Յուլի Գուսման | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ և Ադրբեջանի բժշկական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, հեռուստահաղորդավար, ՈՒՀԱ-ի խաղացող, դերասան, Պետական Դումայի անդամ և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0348901 |
yulygusman.info |
Յուլի Սոլոմոնովիչ Գուսման (ռուս.՝ Юлий Соломонович Гусман, օգոստոսի 8, 1943, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս ռեժիսոր, հեռուստահաղորդավար, դերասան, հասարակական և քաղաքական գործիչ։ Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի առաջին ազգային մրցանակի՝ «Նիկա» մրցանակի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՈՒՀԱ-ի ժյուրիի մշտական անդամ, Ռուսաստանի հրեական վեհաժողովի նախագահության անդամ։
Յուլի Գուսմանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 8-ին ռազմական բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կասպիական ռազմական նավատորմի գլխավոր թերապևտ, փոխգնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Սոլոմոն Մոիսեևիչ Գուսմանի (1904-1980) ընտանիքում[1]։ Մայրը՝ Լոլա Յուլևնա Բարսուկը (1916-1977), առաջին մասնագիտությամբ եղել է դերասանուհի, ապա թարգմանչուհի, մանկավարժական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի օտար լեզուների ինստիտուտի պրոֆեսոր։ Ըստ Գուսմանի խոսքերի՝ նրա նախնիների հինգ սերունդներ ապրել են Ադրբեջանում[2]։ Եղբայրը՝ Միխայիլ Գուսմանը (ծնվել է 1950 թվականին), մշակույթի վաստակավոր գործիչ է, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
1960 թվականին Յուլի Գուսմանն ավարտել է Բաքվի № 160 դպրոցը և ընդունվել Ադրբեջանի Նարիման Նարիմանովի անվան բժշկական ինստիտուտ։ Բժշկությամբ լրջորեն չի հետաքրքրվել, սակայն տարվել է հոգեբանությամբ (հիպնոս, սովորում քնի ընթացքում, պայծառատեսություն, հոգեթերապիա, Ֆրեյդի աշխատանքներ)։
Ինստիտուտում ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքով և սպորտով։ Ունի սպորտային ինը կարգ տարբեր մարզաձևերից, եղել է «Բուրեվեստնիկ» միության սուսերամարտի չեմպիոն, ունի դարչնագույն գոտի կարատեից։ Մասնակցել է գեղարվեստական ինքնավարությանը, խաղացել դպրոցական թատրոնում։
1964 թվականին ընկերների հետ միասին ստեղծել է Բաքվի ՈՒՀԱ ինքնուրույն ակումբ։ Մեկ տարի անց դարձել է նրա առաջատարը, յոթ տարվա ընթացքում եղել Բաքվի հավաքական թիմի ավագը. նրա թիմը 1967 թվականից մինչև 1972 թվականը չի պարտվել ոչ մի մրցույթում, բազմիցս դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1970 թվականին՝ «ՈՒՀԱ չեմպիոնների չեմպիոն» գավաթի դափնեկիր։ Առաջին անգամ ՈՒՀԱ-ում ներմուծել է կազմակերպվածություն. Բաքվի թիմը հանդես է եկել նույն համազգեստով։ «Срыв усов», «Снятие бороды» հնարքների հեղինակն ու կատարողն է, «С меня как с Гусмана вода!» («Ինձնից, ինչպես ջուր Գուսմանից») արտահայտության հեղինակը։
1966 թվականին Յուլի Գուսմանն ավարտել է ինստիտուտը՝ ստանալով բժիշկ-հոգեբույժի մասնագիտություն։
1970 թվականին Յուլի Գուսմանն ավարտել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ազիզ Ալիևի անվան բժիշկների կատարելագործման ինստիտուտին առընթեր ասպիրանտուրան «Հոգեբանություն և հոգեբուժություն» մասնագիտությամբ, գրել ատենախոսություն «Կլինիկա-հոգեբանական համահարաբերակցությունն ուղեղային աթերոսկլերոզի դեպքում» (ռուս.՝ «Клинико-психологические корреляции при церебральном атеросклерозе») թեմայով։
1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ Պետկինոյի սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն դասընթացները, ինչից հետո վերադարձել է Բաքու։ 1973-1988 թվականներին աշխատել է «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում որպես բեմադրող ռեժիսոր։ 1976-1984 թվականներին եղել է Ադրբեջանի պետական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Յարոսլավ Գոլովանովի հետ համահեղինակությամբ գրել է «Շփում» (ռուս.՝ «Контакт», 1976) ֆանտաստիկ նովելը։
1982 թվականին ԱՄՆ-ում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Դոբրինինի առաջարկով և ԽՍՀՄ պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման նախագահ Սերգեյ Լապինի հանձնարարությամբ Ի. Գոլդինի հետ միասին նախապատրաստել և անցկացրել է պատմության մեջ առաջին տիեզերական հեռուստակամուրջը Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև։
1984-1985 թվականներին Յուլի Գուսմանը եղել է Բաքվի երգի թատրոնի գլխավոր ռեժիսոր։
Յուլի Գուսմանը բեմադրել է «Ականջներով գլխարկ» (ռուս.՝ «Шапка с ушами», երաժշտության հեղինակ՝ Էդուարդ Խաղագորտյան[3]), «Վիշապ» (երաժշտությունը՝ Ե. Ադլերի, ըստ Ե. Շվարցի հեքիաթի) և այլ ներկայացումներ։ Իր աշխատանքներում ռեժիսոր Յուլի Գուսմանը հայտնաբերել է հակումը մարդկային հոգու պարադոքսների ուսումնասիրության հանդեպ։ Ա. Դյումայի բեմական ընթերցման մեջ, օրինակ, ձգտել է իր հերոսներին մոտեցնել 1970-ական թվականների պատանի սերնդին, որպեսզի նրանց համար հասկանալի լինեն բարու ձգտումը, ուրիշի ցավը։
1988 թվականին Յուլի Գուսմանը բնակություն է հաստատել Մոսկվայում։
Տևական ժամանակ ընդգրկված է եղել Մոսկվայի կինեմատոգրաֆիստների կենտրոնական տան ղեկավարության կազմում, 1988-2002 թվականներին եղել է նրա տնօրենը։ Նրա մասնակցությամբ սկսվել է «Дом Кино» թերթի հրատարակությունը, ստեղծվել սեփական հեռուստակենտրոն։ Անցկացվել են Ռուսաստանում առաջին քաղաքական երեկոները՝ նվիրված Ալեքսանդր Սոլժենիցինին և Նիկիտա Խրուշչովին, ստեղծագործական երեկոներ Նաում Կորժավինի, Վլադիմիր Վոյնովիչի հետ։ Կինոյի տունը երկար տարիներ մնացել է դեմոկրատական ուժերի յուրատիպ գրասենյակ, մայրաքաղաքի քաղաքական ու մշակութային կենտրոն (Կինեմատոգրաֆիստների կենտրոնական տան տնօրենի պաշտոնը Յուլի Գուսմանն զբաղեցրել է մինչև 2002 թվականի օգոստոս)։
Ռուսաստանի կինեմատոգրաֆիական առաջին ազգային մրցանակի՝ «Նիկա» մրցանակի (ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի նմանօրինակը), գաղափարի ու գեղարվեստական իրականացման հեղինակն է, ինչպես նաև երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար նախատեսված «Կանաչ խնձոր – ոսկե տերև» (ռուս.՝ «Зелёное яблоко — золотой листок») մրցանակի հեղինակը։ Այդ նպատակով ստեղծվել է «Նիկայի» գլխավոր տնօրինությունը, ապա Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիան, որի կազմում ընդգրկվել են երկրի առաջատար դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, նկարիչներ, օպերատորներ, կինոքննադատներ։
1996-2000 թվականներին Յուլի Գուսմանը եղել է «ВИD» հեռուստաընկերության «Թեմա» (ռուս.՝ «Тема») հրապարակախոսական ծրագրի հաղորդավարը ОРТ ալիքով։ 1999 թվականին վարել է «Երեկոն Յուլի Գուսմանի հետ» (ռուս.՝ «Вечер с Юлием Гусманом», ОРТ) ժամանցային հեռուստածրագիրը, բայց շուտով հաղորդումը փակվել է ցածր վարկանիշի պատճառով։
2005 թվականին Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում հատուկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինի համար (այդ ժամանակ լրանում էր նրա ծննդյան 90-ամյակը) Յուլի Գուսմանը բեմադրել է «Մարդը Լամանչիից» ամերիկյան հայտնի մյուզիքլը (Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի մոտիվներով)։
2006 թվականին՝ քսանհինգամյա ընդմիջումից հետո, Յուլի Գուսմանը վերադարձել է կինոաշխարհ՝ նկարահանելով «Խորհրդային շրջանի այգի» ֆանտաստիկ կատակերգությունը։
2007 թվականին «Сити-FM» ռադիոալիքով սկսել է հեռարձակվել «Յուլի Գուսմանի անվան մշակույթի ու հանգստի այգի» (ռուս.՝ «Парк культуры и отдыха им. Юлия Гусмана», հեղինակներ և վարողներ՝ Յուլի Գուսման և Ս. Չայկա)։
2010 թվականին Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում Յուլի Գուսմանը բեմադրել է «Պարեր ուսուցչի հետ» ներկայացումը՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինի 95-ամյակին։
Յուլի Գուսմանը ՈՒՀԱ բարձրագույն լիգայի ժյուրիի մշտական անդամ է։ Հրավիրվել է ՈՒՀԱ պրեմիեր լիգայի եզրափակիչ խաղերին 2005, 2008, 2009, 2011, 2012 և 2013 թվականներին։ Ութ անգամ եղել է ՈՒՀԱ «Голосящий КиВиН» փառատոնի ժյուրիի անդամ (1995, 2006, 2008, 2010, 2011, 2012, 2015, 2016)։
«Эхо Москвы» ռադիոալիքի «Кейс» հաղորդման համահաղորդավարներից է, Ալեքսանդր Մասլյակովի հետ միասին վարում է «Հումորի զգացում» (ռուս.՝ «Чувство юмора») հաղորդումը Առաջին ալիքով։
1993-1995 թվականներին Յուլի Գուսմանը եղել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի I գումարման պատգամավոր, «Ռուսաստանի ընտրությունը» խմբավորման անդամ, 1994 թվականից զբաղեցրել է աշխարհաքաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Եղել է Պետական դումայի պատգամավորական ակումբի ու «Большая шляпа» թենիսի նախագահական ակումբի հիմնադիրներից մեկը[4]։ Ռուսաստանի հրեական վեհաժողով հասարակական խորհրդի հիմնադիրներից է, նրա նախագահության անդամներից մեկն ու նախագահը[5], Համառուսական ադրբեջանական կոնգրեսի կենտրոնական խորհրդի անդամ է[6], Ալեքսեյ Կուդրինի Քաղաքացիական նախաձեռնության հանձնաժողովի անդամ[7][8]։ 2005 թվականին մասնակցել է «Մոսկվացիները հանուն միասնական դեմոկրատական ցուցակի» հասարակական կոմիտեի ստեղծմանը, որն ընտրությունների ժամանակ սատարում էր «Яблоко» և «Աջ ուժերի միություն» կուսակցություններին[9][10][11][12]։
Յուլի Գուսմանը բազմիցս հանդես է եկել ընդդեմ նացիոնալիզմի, այլատյացության, հոմոֆոբիայի[13][14][15][16]։ Բացասական կարծիք է հայտնել «հոմոսեքսուալության պրոպագանդման» օրենսդրական արգելքի վերաբերյալ։ 2012 թվականին, մասնակցելով «Պատմական գործընթաց» (ռուս.՝ Исторический процесс) թոք-շոուին, հագուստին ամրացրել է «գեյ» գրառմամբ թղթի կտոր՝ ի նշան խտրականության ենթարկվող փոքրամասնությունների հետ համերաշխության[17][18][19][20]։ Եղել է արվեստի գործիչների շարքում, որոնք ստորագրել են այն բաց նամակը, որով կոչ էր արվում կալանքից ազատել «Pussy Riot» խմբի մասնակիցներին[21]։
Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Աշխատանք | Դերասան | Նշումներ |
---|---|---|---|---|---|
1976 | Մի գեղեցիկ օր | В один прекрасный день режиссёр | ռեժիսոր | ||
1978 | Ամառանոցային տնակ մեկ ընտանիքի համար | Дачный домик для одной семьи | |||
1981 | Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ | Не бойся, я с тобой | ռեժիսոր, դերասան | էպիզոդ | հեռուստաֆիլմ |
1983 | Սառցակտոր տաք ծովում | Льдина в тёплом море | |||
1984 | Ի՞նչ է «Երալաշը» | Что такое «Ералаш»? | ռեժիսոր, սցենարիստ, դերասան | հեռուստառեժիսոր | տեսաֆիլմ |
1993 | Նաստյա | Настя | դերասան | «Մետրոյի միլիարդերորդ ուղևորը» շոուի հաղորդավար | |
2006 | Խորհրդային շրջանի այգի | Парк советского периода | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան | կամեո | |
2007 | Դուստրեր-մայրեր | Дочки-матери | դերասան | հեռուստասերիալ | |
2013 | Թութակ Club | Попугай Club | հնչյունավորում | Մեծ Ֆեդյա | մուլտֆիլմ |
Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ 1919 | Не бойся, я с тобой! 1919 | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան | շպրեխշտալմեյստեր | ||
2014 | Կովկասի գերուհին | Кавказская пленница! | դերասան | հոգեբուժարանի գլխավոր բժիշկ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլի Գուսման» հոդվածին։ |
|