Մորիս Շապա Maurice Chappaz | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1916[1][2] |
Ծննդավայր | Լոզան, Շվեյցարիա |
Վախճանվել է | հունվարի 15, 2009[3][1][2] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Մարտինի, Վալե, Շվեյցարիա |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Պարգևներ | |
Maurice Chappaz Վիքիպահեստում |
Մորիս Շապա (ֆր.՝ Maurice Chappaz, դեկտեմբերի 21, 1916[1][2], Լոզան, Շվեյցարիա - հունվարի 15, 2009[3][1][2], Մարտինի, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Գրել է ֆրանսերեն։
Մեծացել է Մարտինյիում և Շաբլի աբբայությունում։ Սեն-Մորիս քոլեջում ուսանելու տարիներին Լոզանում հաճախել է իրավունքի, իսկ Ժնևում՝ բանասիրության դասընթացներին։ Նրան գուշակում էին մագիստրոսի կարիերա։ Արձակագրի իր տաղանդի մասին առաջին անգամ իմացել է 1939 թվականին, երբ նովելների մրցութի ժամանակ իր ստեղծագործություններն արժանացել են Շառլ Ֆերդինանդ Ռամյուի և Գյուստավ Ռուի ուշադրությանը։
1947 թվականին ամուսնացել է Կորինա Բիյի հետ. ունեցել են երեք երեխա։ Սկզբում Ֆուլիում զբաղվել է իրենց ընտանիքին պատկանող խաղողի որթատունկերի այգիների մշակմամբ, այնուհետև Գրանդ Դիքսանսի ջրամբարտակի կառուցման ժամանակ՝ 1955-1958 թթ. աշխատել է որպես երկրագետի օգնական։ «Վալեզցիների կերպար»-ի (1965) հատուկ համն ու հոտը, հումորը և ուժն են, որ նրան ճանաչում են բերել։ Արդեն ճանաչված լինելով որպես ռոմանական պոեզիայի հզոր ձայներից մեկը՝ նա գովերգում է կնոջը, սառույցների և կիրճերի երկրի գաղտնիքը, խորանի գինին և Ռոնի խաղողի որթատունկերը։ Եթե նա սիրում է քնքշորեն ու կարոտով նկարագրել Վալեի բնակիչներին, ապա գիտի նաև երբեմն նախատել ու մերժել, բարոկկոյական ոճի պաճուճազարդ հումորով և իրոնիայով «Վալե-Ժյուդե մրցամարտը» (1968):
Այդ ժամանակ նա ձեռնարկում է մի ճանապարհորդություն աշխարհի շուրջը՝ Լապոնի, Նեպալ, Մոնթ-Աթոս, Տրանսսիբիր, Պեկին, Բեյրութ։ Ճանապարհորդություններ, որոնք նա հանկարծակի ընդհատում է 1979 թվականին, Կորինա Բիյի մահից հետո։ Դա «Կ-ի գիրքը» (1986), «79-ի Հոկտեմբերը» (1986) գործերին նախորդող տանջալի շրջանն էր։ Բնության և հեռուների կանչը նորից գլուխ է բարձրացնում և 1986 թվականին նա նավ է բարձրանում Սպիտսբերգ գնալու համար։ 1990 թվականին մեկ ուրիշ նավ նրան տանում է Կանադա և Նյու Յորք։
1981-1988 թթ. իր կյանքի և մտորումների մասին շուրջ 7000 էջ է տպագրել մի օրաթերթում։
Մորիս Շապան կրկին ամուսնացել է 1992 թվականին և տեղափոխվել որոշ ժամանակով ապրելու Աբեյ դյու Շաբլում (Վալե), երբեմն էլ Վալոն դը Ռեչիում (Վալե)։ 1997 թվականին նա իր ստեղծագործությունների ժողովածուի, ինչպես նաև բանաստեղծությունների համար արժանացել է Շիլլերի մեծ մրցանակի[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Շապա» հոդվածին։ |
|