Յոհան Կյոլեր | |
---|---|
Ի ծնե | էստ․՝ Johann Köler |
Ծնվել է | մարտի 8, 1826[1] |
Ծննդավայր | Վաստեմիիսա |
Վախճանվել է | ապրիլի 22, 1899[2][1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1857) |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի դասախոս |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Johann Köler Վիքիպահեստում |
Յոհան Կյոլեր (էստ․՝ Johann Köler, մարտի 8, 1826[1], Վաստեմիիսա - ապրիլի 22, 1899[2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), էստոնացի նկարիչ, էստոնական գեղանկարչության հիմնադիրը[4]։
Յ. Կյոլերը ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում, եղել է ծնողների յոթերորդ զավակը։ Դպրոցական կրթությունն ստացել է Վիլյանդիում, այնուհետև սովորել է նկարչություն Լատվիայի Ցեսիս քաղաքում։ 1846 թվականին Կյոլերը գնում է Սանկտ Պետերբուրգ և աշխատում է ցուցափեղկերի ու ցուցանակների ձևավորմամբ։ 1848-1855 թվականներին սովորել է պետերբուրգյան Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նախ զբաղվում է գծանկարչությամբ, ապա՝ գեղանկարչությամբ։ Իր դիպլոմային՝ «Հերակլեսը հնազանդեցնում է Կերբերին» աշխատանքի համար նկարիչը պարգևատրվում է փոքր ոսկե մեդալով։
1857 թվականից սկսած Կյոլերը շարունակում է կրթությունը արտասահմանում՝ Բեռլինում և Փարիզում։ Այցելում է նաև Բելգիա և Հոլանդիա, 1858 թվականին ավարտում է ուղևորությունը Իտալիա Ալպերի վրայով, ապրում է Միլանում, Հռոմում, Ֆլորենցիայում և Ժնևում։ Իտալիայում նկարիչը հետաքրքրվում է ջրաներկով։ 1859 թվականին նա Հռոմում ներկայացնում է «Քրիստոսը խաչի վրա» նկարը և ընդունվում է գերմանացիների Հռոմեական նկարչական «Colonna» միություն։
1861 թվականին նկարիչը դառնում է պետերբուրգյան Ակադեմիայի անդամ, իսկ 1862 թվականին Կյոլերը վերադառնում է Սանկտ Պետերբուրգ։ Իր քաղաքական հայացքներում լինելով միապետական՝ նա 1862-1874 թթ. եղել է Ալեքսանդր II կայսեր դստեր՝ մեծ դքսուհի Մարիա Ալեքսանդրովնայի նկարչության ուսուցիչը։ 1869-1870 թվականներին Կյոլերը պետերբուրգյան Ակադեմիայում եղել է դոցենտ։ 1867 թվականին նա պարգևատրվել է պատմական և դիմանկարային գեղանկարչի պրոֆեսորի կոչումով կանցլեր Ալեքսանդր Գորչակովի դիմանկարի համար։ Նույն ընթացքում նկարիչը հեղինակել է բնանկարներ, տեսարաններ էստոնացի գյուղացիների կյանքից։
1886-1889 թվականներին նկարիչն ապրել ու աշխատել է Վիեննայում, Փարիզում և Նիցցայում։ Կյոլերը նաև մասնակցություն է ունեցել էստոնացիների մշակութային կյանքին։ 1860-1890-ական թվականներին նա եղել է էստոնական ազգային շարժման դեմոկրատական թևի ակնառու ներկայացուցիչներից մեկը։ Սանկտ Պետերբուրգում բարեկամական կապեր է ունեցել Էստոնիայի ազգային զարթոնքի առաջատար դեմքերից գրող Կառլ Ռոբերտ Յակոբսոնի հետ։ 1891-1893 թվականներին Էստոնիայի գրողների միության (Eesti Kirjameeste Selts) նախագահը։
1976 թվականին Վիլյանդիի կենտրոնական հրապարակում բացվել է Յ. Կյոլերի հուշարձանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Կյոլեր» հոդվածին։ |
|