի կատակ Բալինջերի ընկերների միջև։ Բալինջերի ՅուԹյուբի ալիքը քիչ ուշադրություն էր գրավում մի տարի շարունակ, բայց 2009 թվականի մարտին նա տեսագրություն է տեղադրել «Free Voice Lesson» (անվճար երգեցողության դաս) անվանումով, որը դարձել է սենսացիա[65][66]։ Տեսագրությունը ներառում է այնպիսի երգեցողության խորհուրդներ, որոնցից ցանկացած երգի ուսուցիչ խորհուրդ կտա խուսափել։ Կերպարի՝ ավելի ու ավելի հայտնի դառնալուն պես Բալինջերը կերպարի բնավորության մեջ սկսել է փոփոխություններ մտցնել` հիմնվելով քննադատների բացասական մեկնաբանությունների վրա՝ կերպարն ավելի էքստրեմալ դարձնելու համար։ Քննադատներին նա պատասխանում էր «Haters Back Off» (Ատողներ, հետ քաշվեք) և «Haters Make Me Famous» (Ատողներն ինձ հայտնի են դարձնում) արտահայտություններով։ «Մարդիք ծաղրում էին իմ մազերը, և ես սկսեցի դրանք ավելի դարձրել։ Ես վերցրել եմ այն, ինչ մարդիք ատում էին և չափազանցրել եմ հաջորդ տեսագրությունում»[67]։
Բալինջերը չէր իմանում, թէ ինչ անել իր նոր ձեռք բերված համացանցային հայտնիության հետ, բայց 2009 թվականի ապրիլին Ջիմ Քրուսոն նրան հրավիրել է հանդես գալ Միրանդա կերպարով իր «Cast Party» շոուում՝ «Birdland» ջազ ակումբում, որը գտնվում է Նյու Յորք քաղաքում։ Բալինջերն ասում է. Ես՝ իմ սենյակում նկարված մեկուկես րոպեանոց տեսագրություններից անցում եմ կատարել դեպի մեկուկես ժամանոց կենդանի ներկայացումներ։ «Broadway theatre»-ի անդամները գովաբանել են Միրանդայի տեսագրությունները և ցանկանում էին Միրանդայի կենդանի շոուների մի մասը լինել։ Ֆրենկի Գրանդեն, ով այն ժամանակ «Mamma Mia!»-ի աշխատակազմում էր, Բալինջերին հրավիրել էր միանալ «Minskoff» թատրոնի աշխատակազմին որպես Միրանդա[68]։ Հետագայում, «Broadway»-ի դեմքերը, որոնցից է Լին-Մանուել Միրանդան, տեսագրություններում հանդես են եկել Միրանդայի հետ[69]։ Բալինջերին նաև հրավիրել էին ներկայանալ Լոնդոնում։ 2010 թվականին, «Leicester Square» թատրոնում, Միրանդան ցուցադրել է երգեցողության դասեր և ներկայացումներ Լիան Ջոնասի, Սքարլետ Սթրելլենի, Դանիել Բոյզի, Ջուլի Ազերթոնի և այլ աստղերի հետ[70], ինչպես նաև Naked Boys Singing-ի, Wicked-ի և Les Misérables-ի աշխատակազմերի հետ[71]։ Սկսած 2009 թվականի ամառվանից, Միրանդա Սինգսը նաև եղել է ռադիոում, հեռուստատեսությունում և համացանցային հարցազրույցներում[72][73][74]։
Միրանդայի կերպարը բացասական մեկնաբանություններ է ստանում այն դիտորդներից, ովքեր կարծում են, որ դիտում են իրական լուրջ տեսագրություն։ Բալինջերը նշել է. «Ամբողջ պատճառը, որ Միրանդան հայտնի է դարձել, դրանում է, որ մարդիք ծաղրում էին նրա՝ հիմար լինելը։ Եթե ես ատելության նամակներ չստանաի, ես ոչմի աշխատանք չէի ունենա»։ Օնլայն քննադատները այնքան դաժան էին, որ Միրանդան դարձել է «anti-bullying movement»-ի (հակաահաբեկչական շարժում) հերոսը[75]։ Նրա երիտասարդ երկրպագուները կերպարը համարում են զորացնող և ներշնչող[76], որովհետև նրանք տեսնում են «զուսպ հագնված աղջկա, ով անում է այն, ինչ իրեն դուր է գալիս, մեծ ուշադրություն է գրավում և ունի բարձր ինքնագնահատական»։ Միրանդան նաև սովորացնում է, որ «հայտնի աղջիկները անպայման պետք չէ լինեն նորաձև։ ...Ոչ մեկից մի վախեցիր...»[77]։
The Times-ը մեկնաբանել է. «Նրա աշխատանքն ունի նաև ուրիշ, ավելի քաղցր կողմ։ Միրանդան սիրում է երգել և, չնայած երգիծանքին, կամ միգուցե դրա պատճառով, այն դառնում է մի բան, ինչ բոլոր մարդիք սիրում են անել, և ինչ մարդիք անում էին մինչև խոսքի և լեզվի հայտնագործումը։ Հենց երգեցողության կատարման ձևը, ինչքան էլ սարսափելի այն չի հնչում, ստիպում է մեզ լավ զգալ»[78]։ Միրանդան ասել է. «Սկսած այն ժամանակվանից, երբ ես հայտնի եմ դարձել, բոլորը սկսել են ավելի ու ավելի շատ երգել և ավելի ու ավելի շատ երաժշտություն լսել, որովհետեվ բոլորը ցանկանում են ինձ նմանվել»[79]։ Բալինջերն ասում է, որ առավելագույն հաճույքը նա ստանում է իր կենդանի ներկայացումներից[80][81]։
2009 թվականին Բալինջերը թողարկել է Ամանորյա մինի ալբոմ՝ «Christmas With Miranda Sings» անվանումով[82]։ 2010 թվականին նա եղել է Nightlife մրցանակաբաշխությունում[83], և Միրանդան ներկայացրել է մի մրցանակ Choice մրցանակաբաշխությունում Կալիֆորնիայում[84]։ Հետագայում, այդ նույն տարում «Rose Center» թատրոնում Միրանդան վարել է Broadway Memories համերգը, որի ժամանակ նա երգեցողության դասեր է տվել Սաթոն Ֆոսթերին[85]։ Նույն տարում, Միրանդան նկարահանվել է Apartment Red վեբ սերիալի մի դրվագում[86]։ 2010-2012 թվականներին Բալինջերը տեսագրություններ է տեղադրել մեկ այլ ՅուԹյուբի ալիքում, Mirandavlogz, որտեղ Միրանդան ընդունում էր տարբեր համացանցային մարտահրավերներ, որոնցից է cinnamon challenge մարտահրավերը[87]։ Միրանդան կա Քրիս Փասսեյի Self Taught, Still Learning ալբոմի 2 թրեքում[88]։ Կերպարը նաև եղել է 2012 թվականի կատակերգական ֆիլմում, որի անվանումն է Varla Jean and the Mushroomheads[89]։
Միրանդան նկարահանվել է Նիքելոդիոնի Վիքտարիուս սերիալի երրորդ եթերաշրջանի հատուկ դրվագում՝ «Tori Goes Platinum» անվանումով, որի տևողությունը մեկ ժամ է, և որը առաջին անգամ ցուցադրվել է մայիսի 19-ին, 2012 թվականին։ Դրվագում Միրանդան մի մրցանակաբաշխությունների շոուի մասնակիցներից մեկն է, և երգում է «Freak the Freak Out» երգը[90][91]։ Ինչպես նաև 2012 թվականին նա հարցազրույց է վերցրել Նիքելոդիոնի աստղ Ժենետ Մաքարդիից[92] և անց է կացրել վարպետության դասեր Բոսթոնի երեխաների թատրոնում[93][94]։ Կերպարը նկարահանվել է 2012 թվականի Dr. Fubalous վեբ սերիալի վեցերորդ դրվագում[95]։ 2012 թվականին նա նաև վլոգ է արել դրա մասին, որ ցանկանում է իր թեկնածությունը առաջադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար՝ ցուցադրելու համար կարևոր կուսակցություններից առաջադրված թեկնածուների ալթերնատիվը[96]։ Մեկ այլ վլոգում, նա ցուցադրել է իր ընկերության հարթակը[97]։ Նա նկարահանվել է Ավստրալիական Dance Chat վեբ սերիալի առաջին դրվագում[98], և անվճար համերգ է տվել Ռոդ Այլենդի Community College-ում Չարլզ Սալիվանի ֆոնդի համար (Արվեստ և Հումանիտար գիտություններ)։ Միրանդան նկարահանվել է 2014 թվականի դպրոցական տեսագրությունում, որը հավաքել է ավելի քան 6 միլիոն համացանցային դիտում[99]։
Բալինջերը հանդես է եկել որպես Միրանդա «Comedians in Cars Getting Coffee»-ի 5-րդ եթերաշրջանի «Happy Thanksgiving Miranda» դրվագում[100]։ Ջերի Սեյնֆելդը Միրանդային անվանել է «շատ լավ զարգացած կերպար...այնքան ծիծաղելի ինձ համար, որքան...իմ դստեր համար, ով 13 տարեկան է։ Այս դրվագը մեր լավագույն դրվագներից է»[101]։ «Mediaite»-ը համաձայնել է, գրելով. «Իր 5-րդ եթերաշրջանում, Ջերի Սեյնֆելդի շոուն շարունակեց լինել ամենավայելիչ օնլայն շաբաթական դեպքերից մեկը համացանցում։ Նրա փորձությունը Միրանդա Սինգսի հետ կարևոր էր»[102]։ «Uproxx»-ը Բալինջերին համեմատել է Էնդի Քաուֆմանի հետ, դրվագն անվանելով «լավ, զվարճալի փորձություն»։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Բալինջերը հայտնվել է The Tonight Show-ում որպես Միրանդա և խաղացել է «Pictionary» Ջիմմի Ֆելլոնի, Մարտին Շորթի և Ջերի Սեյնֆելդի հետ[103]։ «Us Weekly» ամսագիրն այդ հատվածն անվանել է «ամենազվարթ խաղային երեկոն»[104], «Entertainment Weekly»-ն այն անվանել է «հետաքրքիր խաղ»[105]։ People ամսագիրը գրել է. «Այն ամենահրաշալի Pictionary խաղն է, որ դուք տեսնելու եք այս եթերաշրջանում»[106]։ 2015 թվականի սկզբներին նա նկարահանվել է Լանս Բասսի երաժշտական տեսահոլովակներից մեկում[107] և The Grace Helbig Show-ում Ջիմ Փարսոնսի հետ[108]։ 2015 թվականի հունիսին Միրանդան հայտնվել է People ամսագրում[109]։ Հունիսին և հուլիսին, նա իր իրական կերպարով, ինչպես նաև որպես Միրանդա հանդես է եկել How to Makeup 6 սերիանոց գեղեցկության մասին սերիալում, I Love Makeup ՅուԹյուբի ալիքում, նկարահանված Collective Digital Studio-ի կողմից[110]։
Կերպարն ակտիվ գործունեություն է վարում սոցիալական ցանցերում, ինստագրամում ունենալով ավելի քան 4.9 միլիոն հետևողներ, թվիթթերում ունենալով ավելի քան 2.3 միլիոն հետևողներ, և ավելի քան 1.8 միլիոն լայք Ֆեյսբուքում[111]։ BuzzFeed-ը Միրանդային անվանել է «Թվիթթերի թագուհի»[112]։ 2015 թվականի հուլիսին նա թողարկել է գիրք (Selp-Helf), հրատարակված «Simon & Schuster»-ի կողմից, որը գիրքն անվանում է «անօգուտ, պարզ, զվարճալի «ինչպես ինչ-որ բան անելու» տեղեկագիրք»։ Այն բաղկացած է 240 էջից, հիմար խորհուրդներից, նկարներից և Բալինջերի ու իր եղբոր՝ Քրիստոֆերի արվեստի գործերից։ Այն նաև ներառում է Միրանդայի խորհուրդները այնպիսի հիմար բաների վերաբերյալ, ինչպիսիք են սերը, ֆինանսները, դիետան, մարմնի վարժությունները և նորաձևությունը[113]։ Նախնական վաճառքների ժամանակ Vanity Fair ամսագիրը Միրանդային անվանել է «Ամերիկայի նորագույն ամենապահանջված հեղինակ»[114]։ Գիրքը ելույթ է ունեցել առաջին հորիզոնականում Publishers Weekly-ի «կոշտ շապիկով վավերագրական բեսթսելլերների» ցուցակում[115], և New York Times-ի բեսթսելլեր ցուցակում[6], և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը USA Today-ի «բեսթսելլեր գրքերի» ցուցակում։ Այն եղել է Times-ի բեսթսելլերների ցուցակում 11 շաբաթ իրար հետևից[116], և եղել է նրանց ամսական «հումորային բեսթսելլեր» ցուցակում 2016 թվականի մայիսին[117]։ Միրանդան թողարկել է խաղ սմարթֆոնների համար, (որում որոնում են առարկաներ), ստեղծված Games2win-ի կողմից, Miranda Sings vs Haters անվանումով, որը դրական արձագանքներ է ստացել և 2015 թվականի դեկտեմբերի 3-ի շաբաթվա մեջ եղել է ԱՄՆ-ի iTunes-ի top ցուցակում[118]։
Բալինջերը որպես Միրանդա նկարահանվել է 2016 թվականի YouTube Red-ի «Prank Academy» դրվագների շարքում[119]։ Նա հանդես է գալու որպես Միրանդա Netflix հեռուստաալիքի 8 սերիանոց սերիալում (Haters Back Off), որի միտքը զարգացրել են Բալինջերն ու իր եղբայրը՝ Քրիստոֆերը։ Այն Միրանդայի էվոլյուցիայի, ընտանեկան կյանքի, իր հայտնիությունը և տաղանդները ցուցադրելու համար գործադրված ջանքերի մասին է, և դրա մասին, թե նա ինչպես է դարձել ՅուԹյուբի աստղ[120][121]։ Haters Back Off-ը նկարահանվել է Վանկուվերի մոտակայքերում, որը փոխարինում է Միրանդայի բնակավայրը՝ Տակոման[122]։ Այն ըստ ծրագրի համաշխարայնորեն ցուցադրվելու է հոկտեմբերի 14-ին, 2016 թվականին[120]։ Միրանդան ցուցադրվում է Variety ամսագրի շապիկին, ինչպես նաև շոուի մասին մի հոդվածում, 2016 թվականի հունիսին։
Սկսած 2009 թվականի սկզբներից՝ Բալինջերի կերպարն արժանացել է լայն ճանաչման, մասնավորապես (արմատապես) երաժշտական թատրոնի երկրպագուների միջև[7][18][80]։ Հետագայում, նրա երկրպագուների շրջանակը սկսել է տարածվել դեռահասների միջև[29]։ Նրա կենդանի կատակերգական ներկայացումները սկսել էն պահանջվել տարբեր թատրոններում Նյու Յորքում (Birdland ջազ ակումբ, Best Buy թատրոն)[123], Լոնդոնում (Ambassadors թատրոն, Leicester Square թատրոն)<[124], Ավստրալիայում և այլ վայրերում Հյուսիսային Ամերիկայում, Բրիտանիայում, Սկանդինավիայում, այնպիսի վայրերում, որտեղ հրավիրված են իր դեռահաս երկրպագուները, ովքեր իրենց անվանում են «Mirfandas» (Միրֆանդաներ)[125]։ Սկսած 2010 թվականից, նրա շոուների տոմսերը սկսեցին վաճառքի մեջ լինել[126]։ Նրա 2014 թվականի Լոնդոնի և Էդինբուրգի ներկայացումներից հետո, Բալինջերը 11 օրանոց շրջագայություն է ունեցել[30]։
2009 թվականին «Los Angeles Times»-ը նրա տեսահոլովակների մասին գրել է. «Այս կադրերը շատ հոյակապ են», իսկ BroadwayWorld.com-ը Բալինջերին նկարագրել է որպես «համացանցային սուպերաստղ»[127]։ Լոնդոնի Times ամսագիրը մեկնաբանել է, որ չնայած Բալինջերի տեսահոլովակներն են Միրանդային նկատելի դարձրել, Միրանդան բեմի վրա է «գալիս դեպի կյանք»[8]։ 2010 թվականին BroadwayWorld-ի տեսությունը Միրանդայի կենդանի կատակերգական ներկայացման վերաբերյալ ասել է, որ Բալինջերի 'Միրանդա Սինգս' կերպարը եզակի և օրիգինալ կերպար է, հնարված մի շատ ստեղծագործական երևակայությամբ։ Մի հին ասացվածք ասում է, որ վատ լինելու կամ այդպիսի վատ կերպար խաղալու համար տաղանդ է անհրաժեշտ[128]։ Մեկ այլ մեկնաբանող ասել է «Այն այնքան ահավոր է, որ ուղղակի հիասքանչ է»[129]։ Woman Around Town-ը Միրանդային կոչել է «Կատակերգական գլուխգործոց»[130]։ Փերիս Հիլթոնը գովաբանել է Միրանդայի՝ «Chandelier» հիթ երգի պարոդիան՝ ասելով, որ այն «կատարելապես ֆանթաստիկ է և արժանի է ստանալ երաժշտական տեսահոլովակների պարոդիաների հաղթանակած մրցանակը»[131]։ 2015 թվականին Playbill ամսագիրը նշել է. «Միրանդա Սինգսը մեծ տաղանդ է։ Իր դեմքի արտահայտություններով, դեմքը հարդարելու յուրօրինակ ձևով և իր՝ համարյա թե անհավատալի վոկալային տվյալներով նա մի նոր կերպար է բերում օնլայն երաժշտական տեսահոլովակների աշխարհ»[132]։ The Guardian թերթը Միրանդայի ալիքը նկարագրել է հետևյալ կերպ. «Այն այնքան վատ է, որ հոյակապ է»[133]։
2014, 2015 և 2016 թվականներից յուրաքանչյուրում Բալինջերն առաջադրվել է մեկ կամ ավելի «Teen Choice» մրցանակների համար, հաղթելով «Web Star։ Comedy» (Վեբ աստղ, կատակերգություն) մրցանակը 2015 թվականին[134]։ Նա առաջադրվել է 3 հատ 2015 թվականի «Streamy Awards» մրցանակաբաշխության մրցանակների համար, հաղթելով «Լավագույն դերասանուհի» մրցանակը[135]։ Միրանդան առաջադրվել է 2015 թվականի «People's Choice Award» մրցանակի համար[136] և 2016 թվականի «Shorty Award» մրցանակի համար[137][138]։ 2013 թվականի հեղինակներից մեկն ասել է. «Միայն իրական տաղանդավոր դերասանը կարող էր Միրանդայի կերպարը դարձնել բնականին նման և հավատալի, առավել ևս այնքան ներշնչող, որքան այն իրականում կա»[139]։ AussieTheatre.com-ը նշել է. «Միրանդան ստեղծել է ՅուԹյուբի աշխարհի ամենահաջողակ պարոդիան»[140]։ Irish Independent թերթի հեղինակներից մեկը գրել է. «Նրա կատարման մեջ կա մի ներշնչող քաղցրություն»[141]։ 2015 թվականի թոփ 10 ամենից հաճախ որոնվող (նորաձևության առումով) հարցերից մեկը եղել է՝ Ինչպե՞ս հագնվել Միրանդա Սինգսի նման[142]։ Բալինջերի հաջողությունը տարօրինակօրեն իրականացրել է Միրանդայի մոլորված երազանքները։
«Miranda Sings» ալիքը հավաքել է ավելի քան 1.1 բիլիոն դիտումներ և 7 միլիոն հետևողներ[2]։ 2014 թվականին այն զբաղեցրել է 38-րդ հորիզոնական New Media Rockstars-ի «Բոլոր ժամանակների թոփ 100 ալիքներ» ցուցակում[143], իսկ 2015 թվականի հունվարին Միրանդան համարվել է «7-րդ ամենահայտնի ՅուԹյուբի բլոգեր» Daily American-ի կողմից[3]։ Միրանդայի ամենահայտնի տեսագրությունը՝ Թեյլոր Սվիֆթի «Shake It Off» երաժշտական տեսահոլովակի պարոդիան, հավաքել է ավելի քան 51 միլիոն դիտում ՅուԹյուբում[144]։ Իր տեսագրություններից 20-ը հավաքել են ավելի քան 20 միլիոն դիտում, 16-ը հավաքել են ավելի քան 10 միլիոն դիտում, ավելի քան 50-ը՝ ավելի քան 5 միլիոն դիտում, ավելի քան 170 տեսագրություն՝ ավելի քան 2 միլիոն դիտում, և ավելի քան 300 տեսագրություն հավաքել է 1 միլիոնից ավել դիտում[145]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրանդա Սինգս» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |